կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 14:18
Քաղաքական

ՀՀԿ-ն հակված է դրամի արժեզրկման թեմայով քննարկումը փակ ռեժիմով անցկացնել

ՀՀԿ-ն հակված է դրամի արժեզրկման թեմայով քննարկումը փակ ռեժիմով անցկացնել

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ այսօրվա արտահերթ նիստին, որը վերաբերելու է տնտեսական իրավիճակին, դոլարի ու դրամի փոխարժեքին: Նա նշեց, որ այդ արտահերթը լինելու է փակ:

 

«Եթե մեր խնդիրն այն լուծելն է, և յուրաքանչյուր մարդու պետք է մտահոգի այս իրավիճակը, ես առաջարկել եմ, որ առավել արդյունավետ միջոց կլինի փակ քննարկումը: Ես գտնում եմ, որ խնդիրը պետք է քննարկվի, բայց ֆորմատը պետք է լինի փակ ռեժիմ»,-ասաց նա:

 

Շարմազանովը չբացառեց, որ հենց այսօր կլինի այդ քննարկումը, որից հետո քաղաքական ուժերը կարող են իրենց դիրքորոշումները հայտնել: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ սա այն հարցն է, որի կապակցությամբ զգացմունքային քննարկում չպիտի լինի, այլ խոր տնտեսական քննարկում: «Եթե մենք պետք է նստենք ու իրար մեղադրենք, զգացմունքային հայտարարություններ անենք, մեր խնդիը դա չէ»,- ասաց նա:

 

Հարցին, թե փակ քննարկումն ինչպե՞ս է ցրելու խուճապը, եթե հասարակությունը չի լսելու, թե ինչ են որոշում օրենսդիր մարմնում, Շարմազանովը պատասխանեց. «Փակ քննարկումը նրա համար է, որ առանց խուճապային տրամադրությունների նստենք ու մանրամասն իրավիճակը քննարկենք»:

 

Այն հարցին, թե ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ամեն հարցի չէ, որ նախագահը պետք է արձագանքի: