կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-03 20:15
Հասարակություն

Հայաստանում կստեղծվի ներառական պարի խմբերի վերապատրաստման առաջին կենտրոնը

Հայաստանում կստեղծվի ներառական պարի խմբերի վերապատրաստման առաջին կենտրոնը

«Հայաստանում Բրիտանական խորհրդի ջանքերով մեր երկրում ստեղծվել է առաջին ներառական պարի խումբը, որն արդեն հասցրել է հյուրախաղերով հանդես գալ Գլազգոյում, Ղազախստանում և Վրաստանում: Պատրաստվում ենք մեկնել նաև Գերմանիա: Խումբը փոքր է, դրանում հաշմանդամություն ունեցող 3 անձ կա: Մեր խմբի հաջողությունն, իրոք, անկանխատեսելի էր մեզ համար և այն մեզ քաջալերեց ավելի մեծ ծրագրեր նախաձեռնելու: Հայաստանի համար մենք մի շատ հավակնոտ ծրագիր ենք նախատեսում՝ ներառական պարի խմբի վերապատրաստման կենտրոն ստեղծել: Դա կլինի տարածաշրջանում առաջին նման կենտրոնը»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է «Բրիտանական խորհրդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 Նա նշել է, որ վերապատրաստման կենտրոնի հիմնումը թույլ կտա խմբում ներգրավվել ավելի շատ մարդկանց, որոնք ներառական խմբերում պարելու ցանկություն կունենան: «Բրիտանական խորհրդում» հույս ունեն, որ կենտրոնն իր գոյության երկրորդ տարում արդեն կկարողանա գոնե մասնակիորեն ինքնածախսատար դառնալ, իսկ մինչ այդ աջակցության կարիք կա:

 Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ այս պահին նախարարության կողմից իրականացվում են զբաղվածության մի քանի ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր է համագործակցության ուղիներ գտնել.

«Մենք ունենք մի քանի գործող ծրագրեր, որոնք կարող ենք դիտարկել՝ որպես հնարավոր աջակցություն: Օրինակ՝ ծրագրերից մեկով գումար է տրամադրվում հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի հարմարեցման համար, մեկ այլ ծրագրի շրջանակում հնարավոր է հոգալ հաշմանդամություն ունեցող անձի և նրան ուղեկցողի ծախսերի մի մասը: Այս ծրագիրը կարող է շարունակվել մինչև մեկ տարի»,- ասել է նախարարը:

 Խոսելով իրականացվող երկրորդ ծրագրի մասին՝ Արևիկ Սարիբեկյանն առանձնացրել է Հայաստանի 9 մարզում ներդրված անգլերենի ուսուցման խմբակները: Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է ևս 5 խմբակի բացում.

«Մենք մեծ ցանկություն ունենք, որ այս խմբերը ներառական լինեն: Այստեղ երեխաներին ուսուցանվում է ոչ միայն անգլերեն, այլև քննական մտածողության հմտություններ և այլն: Ցավոք, չնայած մեր ջանքերին՝ ծրագրի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, մեզ հաշմանդամություն ունեցող ոչ մի երեխա չի դիմել»,- ասել է Ա. Սարիբեկյանը:

Նախարարի տեղակալ Արման Ուդումյանն առաջարկել է կենտրոններում նաև կարիերայի կողմնորոշման բաղադրիչ ներդնել՝ հատկապես բարձր դասարանների երեխաներին ուղորդելու համար:

«Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը, ապա պետք է մտածել խելամիտ, կարիքի վրա հիմնված լուծումներ գտնելու մասին: Մենք մեր ունեցած ռեսուրսները կօգտագործենք՝ խմբակների մասին տեղեկությունը տարածելու համար, կխնդրենք նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությունը: Դրանից հետո, արձագանքից ելնելով, կփորձենք կրթական միջավայրը հարմար դարձնել դիմող երեխային»,- ասել է Զ. Բաթոյանը: