Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոն այս տարի կմեկնարկի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը: Կազմակերպիչները խոստանում են 11 օր փառատոնի շրջանակում ստեղծել իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները:
Այս տարի «Ֆրեսկոյի» մեկնարկը կտրվի սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետև համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները:
Իսկ արդեն երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: Այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:
Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝ օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:
Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:
Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: