կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 21:12
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանը փրկո՞ւմ է «ֆուտբոլային դիվանագիտությունը», թե՞ փակում

Սերժ Սարգսյանը փրկո՞ւմ է «ֆուտբոլային դիվանագիտությունը», թե՞ փակում

Երկու օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը բովանդակային առումով և իր հիմնական շեշտադրումներով ու ուղերձներով էականորեն տարբերվում էր նախորդներից: Դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ ելույթում ուրվագծվում էին հստակ քաղաքական նպատակադրումներ, որոնք Հայաստանի համար արտաքին քաղաքական առանցքային երկու ճակատներով` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական, նախանշում են որոշակի տրամաբանական զարգացումներ:

 

Նախ` առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործվեց հենց ՄԱԿ-ի կողմից 1992-93թթ. ընդունված` ԼՂ հիմնահարցին վերաբերող 4 հայտնի բանաձևերի վերաբերյալ դիրքորոշումը պարզաբանելու համար: Մինչև հիմա այս դաշտն ամբողջությամբ թողնվել էր Ադրբեջանին, որը, ստանալով բանաձևերը սեփական հայեցողությամբ և իր շահերին համապատասխան մեկնաբանելու լիարժեք հնարավորություն և ազատություն, դրանք դարձրել էր ԼՂ հիմնախնդիրը ազգային ինքնորոշման հարթությունից տարածքային վեճի դաշտ տեղափոխելու և Հայաստանին որպես միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող ներկայացնելու հիմնական գործիք:

 

Իր ելույթում Սերժ Սարգսյանը կոնկրետ դրվագներով ոչ միայն բացահայտեց Ադրբեջանի կողմից այդ նույն բանաձևերի պահանջները չկատարելու իրողությունը, այլև նույնիսկ դա ծառայեցրեց բանակցային գործընթացում, որպես լիիրավ կողմ, ԼՂ-ի ներգրավման իրավական հիմք դարձնելու նպատակին: Հենց վերջինիս էր ուղղված նրա այն նկատառումը, թե` «ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար»:

 

Պաշտոնական Երևանն, այսպիսով, փորձում է քանդել Բաքվի դիրքորոշման իրավական հիմքերը, այսինքն` նրան հարվածել իր իսկ զենքով: Այս իմաստով թերևս առաջին անգամ Հայաստանը հանդես եկավ ոչ թե պաշտպանվողի, մեղադրյալի, այլ նախահարձակի դերում: Բաքուն արդեն ստիպված պետք է լինի ՄԱԿ-ի բանաձևերին հղումներ կատարելուց առաջ նախ բացատրել, թե ինչու է խուսափում այդ բանաձևերով իրեն վերապահված պարտավորությունները կատարելուց և ինչպես կարող է այդ դեպքում թե' հայկական կողմի և թե' միջազգային հանրության առջև Հայաստանին ինչ-որ լուծումներ պարտադրելու առումով պահանջներ ներկայացնել:

 

Նախահարձակ լինելու այս մարտավարությունն առաջին հերթին պայմանավորված է ոչ միայն միջազգային հարթակներում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքերի ներկայիս զգալի թուլացմամբ, այլև այս տարվա օգոստոսին հայկական բանակի տարած տակտիկական կարևոր հաղթանակներով: Սակայն դիրքային այս առավելությունը որևէ արժեք չի ունենա, եթե Երևանն այն չդարձնի ԼՂ հարցում հայկական դիվանագիտության հիմնական առաջնահերթություններից մեկը:

 

Նախագահի ելույթի մյուս նշանակետը հայ-թուրքական հարաբերություններն էին: Սերժ Սարգսյանը, գոնե արտաքուստ, միջազգային հանրությանը նախապատրաստում է հայ-թուրքական երկու արձանագրություններից հայկական կողմի ստորագրությունը ետ կանչելու հնարավորությանը: Սակայն դա անում էր ոչ այնքան վերջնագրային լեզվով, ինչն առավել քան տրամաբանական է անիմաստ վատնված նախորդ 5 տարիների ֆոնին, որքան նախազգուշացման: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նա նույնիսկ հիմա չի ուզում վերջնականապես փակել այս թեման և ավելի շատ մտածում է իր իսկ սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունը» միջազգային հանրության օգնությամբ ինչ-որ կերպ փրկելու մասին: Իր ելույթում Սերժ Սարգսյանը բառացիորեն ասում է հետևյալը. «...Այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:

 

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու հարցը քննարկելու մասին Երևանի հիշեցումներն ու սպառնալիքներն արդեն դառնում են նույնիսկ ձանձրալի: Էականն այն է, որ Սերժ Սարգսյանը խոսում է ոչ թե ստորագրությունը ետ վերցնելու, այլ ընդամենը արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու մասին, ինչը դեռևս չի նշանակում այդ փաստաթղթերի տակ դրված ստորագրությունը ճանաչել անվավեր: Այսինքն` վավերացման հարցը շարունակելու է մնալ օրակարգում, և դեռ փաստ չէ, որ 2015թ. ապրիլը կարող է լինել դրա համար սահմանված «ողջախոհ ժամկետի» ավարտը:

 

Ամռանը Թուրքիայի նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու համար Անկարա մեկնած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոխանցեց Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը` Երևանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին միասին մասնակցել անմեղ զոհերի ոգեկոչման ու հիշատակման միջոցառումներին: Անկարան առայժմ ո'չ ընդունել է այդ հրավերը, ո'չ էլ մերժել:

 

Այդ պայմաններում առնվազն տարօրինակ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը հայտարարեր արձանագրություններից հրաժարվելու մասին, ինչով ուղղակի առիթ կտար Էրդողանին մերժելու հրավերը, գլուխն ազատելու այդ ցավից: ՄԱԿ-ի ամբիոնից այս հարցի սրումը, այն էլ` Անկարայի կողմից վավերացումը «գրողի ծոցն ուղարկելով», ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում` դիմել միջազգային հանրության օգնությանը` հասնելու նրան, որ Էրդողանն ընդունի 2015թ. ապրիլի 24-ին Երևան ժամանելու իր առաջարկը, ինչն այլ կերպ «ֆուտբոլային դիվանագիտությունը» փրկելու կոչ է նույն միջազգային հանրությանը:

 

Եթե Էրդողանն, այնուամենայնիվ, մերժի այդ հրավերը, ապա, ամենայն հավանականությամբ, Երևանը ստիպված կլինի օրակարգից հանել արձանագրությունները վավերացնելու հարցը, գուցե նաև ետ կանչել ստորագրությունը` Հայաստանի հասարակության և հատկապես` Սփյուռքի ճնշման ներքո: Բայց չի բացառվում, որ Անկարան կարողանա գտնել միջանկյալ ինչ-որ լուծում, երբ միաժամանակ Էրդողանը չի ժամանի Երևան, բայց Թուրքիան ինչ-որ երկրորդ-երրորդական դեմքերի մակարդակով մասնակցություն կապահովի: Որքանո՞վ է հայկական կողմը պատրաստ այսպիսի սցենարին, դժվար է ասել:

 

Սակայն Երևանի կողմից վերջին շրջանում հայ-թուրքական շփումները կենդանացնելուն ուղղված նախաձեռնությունները թերևս նպատակ ունեն հասկանալու Անկարայի մտադրությունները`այս խաղից նվազագույն կորուստներով դուրս գալու համար:

 

Գևորգ Դարբինյան