կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 20:27
Տնտեսական

ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը ստիպված կլինի նոր բանակցություններ վարել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ

ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը ստիպված կլինի նոր բանակցություններ վարել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ

Այսօր ԱԺ նիստի վերջում սկսվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: Նշենք, որ այսօր` կեսօրին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել խորհրդարանի շենքի առջեւ՝ ընդդեմ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության:


ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց ֆինանսների փոխնախարարին, թե  ԵՄ անդամ երկրների, և, ընդհանրապես, ոչ ԵՏՄ անդամ երկրների հետ, բացի Իրանից ու Վրաստանից, Հայաստանի կնքած ու վավերացրած քանի՞ պայմանագրեր են հակասության մեջ գտնվում ԵՏՄ պայմանագրի հետ, և որո՞նք են այդ հակասությունները: Պատգամավորը հարցրեց նաև, թե քանի՞ պայմանագրի գործողություն է դադարեցվելու ԵՏՄ-ին միանալու արդյունքում, կարող՞ է դա հանգեցնել քաղաքական հարաբերությունների խզման:


Սուրեն Կարայանը նշեց, որ ներկայումս Հայաստանի կողմից կնքված ու ԵՏՄ պայմանագրին  հակասող միակ պայմանագիրը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի միանալու մասին համաձայնագիրն է, որի համաձայն` ՀՀ-ն ստանձնել է որոշակի պարտավորություններ: Մասնավորապես՝ միանալով ԵՏՄ-ին` Հայաստանը պարտավորվում է ընդունել ԵՏՄ միացյալ մաքսատուրքերի դրույքաչափը, ինչը նշանակում է, որ որոշ դեպքերում Հայաստան ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերի դրույքաչափը կլինի ավելի բարձր, քան Հայաստանը  պարտավորություն ուներ` Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած:


Սուրեն Կարայանը նշեց, որ այդ հարցի կանոնակարգումը նշված է ԵՏՄ պայմանագրում, ըստ որի` Հայաստանը ԵՏՄ անդամ երկրների հետ համատեղ կիրականացնի նոր բանակցություններ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, և այն բոլոր պատժամիջոցների համար, որոնք կկիրառվեն պարտավորությունները խախտելու դեպքում,  պատասխանատվություն կկրի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՏՄ անդամ պետությունները:


Սուրեն Կարայանը, պատասխանելով Թևան Պողոսյանի հարցին, նշեց, որ  Հայաստանի կողմից արդեն կնքված ոչ մի պայմանագիր չի կասեցվելու ԵՏՄ պայմանագրին միանալուց հետո: