Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայրս ամենաթանկ անձնավորություններից է եղել ինձ համար: Եվ նրան ինձնից խլողները անպատիժ չեն մնալու: Պատասխանատվություն են կրելու օրենքի առաջ»,- իր ցուցմունքում ասաց 35-ամյա ամբաստանյալ Արթուր Սարգսյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հաջողակ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալու և այդպիսով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակման մեջ մեղադրվող ամբաստանյալի հարցաքննությունը:
Ամբաստանյալը հայտնեց, որ, 2008 թվականից սկսած, բիզնեսում ունեցած իր անհաջողությունների և իր ընտանիքի քայքայման հետևում կանգնած է մի պաշտոնատար անձ, որի անունը տալ չի ցանկանում:
Պատմությունն այսպիսին է` մինչև 2008 թվականը ունեցել է 4 գիշերային ակումբ, ռեստորային համալիր: Դրանց գործունեության հետ կապված` մի օր հրավիրվել է ոստիկանություն, մի քանի օր կալանքի տակ է եղել: Դրանից հետո վերոնշյալ բոլոր ժամանցային կենտրոնները փակվել են, «մնացել են կուտակված պարտքերը», որոնք վերցված են եղել` բիզնեսում ներդրումներ անելու համար:
Այնուհետև` փոքր-ինչ «ոտքի կանգնելուց» հետո, նախաձեռնել է մետաղական դետալների պատրաստման ու ներկրման բիզնեսը: 2008 թվականի դեկտեմբերին բարեկամներից մեկի կնունքի արարողության ժամանակ ծանոթացել է վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, եւ համաձայնության են եկել համագործակցել ու ընկերության բաժնեմասերը հավասարապես բաժանել:
Սակայն որոշ ժամանակ անց տվյալ պաշտոնյան պարտադրում է, որ բաժնեմասերի վերաբաժանում կատարվի` 70/30 հարաբերակցությամբ, քանի որ հիմնական ներդրումներն իր կողմից են արվում: Ա. Սարգսյանը չի համաձայնել` պնդելով, որ ինքն էլ բիզնեսն է հիմնել: Իսկ տվյալ անձնավորությունը երկու օր ժամանակ է տվել` մտածելու և «խելոք համաձայնելու համար», հակառակ դեպքում` խոստացել է կործանել նրան:
Այդ ժամանակ Սարգսյանը փորձել է գաղտնի գնալ Իրան և մետաղագործական ընկերության հետ կնքված պայմանագիրը անվավեր դարձնել, նորը կնքել, որ այլ անձանց հետ բաժնեմաս կիսելու խնդիր չլինի: Եվ որպեսզի ոչ ոք չիմանա Իրան գնալու մասին, իր գրասենյակում դիզայներական աշխատանքներ կատարող Արմեն Միրզախանյանին ասել է, թե Մոսկվա է գնում: Սակայն հենց օդանավակայանում նկատել է հիշյալ պաշտոնյայի որդուն` ընկերների հետ, և հասկացել, որ գաղտնի գործել չի կարող: Օդանավակայանից գնացել է ընկերոջ մոտ, անջատել կապի բոլոր միջոցները: Մի քանի օր անց` փետրվարի 3-ին, միացրել է հեռախոսը, և ընկերը պատմել է, որ հենց իր անհետանալու օրը մի խումբ ջահելներ լցվել են հոր տուն, ասել, թե տղան պարտքեր ունի: Սարգսյանի հորը իրենց հետ տարել են, իսկ երկու օր անց հայրն ինքնասպան է եղել:
Դրանից հետո ամբաստանյալը թաքնված է եղել, հանդես է եկել Արտյոմ Առուստամյան անունով: Ամբաստանյալը պնդում է, որ չի էլ իմացել, թե հետախուզվում է, և իրականում թաքնվել է ոչ թե իրավապահ մարմիններից, այլ իրենց սպառնացող վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյայից:
Բանն այն է, որ 2012 թվականին արդեն իր երկրորդ կնոջ` Գայանե Մաթևոսյանի օգնությամբ հիմնում է «Մետալլես» ընկերությունը, որը նույնպես զբաղվում էր մետաղագործական աշխատանքներով:
Ամբաստանյալը հայտնեց, որ 2013 թվականից գործով ներգրավված տուժողները ածանցյալ են 2008 թվականից իր դեմ եղած բողոքների: Եվ դրա պատճառն այն է, որ 2013 թվականին խախտվել է իր անմեղության կանխավարկածը, երբ հեռուստատեսությամբ ցույց են տվել իրեն` որպես հանցագործի:
Արթուր Սարգսյանը հայտնեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` խարդախություն կատարելու մասով: Ըստ էության` նա փորձում է հստակեցնել այն միտքը, որ եղել են բիզնես ծրագրեր, պարտավորություններ, որոնք, թերևս պետք է որակվեն որպես պարտականությունների ոչ լիարժեք կատարում:
Այսպիսով` գովազդային վահանակների պատրաստման և տեղադրման աշխատանքներով զբաղվող և գործով տուժող ճանաչված «ԷԳԱ» ՍՊԸ-ի վերաբերյալ ամբաստանյալը հայտնեց, որ պատվերի համապատասխան պատրաստել է 12 գովազդային վահանակներ, որոնց որակը բավարարել է պատվիրատուին, թեև, «ԷԳԱ»-ի տնօրեն Էդուարդ Գասպարյանն իր ցուցմունքում նշել էր, թե ամբաստանյալի կողմից իրեն է հանձնվել 6-7 կամ առավելագույնս տասը վահանակ:
Ա. Սարգսյանը պնդեց, որ երբևէ որևիցե գումար չի վերցրել գործով տուժողներ ճանաչված Արմեն Միրզախանյանից, Մանուկ Բաբայանից, Արամայիս Բեգլարյանից: Իսկ ինչ վերաբերում է Հակոբ Գրիգորյանին, ապա ասաց, որ նրանից միայն 10 հազար և 3 հազար դոլար է վերցրել և հենց ինքն էլ ստորագրել է այդ երկու ստացականները, սակայն ոչ` գործում առկա մյուս երկու ստացականները, որոնք վերաբերում են 25 հազար և 47 հազար դոլար վերցնելուն: Դատարանին ամբաստանյալը հայտնեց, որ վերջին երկուսում առկա ստորագրությունները շատ նման են իր ստորագրությանը, սակայն իր կողմից չեն արվել:
Մյուս դրվագով տուժողներ Արթուր Մանուչարյանին նա որակեց որպես պղտոր ջրում ձուկ բռնել ցանկացող, և որ նա պարտքեր է կուտակել «իր խելքից» և ոչ իր մեղավորությամբ:
Ամբաստանյալը դատարանին փոխանցեց նաև տուժող Բ.Ա.-ի աշխատանքային գրքույկի պատճենը, որը վկայում է, թե ինչ հեղինակավոր կառույցներում է նա տնօրեն աշխատել, և հենց դրա համար էլ նրան «Մետալլես»-ում տնօրեն են ընդունել: «Իմացող մարդուն են տնօրեն դնում: Թե չէ ես էլ կարող էի տնօրեն լինել»,- ասաց ամբաստանյալը:
Ասաց նաև, որ Բ.Ա.-ի «աչքերը փայլել են», երբ տեսել է` ինչպես է իր կինը դուրս գալիս կառավարության շենքից: Եվ հենց ինքն էլ հորինել է, թե իրենց բիզնեսը հովանավորվում է բարձրաստիճանի անձի` այդ ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից:
Ի դեպ, ցուցմունքում ամբաստանյալն անդրադարձավ նաև իր և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի ենթադրյալ կապին. «Կառավարության շենքում ես եղել եմ երկու անգամ, այն էլ` բնակարանի բանալին կնոջիցս վերցնելու նպատակով: Նույնիսկ կնոջս (Գայանե Մաթևոսյանը եղել է Դավիթ Սարգսյանի գործավարը –Ա.Կ.) աշխատասենյակ չեմ մտել, նա իջել է ընդունարան… Իսկ Դավիթ Սարգսյանի շուրջ ծավալած այդ սցենարը շատ պրիմիտիվ է, և շուտ կհոգնեցնի հանդիսատեսին: Ես չեմ ճանաչում Դավիթ Սարգսյանին: Առաջին անգամ նրան տեսել եմ դատարանում, երբ նա դատակոչվել է»:
Ամբաստանյալն ընդունեց, որ գործով տուժող Է.Գ-ից «Մետալլեսը», որպես փոխառություն, վերցրել է 22 միլիոն դրամ, և մոտ 35 հազար դոլար էլ ինքն էլ վերցրել: Ընդունեց նաև, որ «Մետալլեսը» ամրաններ է վերցրել «Վալենիսա» ՍՊԸ-ից`գումարը երկու ամսվա ընթացքում վճարելու պայմանով: Սակայն հայտնեց, որ ինքն աշխատող մարդ է և պատրաստ է օրուգիշեր աշխատել` պարտքերը վճարելու համար: Եվ որ գործով տուժող ներգրավվածներն իրականում տուժող կլինեն, եթե ինքն ազատազրկվի և չկարողանա նրանց վճարել այդ գումարները:
Հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին` հոկտեմբերի 8-ին:
Ներկայացնում ենք հատվածներ ցուցմունքից: