Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Հանրային խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանն ամեն ինչ կարող է անել. «Ստյոպա Սաֆարյանն արդեն ապացուցել է իր փոփոխական լինելը, ես իրեն ուրիշ կերպ եմ ճանաչել, միշտ տածել եմ հարգանք՝ Ստյոպա Սաֆարյան պատգամավորի նկատմամբ, հետո փոխվեց, մեկ էլ տեսար՝ նորից փոխվի: Լրագրողների հանդեպ նրա վերաբերմունքն ինձ վրդովվեցրել է»:
«Վազգեն Մանուկյանը հասարակության կամ իշխանությունների համար անհայտ անձ չէր, երբ նրան նշանակել են: Նա երբևիցե չի փոխել իր կեցվածքը, այնպես որ՝ ինչ-որ մի բան փոխվել է իշխանության դիրքորոշման մեջ: Այնինչ պետք է ցույց տային, որ Վազգեն Մանուկյանը, որն աշխատել է նախորդ իշխանությունների հետ, ահա՝ նոր իշխանությունները պատրաստ են աշխատել այդ կայացած քաղաքական գործչի հետ: Հիմա երևի դրա կարիքն էլ չկա, ուղղակի ասում են, որ յուրայինները պետք է լինեն: Ընդ որում, հիշեցնեմ, որ զուգահեռ ստեղծվում է Հանրային խորհրդի կրկնօրինակը, որը պետք է բաղկացած լինի միայն հեղափոխականներից: Մենք 21-րդ դարում ենք, ես չէի ուզենա, որ կրկնենք 20-րդ դարի մեծ սոցիալիստական հեղափոխության ճանապարհը»,- ասաց նա:
Հանրային խորհրդի անդամը շեշտեց՝ նախկին իշխանությունների ժամանակ ՀԽ-ում եղել են մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը ծավալել են՝ հակառակվելով իշխանությունների դիրքորոշմանը. «Ես գտնում էի, որ իմ տեղը չէ, հին իշխանությունների ժամանակ մերժել եմ, չեմ եղել ՀԽ-ում: Մեր հասարակական կազմակերպությունն անցած տարի որոշեց, որ ինչ-որ բան փոխվել է, և մենք էլ մտնենք այդ հանձնաժողովը, որը զբաղվում է քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների հարցերով: Այդտեղ ես բավականին ծանր մրցակցության մեջ ընտրվել եմ հանձնաժողովի նախագահ: Այս մեկ տարվա ընթացքում որոշ բաներ կային, որոնք ինձ վրդովվեցրել են: Խոսքը Վազգեն Մանուկյանի արտահայտած պարզ, շիտակ կարծիքի մասին է, որը հիմք դարձավ, որ վարչապետը խռովի նրանից: Վարչապետը չէր պատասխանում նրա զանգերին, աշխատանքային ռեժիմ չեն մտել: Վազգեն Մանուկյանը զուտ անձ չէր, այլ Հանրային խորհրդի նախագահն էր: Իշխանության հմտությունը երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ինքն աշխատում է ամբողջովին յուրայինների հետ, այլ այն իշխանությունն է հմուտ, որը կարողանում է աշխատել նաև իրեն ամբողջովին կոնստրուկտիվ, հրապարակային քննադատողների հետ»:
Նշանակվելուց հետո Հանրային հեռուստաընկերության եթերում Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է. «Ես ճանաչում եմ ՀՀ բոլոր սուբյեկտների, քաղաքացիների, քաղաքական միավորների օրինական շահերը, ես խնդիր չունեմ այդ շահերի հետ, ես խնդիր ունեմ և կարող եմ ունենալ միայն հանցագործության մեջ մեղադրվող անհատների հետ: Եթե ՀՀԿ-ն իրեն նույնացնում է այդ նույն անձանց հետ, որոնք մեղադրվում են մանուկներ վաճառելու, սահմանադրական կարգը տապալելու, սահմանադրական իրավունքները խախտելու մեջ, ապա ներեցեք, դա ՀՀԿ իրավունքն է, և այդտեղ, ցավում եմ, որ չեմ կարող ներկայացնել հանցագործների հետ իրեն ներկայացնող կուսակցության շահերը, լինի դա ՀՀԿ թե որևէ այլ ուժ»: Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ Հանրային խորհրդի նախագահն ի պաշտոնե կարո՞ղ է նման հայտարարություն անել: Եթե, օրինակ՝ մարդը մեղադրվում է որևէ հանցագործության մեջ, նա պետք է օտարվի՞ հասարակությունից, հատկապես, եթե դատարանի վերջնական վճիռ դեռ չկա էլ:
«Ստյոպա Սաֆարյանն իրավաբան չէ, քույրն է իրավաբան, և պետք էր խորհրդակցել: Դու դառնաս դատավոր և դու հրապարակես քո վճիռը, որ իրենք հանցագործ են… Ես կցանկանայի, որ՝ արդեն լինելով ՀԽ նախագահ, Ստյոպա Սաֆարյանը վերին աստիճանի կոռեկտություն պահպանի: Այն, ինչ իրեն թույլ է տվել՝ որպես ուղղակի հասարակական կազմակերպության ղեկավար, անգամ՝ որպես ՀԽ անդամ, մերժված պետք է լինի այն անձի կողմից, որն արդեն նախագահ է նշանակվել: Հանրային խորհրդի նախագահը պետք է 10 անգամ չափի՝ մեկ անգամ կտրի: Անկախ իրենից՝ այդ արտահայտությունն իրեն դարձնում է խորթ բոլոր այն կազմակերպությունների, խմբերի համար, որոնք կասեն, որ չի կարելի անմեղության կանխավարկածը մերժել»,- ի պատասխան՝ ասաց նա:
Լ. Ալավերդյանը նշեց, որ Հայաստանում որևէ բան չի քաղաքականացվում, այլ հարմարեցվում է իշխող խմբին. «Հանրային խորհուրդն էլ կարող է հարմարեցվել այդ խմբի նպատակներին՝ առանց հասկանալու, թե որն է գաղափարախոսությունը»:
Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հրաժարվելու է ՀԽ անդամակցությունից՝ միաժամանակ նկատելով. «Դա բացարձակապես կապ չունի Ստյոպա Սաֆարյանի հետ»: