կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 18:05
Իրավական

Երկու ընտանիք փողոցում կմնա. պնդում են, որ պատճառը կառավարության աշխատակիցն է

Երկու ընտանիք փողոցում կմնա. պնդում են, որ պատճառը կառավարության աշխատակիցն է

«Մեր դուռը ծեծում են ԴԱՀԿ ծառայության 4-5 աշխատակից, բացում եմ, հարցնում են, թե ո՞ւր է Սվետլանա Ներսիսյանը, պիտի վտարենք տնից: Ասում եմ` մայրս մահացել է, դուք չգիտե՞ք: Եկել էին` մահացած մորս վտարելու, բայց այդ գործով վերաքննիչ դատարան բողոք կար տարված»,- Yerkir.am-ին պատմեց Սիրանույշ Չփլախյանը, որի խոսքով` այսօր իր և քրոջ ընտանիքները փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնել 3 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու հետևանքով:

 

Այս տարվա մայիսի 1-ին նրանք դատարանի վճռով պարտավորված են եղել լքել իրենց տունը: Թեև այդ վճռի դեմ բողոք են ուղարկել վերադաս ատյան, անհասկանալի է, թե ինչպե՞ս է առաջին ատյանի դատարանից կատարողական թերթիկ դուրս եկել, և ի՞նչ հիմքով են ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները մայիսի 11-ին այցելել Չփլախյաններին:

 

Սիրանույշ Չփլախյանը պատմում է, որ 2011 թվականին Գևորգ անունով մի բրոկերի  միջոցով ծանոթացել է կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, որից ամսական 5 տոկոսով 25 հազար դոլար է վերցրել` 3 ամսում մարելու պայմանով: Սակայն չեն կարողացել պայմանավորված ժամկետում գումարը վերադարձնել և մինչև 2012-ի մարտ ամիսը ամսական 1250 դոլար տոկոսագումար են վճարել: Կնոջ խոսքով` այս ամբողջ ընթացքում վերցրած մայր գումարից ավելի շատ տոկոսագումար է վճարել Նունե Պլուզյանին:

 

Սիրանույշն ասաց, որ տունը` հողամասով, 285 քմ է, և դրա համասեփականատերեր են եղել ինքն ու մայրը` Սվետլանա Ներսիսյանը: Տունը երկու մասի է բաժանված, մի մասում ինքն է ընտանիքով ապրում, մյուսում` քույրը: Ամեն ինչ առանձին է, բացի մուտքի դռնից: 25 հազար դոլար վերցնելու պայմանավորվածությունից հետո Նունեն ու Գևորգը ևս երկու հոգու հետ գնացել են Սիրանույշենց տուն` ստուգելու համար, թե արդյո՞ք երաշխիք կա` այդքան մեծ գումար տալու համար:

 

 «Իրենք նայել են միայն էն հատվածը, որտեղ ես եմ ապրում: Ինձ թվում էր, որ գրավի պայմանագիր պիտի ձևակերպվի, բայց էնպես կազմակերպեցին, որ առուվաճառք գրանցվեց: Բայց էդ 25 հազարը իմ տան արժեքի 1/3-ն է միայն: Հետո գնացինք Մասիվի նոտար Օսանի մոտ, հերթ կար, բայց ինձ ու մամայիս առանց հերթի մտցրին, մի տղա էին բերել, արագ-արագ իր անունով ձևակերպեցին: Հետո Նունեն ինձ ասաց` ինձ ձեր տունը պետք չի, սա ուղղակի ձևական կողմն ա`  ապահովության համար»,- պատմում է Սիրանույշ Չփլախյանը:

 

Գույք գնողը եղել է Հրայր Բաբայանը, ով Նունե Պլուզյանի մորաքրոջ որդին է: Սիրանույշը պնդում է, որ իր բնակարանի «գնորդ» Հրայրին միայն մեկ անգամ է տեսել, այն էլ` նոտարի մոտ: Ու զարմանում է, թե այդ ի՞նչ տուն առնող էր, որ նույնիսկ չի ցանկացել տեսնել տունը, որի համար վճարել է:

 

2013 թվականի մարտի 13-ին Հրայր Բաբայանը քաղհայցով դիմում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սիրանույշ Չփլախյանին և Սվետլանա Ներսիսյանին վտարել իրեն պատկանող տնից: Սիրանույշն ու մայրը օգոստոսի 16-ին դատարանին դիմում են հակընդդեմ հայցով` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

 

Սեպտեմբեր ամսին մահանում է Սիրանույշի մայրը` տան համասեփականատեր Սվետլանա Ներսիսյանը: Սիրանույշը պնդում է, որ առաջին ատյանի դատարանը պետք է գործը կասեցներ 6 ամսով` հնարավորություն տար Սվետլանա Ներսիսյանի իրավահաջորդության հարցը լուծել, սակայն այդպես չի արվել:

 

Նոյեմբերի 8-ին կողմերը դատարանին են ներկայացնում հաշտության համաձայնագիր, որն էլ դատարանը հաստատում է և այդ հիմքով էլ գործը կարճում: Համաձայն հաշտության համաձայնագրի` մինչև 2014 թվականի մայիսի 1-ը Հրայր Բաբայանը պարտավորվում է վաճառել Գաջեգործների 2-րդ փողոցի 5-րդ տունը 40 հազար դոլարով, իսկ Սիրանույշ Չփլախյանն էլ գնել այն և մայիսի 1-ից հետո ազատել վերոհիշյալ տունը:

 

«Ինձ ասացին` արի, հաշտություն կնքի, ու ասում էին, թե` տենց հետ ես ուզում քո տունը, հետ ենք տալիս, մեզ նավսոտ տուն պետք չի: Մամայիս մահից հետո ես ծանր հոգեկան ապրումների մեջ էի: Մյուս կողմից էլ համաձայնեցի, որ գոնե քրոջս մասը փրկվեր»,- պատմեց Սիրանույշը` հավելելով, որ հաշտության գալուց հետո այդ 40 հազարը վճարելու համար փորձել է տան իր մասնաբաժինը վաճառել, սակայն Նունեն չի համաձայնել: Մի քանի օրում թռուցիկներ են բաժանել, գնորդներ են եկել, մեկը նույնիսկ ցանկացել է միայն Սիրանույշի մասը գնել 40 հազար դոլարով, սակայն քանի որ Նունեն թույլ չի տվել այդ մասի մուտքն առանձնացել, գործարքն այդպես էլ չի եղել:

 

Այս տարվա ապրիլ ամսին վերաքննիչ դատարան բողոք է տարել Սիրանույշի քույրը` Օֆելյա Չփլախյանը: Նա նշել է, որ առաջին ատյանի դատարանը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, պետք է կասեցներ գործը` հաշվի առնելով այն, որ նշյալ գործով հակընդդեմ հայցն ուղղված էր Սվետլանա Ներսիսյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ շինծու գործարքի կնքման արդյունքում նրա խախտված սեփականության իրավունքի վերականգնմանը, և այս դեպքում պետք է կատարվեր իրավահաջորդությունը, ինչը չի արվել: Եվ սրա հետևանքով Օֆելյա Չփլախյանը զրկվել է իր մոր փոխարեն որպես հակընդդեմ հայցվոր գործում ներգրավվելու հնարավորությունից: Օֆելյան խնդրել է առաջին ատյանի վճիռը բեկանել և ուղարկել նոր քննության:

 

Թեև վերաքննիչ դատարանը գտել է, որ այս գործով ծագած վիճելի հարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, սակայն նշել է նաև, որ բողոք բերող անձ Օֆելյա Չփլախյանը չի ներկայացրել բավարար ապացույցներ, որ ինքը Սվետլանա Ներսիսյանի իրավահաջորդն է և որ օրենքով սահմանված կարգով ընդունել է Ս. Ներսիսյանի ժառանգությունը: Եվ այս հիմքով վերաքննիչ դատարանը, դատավոր Նախշուն Տավարացյանի նախագահությամբ, մերժել է բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի վճիռը: Իսկ Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել վերաքննիչի որոշման դեմ տարված բողոքը:

 

Սիրանույշ և Օֆելյա Չփլախյանները կառավարության շենքի մոտ բազմիցս բողոքի են դուրս եկել`, պահանջելով վարչապետի հետ հանդիպում, սակայն այդպես էլ ոչնչի չեն հասել: Սիրանույշը պնդում է, որ հենց վարչապետի ենթակա Նունե Պլուզյանի վաշխառու գործունեության հետևանքով է իր ընտանիքն անտուն մնացել:

 

Հակառակ կողմի պնդումները` տունն իսկապես գնվել է

 

Երկրորդ կողմին լսելու նպատակով Yerkir.am-ը կապվեց Նունե Պլուզյանի հետ: Նա ասաց, թե ինքը կապ չունի այս գործի հետ և բոլոր լրատվամիջոցներին, ովքեր կզրպարտեն իրեն, դատի է տալու: Այնուհետև խոստացավ, որ ավելի ուշ կզանգի` հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Մեզ հետ կապ հաստատեց նրա մորաքրոջ որդու` Հրայր Բաբայանի շահերը դատարանում ներկայացրած փաստաբան Լիանա Գրիգորյանը:

 

Փաստաբանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրականում հենց կատարվել է առուվաճառքի գործարք, Հրայր Բաբայանը գնել է տունը և բարի կամք է դրսևորել Չփլախյանների նկատմամբ` թույլ տալով նրանց իր տանն ապրել արդեն 3 տարի: Իր վստահորդը նույնիսկ հնարավորություն է ունեցել գազը, ջուրը, լույսը անջատելու, որպեսզի նրանք ստիպված հեռանան այդ տնից, սակայն չի արել:

 

Լիանա Գրիգորյանը պատմեց, որ Սվետլանա Ներսիսյանը և Սիրանույշ Չփլախյանը 2013-ի ապրիլին ոստիկանություն հայտարարություն են տվել Նունե Պլուզյան կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ: Սակայն ոստիկանության Էրեբունու բաժնի ավագ հետաքննիչ Վ. Վարդանյանը մերժել է քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության հիմքով: «Բավականին մանրամասն  է կատարվել  հետաքննությունը, որովհետև Նունեն կառավարության աշխատող է, ու մտածում էին, որ եթե հիմքեր լինեին, ապա պիտի ուղարկվեր Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց փաստաբանը:

 

Սակայն հետաքննիչի այս որոշման մեջ հետաքրքիր մի պարբերության ենք հանդիպում. «Հ. Բաբայանը նշել է, որ նշված հասցեի տան համար վճարել է 50 000 ԱՄՆ դոլար գումար, սական Ս. Չփլախյանի և Ս. Ներսիսյանի պահանջով առուվաճառքի պայմանագրում նշվել է 10 միլիոն դրամ»: Նշվածը Սիրանույշ Չփլախյանը հերքեց. «Ինչի՞ պիտի նման բան պահանջեինք, դրանից հարկեր չեն պահվում և խնդիր չկար ստացված գումարը թաքցնելու վերաբերյալ: Ոչ մի տրամաբանություն չկա»: Իսկ փաստաբան Լիանա Գրիգորյանը շեշտում է, որ հետաքննիչի այս որոշումը Չփլախյանի և նրա մոր կողմից երբևէ չի բողոքարկվել:

 

Փաստաբանը նշեց նաև, որ առաջին ատյանի դատարանում հաշտության գալու համաձայնագիրը կազմվել է հենց Չփլախյանի փաստաբան Հակոբ Սաֆարյանի կողմից: Եվ որ կարևոր է` այդ համաձայնագիրը դատարանի ներկայությամբ ստորագրվել է ոչ թե կողմերի փաստաբանների, այլ հենց Սիրանույշ Չփլախյանի և Հրայր Բաբայանի միջև:

 

 

Լիանա Գրիգորյանի խոսքով` հաշտության գալը բխել է նաև Չփլախյանների շահերից, քանի որ նույնիսկ եթե դիտարկենք, որ նրանք ճիշտ են ասում և գումարը պարտքով են վերցրել, ապա նույն գույքը կարող էին կորցնել` համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի (պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար) համաձայն, քանի որ 2011 թվականից մինչև օրս նշված մայր գումարի վրա`  օրենքով սահմանված տոկոսներից կուտակված գումարը ահռելի թիվ կարող է լինել: «Էս ամբողջ ընթացքում մեր կողմից որևէ տգեղ քայլ չի եղել»,- ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը:

 

Իսկ ներկայումս Չփլախյանները սպասում են ՀՀ վարչապետին ուղղված հեռագրի պատասխանին: Հուսով են, որ նրա միջամտությամբ փողոց չեն նետվի: