Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ ներողություն խնդրելու օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարանին: Օրինագծի հաստատման դեպքում Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունն ու ապրիլի 24-ը նշվելու է որպես սգո օր, ինչպես նաև տրվելու է նյութական և բարոյական փոխհատուցում:
Yerkir.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ քրդական կուսակցությունը խորհրդարան մտնելուց անմիջապես հետո ուղղակի և անուղղակի կերպով Ցեղասպանության թեման բերեց թուրքական խորհրդարանական օրակարգ: Սկզբում, ըստ նրա, «կոտորած» տերմինն էր օգտագործվում, ակնարկներ էին արվում, իսկ հետո նրանց հռետորությունը փոխվեց:
«Քրդական կուսակցության համար սա ոչ միայն այն խնդիրն է, որ Թուրքիան պետք է ընդունի համամարդկային չարիքը, այլ նրանց գաղափարախոսության անհրաժեշտությունից է սա բխում, քանի որ նրանք պայքարում են մարդու իրավունքների համար, ինչպես նաև ընդդեմ ժողովուրդների և հենց քուրդ ժողովրդի հալածանքների: Ուստի սա նրանց համար քննության պես մի բան էր` կոնկրետ քաղաքական գնահատական տալ քրդերից առաջ հայերի նկատմամբ կիրառված հալածանքներին և դրա գագաթնակետին` Ցեղասպանությանը»,- ասաց Մելքոնյանը:
Ըստ նրա` քրդական այս ուժի քայլերն ունեն երկու հիմք` բխում է նրանց քաղաքական շահերից և գաղափարախոսությունից եւ ունի նաև անկեղծության որոշակի տոկոս:
Մելքոնյանի կարծիքով` այս հայտարարության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ ուղղակի հայտարարություններից և քննադատություններից ավելի մի քայլ է արվել` խոսվել է փոխհատուցման մասին, ինչը, անշուշտ, ողջունելի քայլ է:
Ինչ վերաբերում է քայլի հաջողությանը, ապա, թուրքագետի կարծիքով, այն կարող է ունենալ միայն քարոզչական հաջողություն, քանի որ հայտարարությունը քաղաքական քննարկումներում, մամուլում իր տեղը կգտնի:
«Բայց միանշանակ է, որ թուրքական խորհրդարանում, որտեղ քրդերը կազմում են աննշան փոքրամասնություն, և որտեղ գերիշխում են ազգայնամոլական տրամադրություններ, պետք չէ սպասել, որ այն որոշակի հաջողություն կունենա: Թուրքիայի խորհրդարանում երեք տիպի ազգայնամոլներ կան` իսլամական, որը ներկայացնում է Էրդողանի կուսակցությունը, քեմալական, որը ներկայացնում է ընդդիմադիր մի կուսակցություն, և ծայրահեղ ազգայնամոլական` «Գորշ գայլերի» քաղաքական թևը: Այս ամենը հաշվի առնելով` պետք է ենթադրել, որ քննարկումները, եթե անգամ բանը դրան հասնի, կունենան ծայրահեղ ազգայնամոլական բնույթ, հայտարարությունը, բնականաբար, կքննադատվի, իսկ օրինագիծը բացառվում է, որ քաղաքական հաջողություն կունենա, այսինքն` քվեարկությամբ անհրաժեշտ ձայներ ստանա»,- ասաց Մելքոնյանը:
Ըստ նրա` քրդերը սրանով ևս մի քայլ են անում` իրենց կողմը գրավելու համար Թուրքիայում գտնվող ազգային փոքրամասնություններին` դառնալով տեղի ճնշված ժողովուրդների շահերի պաշտպանի դրոշակակիր:
Հարցին, թե օրինագծում պատգամավորը հիշատակել է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի և Չորումի քրդական կոտորածները, հնարավո՞ր է, որ, Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելով, նա ցանկանում է նաև քրդական կոտորածների հարցն առաջ քաշել, Մելքոնյանը պատասխանեց, որ դժվար թե, քանի որ նրանք Դերսիմի հարցը, այսպես, թե այնպես, տարբեր հարթակներից բարձրացրել են:
«Այստեղ մի վտանգավոր կետ կա` չպետք է Հայոց ցեղասպանությունը զուգահեռվի այլ ողբերգությունների հետ, դրանով մերժվում և թուլացվում է Ցեղասպանության բացառիկությունը: Իհարկե, բոլոր ողբերգություններն էլ հավասարապես քննադատելի են, սակայն կա հարցի կոնկրետ իրավական և նեղ մասնագիտական կողմը` Հայոց ցեղասպանությունը բացառիկ է` իր ծավալներով և այն փաստով, որ այն ուղեկցվել է հայրենազրկմամբ` ոչ միայն մարդկանց են կոտորել, այլև մի ամբողջ ժողովրդի զրկել են իր պատմական հայրենիքի մեծագույն մասից: Ուստի, չեմ կարծում, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով ճիշտ է այն համեմատելը մյուս ողբերգությունների հետ»,- ասաց թուրքագետը` ընդգծելով, որ, այնուամենայնիվ, քուրդ պատգամավորի արած քայլի դրական կողմերն ավելի շատ են և ողջունելի: