կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 13:20
Իրավական

ՍԴ-ն քննեց ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի սահմանադրականությունը. որոշումը` առաջիկա ժամերին

ՍԴ-ն քննեց ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի սահմանադրականությունը. որոշումը` առաջիկա ժամերին

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

 

Ներկայումս դատարանը, նախագահությամբ Գագիկ Հարությունյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ: Առաջիկա ժամերի ընթացքում գործով ընդունված որոշումը կհրապարակվի:

 

Առավոտյան` ՍԴ նիստը սկսվելու պահին, մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին ՍԴ շենքի մոտ` իրենց բողոքն արտահայտելու այս տարվա  հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միանալու դեմ:

 

Դատարանի մոտ հավաքվածների թվում էր նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Ես այստեղ եմ` որպես քաղաքացի, ով կարծում է, որ ներկա պահին ՍԴ-ում տեղի է ունենում իշխանության բռնազավթում և այդ իշխանությունը տրվում է օտար պետության, ինչը նույնքան պատժելի է, որքան իշխանության զավթումները երկրի ներսում»:

 

Ակտիվիստ Դանիել Իոննիսյանն էլ նշեց, որ այս պայմանագիրն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենահակասահմանադրական պայմանագիրն է, սակայն, նրա կարծիքով, այս դեպքում, ինչպեսև մյուս միջազգային պայամանագրերի դեպքում, շրջանցելու են փաստաթղթում առկա հակասահմանադրական դրույթները և քննարկելու են ՀՀ-ի շահերից բխող դրույթները: