կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 18:41
Քաղաքական

Դրամի արժեզրկման հարցով կառավարությունը հնարավոր է վաղը հանդես գա հայտարարությամբ

Դրամի արժեզրկման հարցով կառավարությունը հնարավոր է վաղը հանդես գա հայտարարությամբ

Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով դրամի արժեզրկման, գնաճի և հասարակության շրջանում տիրող խուճապային տրամադրությունների մասին, նշեց, որ իր համար դժվար է դրա մասին մասնագիտական մեկնաբանություն տալ, քանի որ ինքը դրա մասնագետը չէ:

 

«Այսօր կառավարությունում այդ հարցով քննարկումներ են լինելու: Չեմ բացառում, որ կառավարությունը վաղը հանդես կգա հայտարարությամբ: Իսկապես կան խուճապային տրամադրություններ, և պետք են լուծումներ, որոնց մասին մենք շուտով կխոսենք»,- ասաց նա` հավելելով, որ խուճապը միշտ չէ, որ հիմքեր ունի, և այսօրվա խուճապը հնարավոր է, որ նույնպես հիմքեր չունենա:

 

Yerkir.am-ի հարցին, թե կառավարությունը կմասնակցի՞ ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած արտահերթ նիստին, որը դրամի արժեզրկման ու գնաճի վերաբերյալ է լինելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` քննարկումները պետք է լինեն փակ, լուծումները` բաց»:

 

Նա նշեց, որ այս պահին ամենագլխավոր խնդիրն ազգային արժույթի կայունացումն է, որից հետո կարող են անցնել մնացած խնդիրների լուծմանը: Հարությունյանը դժվարացավ ասել` արդյո՞ք արտահերթ նիստի կարիք կա, որովհետև, ըստ նրա, Ազգային ժողովը ուղիներ որոնելու և լուծումներ տալու մասնագիտական մարմին չէ:

 

«Կառավարությունում, իսկապես, մտահոգված են այդ հարցով»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը: