կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 13:44
Հասարակություն

Ըստ ՊՆ պաշտոնյայի` բանակում սպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերը նվազել են

Ըստ ՊՆ պաշտոնյայի` բանակում սպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերը նվազել են

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի կարծիքով` այս տարվա հունվարի սահմանային լարվածության արմատները գալիս են դեռևս 2014-ից: Ըստ նրա` Ադրբեջանն ամբողջ տարվա ընթացքում չկարողացավ ընդգծել իր առավելությունը և դա փորձեց իրականացնել հունվարին, ինչի արդյունքում, սակայն, տվեց 30 զոհ` նախորդ տարվա 2-ի համեմատ: «Մեր պատասխան գործողություններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են»,- նշեց Հարությունյանը:

 

Ըստ նրա` ներկայումս սահմանին լարվածության որոշակի թուլացում է նկատվում, թեև կրակոցները շարունակվում են:

 

Անդրադառնալով բանակում միջանձնային հարաբերությունների հողի վրա կատարված դեպքերին, մասնավորապես` սպանության և ինքնասպանության դեպքերին, խորհրդականը նկատեց, որ, 2013-ի համեմատ, 2014-ին դրանք 67 տոկոսով նվազել են: Միևնույն ժամանակ, կրճատվել են ինքնավնասման և հիվանդությունների պատճառով մահացությունները: Ըստ Հարությունյանի` նախորդ տարի միջանձնային հողի վրա կատարված հանցագործությունների նվազումը պայմանավորված է հրամանատարական կազմի և զինվորների հարաբերությունների զարգացմամբ:

 

Դիտարկմանը, թե հնարավոր է նման դեպքերի նվազումը պայմանավորված է նաև սահմանային աննախադեպ լարվածությամբ, պատասխանեց. «Այո, ավելին` հուլիս-օգոստոսյան երկու շաբաթների ընթացքում միջանձնային հողի վրա կատարված որևէ միջադեպ չի գրանցվել: Այս իրադարձությունները ոչ միայն հասարակական համախմբվածության առիթ տվեցին, այլև բանակի ներսում համախմբման գործընթաց եղավ «ընդհանուր թշնամի» հասկացության շուրջ, զինվորներն էլ ավելի համախմբվեցին սպաների շուրջը»: