Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե 5 տարի առաջ բանակում մոնիտորինգներ անցկացնելու մասին նույնիսկ դժվար էր խոսել, ապա այժմ դրանք անարգել իրականացվում են: Պաշտպանության նախարարությունն ավելի թափանցիկ է աշխատում, ավելի մեծ ուշադրություն կա զինակոչին, սակայն հենց զինակոչի ընթացքում մարդու իրավունքների խախտումները շարունակվում են: Այս մասին լրագրողներին ասաց Հելսինկյան քաղաքացիական անսամբելայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով` հենց զինակոչի ընթացքում խախտված իրավունքները հետագայում վերականգնելու հնարավորություն տրված չէ: Մասնավորապես` եթե զինակոչիկը համաձայն չէ հանձնաժողովի կողմից բժշկական ախտորոշման հետ, ապա չի կարող բողոքարկել այն, պահանջել կրկնակի բուժզննություն և այլն: «Եվ այս դեպքում ավելորդ է խոսել իրավական արդյունավետ պաշտպանության մասին»,- նշեց Սաքունցը:
Ըստ նրա` պատահում են դեպքեր, որ արդեն իսկ զինակոչվածների ծնողներն էլ չեն բողոքում բուժզննման արդյունքում տրված սխալ ախտորոշման դեմ` ունենալով մտահոգություն, թե դրա պատճառով ծառայող որդուն ճնշումների կենթարկեն: Մյուս կողմից, ըստ բանախոսի, կարևոր է, որ զորակոչիկը մինչ ծառայության ուղարկվելը համալիր բուժզննության ենթարկվի, այլ ոչ թե հետազոտվի` ըստ իր ունեցած գանգատի: Եվ հենց համալիր բուժզննության արդյունքում տրվի եզրակացություն, թե արդյո՞ք անձը կարող է ծառայել, թե՞ ոչ:
Ա. Սաքունցը կարևորեց նաև մի հանգամանք` զորակոչը կարգավորող փաստաթուղթը պաշտպանության նախարարի հրամանն է, այնինչ` նման դեպքերում, երբ սահմանափակվում են անձի իրավունքները, դա պետք է կարգավորվի ավելի բարձր իրավական փաստաթղթով` օրենքով, այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտով, ինչպիսին պաշտպանության նախարարի հրամանն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն էլ հայտնեց, որ վերջին երկու զորակոչերի ընթացքում իրենց դիմել է 26 հոգի, որոնցից 23-ի խնդիրը վերաբերել է բժշկական ախտորոշման հետ համաձայն չլինելուն: 11-ի դեպքում խնդիրը լուծվել է զուտ բանավոր խորհրդատվության միջոցով, իսկ 15-ի դեպքում իրավաբանական աջակցություն են ցուցաբերել: Եվ դրա արդյունքում 1 մարդ ազատվել է զինծառայությունից, 7-ը` տարկետում ստացել:
Իսկ հանդիպմանը ներկա բժիշկ-փորձագետ Վարդան Համբարձումյանը բերեց օրինակներ, թե ինչ հիվանդությունների դեպքում են խախտումներ եղել: Նա նշեց նաև, որ մինչ օրս չկարգավորված է մնում նաև հոմոսեքսուալ զորակոչիկների հարցը: Եթե զորակոչիկը հայտնում է իր` հոմոսեքսուալ լինելու մասին, ապա նրան ազատում են զինծառայությունից` որպես հիմնավորում նշելով, թե ունի սեռական կամ հոգեկան հիվանդություն, այնինչ, փորձագետի խոսքով, հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ: