Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռը ոչնչացնելու` Ադրբեջանի աննախադեպ լկտի սադրանքից հետո ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարեց, թե պատասխանը չի ուշանալու և լինելու է անսպասելի, չափազանց ցավագին:
Ոչ ոք չի կասկածում նման հարված հասցնելու` ԼՂՀ Պաշտպանության բանակի կարողությանը: Այն արդեն ապացուցվել է այս տարվա օգոստոսին: Բայց, զուտ մարտավարական առումով, որքանո՞վ է նպատակահարմար նման հայտարարություն անելը, եթե իսկապես նման հարված հասցնելու ինչ-որ օպերացիա է պլանավորվում: Հարձակման կամ հակահարձակման անցնող բանակի հրամանատարը չի կարող սեփական պլանները մատնող ելույթներ ունենալ` հակառակորդին դրդելով լինել առավել զգոն և պատրաստ հակադարձման: Մնում էր միայն, որ Հակոբյանը նաև հայտարարեր, թե որ ուղղությամբ է լինելու հայկական զինուժի հարվածը, ինչ բնույթի է լինելու, ինչպիսի կոնտինգենտ է ներգրավվելու դրանում և այլ մանրամասներ: Գուցե ԼՂՀ պաշտպանության նախարարը փորձում է նման կերպ բարձրացնել զինվորների և հասարակության ինքնավստահությո՞ւնը: Սակայն նման պրիմիտիվ մեթոդները վաղուց արդեն ոչ մի ազդեցություն հանրային գիտակցության վրա չեն ունենում, քանի դեռ դրանք չեն դրսևորվում կոնկրետ գործողություններով: Եվ հիմա մնում է իսկապես հուսալ, որ, չնայած սրան, անակնկալի էֆեկտը կստացվի, որովհետև հուժկու հարված հասցնելու այլընտրանք, կարծես, այլևս չկա:
Օգոստոսյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանի հասարակությունը կսկիծով սեփական զինուժի ղեկավարության անխոհեմ որոշումների ու քայլերի հետևանքով կրած կորուստներն էր հաշվում, Բաքուն ստիպված եղավ մի տևական ժամանակ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սադրիչ, դիվերսիոն գործողություններից: Փորձն արդեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը նման դեպքերում սթափվում է միայն ուժգին ապտակ ստանալուց հետո: Այլընտրանքը Բաքվին անընդհատ լկտիանալու հնարավորություն տալն է, դրա հետևանքը` նման ցավոտ միջադեպերի կրկնությունը և հաճախակի դառնալը: Ու որքան էլ այս լարված իրավիճակում նման պատասխանը պատերազմի վերսկսման նշան կարող է թվալ, իրականում հենց դա է լայնամասշտաբ պատերազմական գործողություններից խուսափելու միջոցը: Եվ այստեղ որևէ ազդեցություն չպետք է ունենա միջազգային հանրության հնարավոր ագրեսիվ, դատապարտող դիրքորոշումը: Ոչ միայն այն պատճառով, որ իրենց անվտանգությունն ապահովելու հարցում թե' Հայաստանը և թե' ԼՂՀ-ն ունեն սուվերեն իրավունքներ, այլև որովհետև միջազգային հանրության երկակի ստանդարտների վրա խարսխված կարծիքը, Ադրբեջանի սադրանքներին մշտապես մատների արանքով նայող կեցվածքը վաղուց արդեն դարձել է հակամարտության գոտու ապակայունացման, Բաքվի լկտիացման ամենազգայուն գործոններից մեկը:
Իրականում հայկական կողմի առավել քան կոշտ արձագանքը կամ պատասխանը պետք է նույնչափ զգաստացնող լինի նաև միջազգային հանրության համար, որը ներկայումս տենդագին փորձում է զսպել հայկական կողմին նման հնարավոր գործողություններից: Ողջ հարցն այն է, թե ինչպիսի՞ն կարող է կամ պետք է լինի այդ «ապտակը»:
Միջադեպից անմիջապես հետո Բաքուն հայտարարեց, թե հայկական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի սահմանը հատելու և իր պաշտպանական դիրքերի վրա հարձակման նշաններ ցուցադրելու պատճառով: Սակայն թե' ուղղաթիռին հարվածելու մասին տարածված տեսագրությունը և թե' ոչնչացված տեխնիկայի անկման վայրը փաստում են Բաքվի նման պնդումների անհեթեթությունը: Եթե սա հստակ պլանավորված, բայց չափազանց փնթի իրագործված սադրանք չէր` ուղղված բանակցային գործընթացի ներկայիս ընթացքը խաթարելուն, ապա առնվազն մատնում է ԼՂՀ-ի տարածքում հայկական բանակների համատեղ մասշտաբային զորավարժություններից նրանց խուճապայնությունը և գերնյարդայնությունը, որը կարող էր բերել առաջնագծի անկառավարելի և նման ելք ենթադրող գործողությունների: Մեկ բան բոլոր դեպքերում կարծես թե դառնում է ակնհայտ: Բաքվի ներկայիս հակասական կեցվածքը և կայացրած` պարզապես անլուրջ որոշումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը բոլոր դեպքերում բացարձակապես պատրաստ չէր նման զարգացումների:
Խնդիրն այն է, որ հասկանալով ուղղաթիռը խոցելու համար բերող հիմնավորումների ուղղակի հակասումը սեփական պաշտոնական դիրքորոշմանը առ այն, որ ԼՂՀ-ն ադրբեջանական տարածք է, այսինքն` սահման, որպես այդպիսին, պետք է որ չլիներ, Բաքուն անմիջապես շրջանառության մեջ դրեց մեկ այլ մոտեցում: Իբր, քանի որ ԼՂ-ն Ադրբեջանի օկուպացված տարածք է, ապա Բաքուն իրեն իրավունք է վերապահում ԼՂ օդային տարածքը հռչակելու ոչ թռիչքային հատված, ինչի մասին, իբր, տեղեկացվել է նաև Ավիացիայի միջազգային կազմակերպությանը: Սրանով, իհարկե, Բաքուն, կամա, թե ակամա, հաստատում է, որ ուղղաթիռը խոցվել է մինչև շփման գծին մոտենալը: Բայց եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա Ադրբեջանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը պետք է ոչ միայն խոցեին շփման գծին այդքան մոտեցած երկու ուղղաթիռներից մեկը, այլ երկուսը միաժամանակ, ավելին` ոչնչացնեին այս օրերին անցկացվող զորավարժությունների ժամանակ օդ բարձրացող հայկական բոլոր ուղղաթիռները և գուցե նաև ինքնաթիռները: Նման բան, սակայն, բնականաբար, չարվեց: Ավելին` Բաքվի այս նոր, անհեթեթ հիմնավորման պարագայում ստացվում է, որ Ադրբեջանը փաստացի պատերազմ է հայտարարում հայկական կողմին, քանի որ, ըստ այդ տրամաբանության, պետք է հետայսու հարվածներ հասցվեն ԼՂ-ի օդային տարածքում սավառնող բոլոր ռազմական օդանավերին:
Մինչդեռ արդեն օրվա կեսին տեղեկատվություն տարածվեց, որ ԼՂՀ է այցելել ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նախագահը, ընդ որում, ԼՂՀ էր մեկնել ակնհայտորեն ՊՆ-ին պատկանող ուղղաթիռով: Եվ եթե Բաքուն առաջնորդվեր իր տարածած վերոնշյալ հայտարարությամբ, ապա պետք է նաև Սերժ Սարգսյանին տեղափոխող ուղղաթիռը հայտնվեր ադրբեջանական ՀՕՊ ուժերի թիրախում: Սակայն Սարգսյանը ոչ միայն հասել է Ստեփանակերտ, այլև նրա ուղղաթիռը վայրէջք է կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: Այն նույն օդանավակայանում, որի շահագործումը կանխելու ուղղությամբ արդեն տարիներ շարունակ կատաղի պայքար է մղում Ադրբեջանը, ինչի պատճառով այդ օդանավակայանի շահագործումը շարունակ ամենատարբեր պատրվակներով ձգձգվում է:
Ուղղաթիռով ԼՂ մեկնելու` Սերժ Սարգսյանի քայլը կարելի է ինչ-որ իմաստով նաև դիվանագիտական պատասխան համարել Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Սակայն գուցե շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նախագահը Ստեփանակերտ մեկներ ոչ թե ռազմական ուղղաթիռով, այլ քաղաքացիական ինքնաթիռով` կատարելով մոտ երեք տարի առաջ տված այն խոստումը, թե, ի հեճուկս Ադրբեջանի բարձրացրած վայնասունի, ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ քաղաքացիական չվերթի առաջին ուղևորը: Սա ոչ միայն կնշանակեր Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մեկնարկ, այլև Բաքվին կկանգնեցներ էլ ավելի անհեթեթ վիճակի առջև: Առանց այն էլ ԼՂ-ի օդային տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու քայլը դիվանագիտական փակուղի է հենց իր` Բաքվի համար: Եթե հայկական կողմից այդ «պայմանը» խախտելու պատճառով պետք է սկսվի պատերազմը, ապա պատասխանատվության ողջ բեռը մնալու է Ադրբեջանի ուսերին:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ