կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-24 13:33
Տնտեսական

Ո՞ր ապրանքները կթանկանան ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից հետո

Ո՞ր ապրանքները կթանկանան ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից հետո
ԱԺ-ում լսումների ժամանակ, որը հրավիրված էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ներկայացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակով ստեղծված 22 աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները:

 

Նա նշեց, որ գործելու է միասնական մաքսատուրք երրորդ երկրներից ներմուծված ապրանքների նկատմամբ, եւ դրա համար սահմանվել է ապրանքների ցանկ, որը ներառում է սպառողական զամբյուղում ընդգրկված առավել կարևոր ապրանքները, էներգակիրները, դեղորայքը, արդյունաբերական ապրանքները:

 

Էմիլ Տարասյանը նշեց, որ 750 ապրանքների մասով սահմանվել են մաքսատուրքերի անցումային փոփոխություններ: Զրո տոկոս դրույքաչափ կգործի ՀՀ-ում արտադրված ապրանքների համար, և մինչեւ 2015թ. հունվարի 1-ը կնքված պայմանագրերով ներմուծվող ապրանքների համար, ատոմակայանի վերազինման համար ներմուծվող էներգակիրների համար, մշակութային ու գիտական ապրանքների ներմուծման դեպքում կգործի ավելի քիչ մաքսադրույք, իսկ գյուղատնտեսական ապրանքների համար կլինի ավելի ցածր դրույքաչափ, քան իրականում կար: Մաքսադրույքների անցումային փոփոխությունները կտատանվեն 2-8 տարվա սահմաններում:

 

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց փոխնախարարին: Նախ նշեց, որ չի ուզում քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հակասահմանադրականության հարցը, սակայն խնդրեց ասել, թե բովանդակային առումով ի՞նչ է տալու պայմանագիրը Հայաստանին, և ինչի՞ց է զրկվելու Հայաստանը այդ պայմանագրով, ո՞ր ապրանքներն են թանկանալու ,և ի՞նչ կանխատեսումներ  կան:

 

Էմիլ Տարասյանը նշեց, որ 750 ապրանքների մաքսատուրքերը կպահպանվեն հինգ տարի ժամկետով, թեև կան փոքրաթիվ ապրանքներ, որոնց մաքսատուրքրեը գործելու են հինգ տարուց պակաս ժամկետով:

 

«Հինգ տարի կամ ութ տարի հետո, միանշանակ, այդ ապրանքները կթանկանան, սակայն Հայաստանը բանակցություններ է վարում Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, նաև որոշակի մաքսատուրքեր կնվազեն հենց ԵՏՄ-ի ներսում, ուստի վերլուծություններ անել, թե ո՞ր ապրանքները կթանկանան, առայժմ վաղ է: Հիմնականում փորձել ենք նվազեցնել  ռիսկերը մեր տնտեսվարողների համար»,- ասաց փոխնախարարը: