կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 17:55
Առանց Կատեգորիա

Դատարանների «չափից շատ» վերահսկողությունը կարող է հանգեցնել նրան, ինչի դեմ հենց պայքարում է ներկայիս կառավարությունը. Խորեն Նազարյան

Դատարանների «չափից շատ» վերահսկողությունը կարող է հանգեցնել նրան, ինչի դեմ հենց պայքարում է ներկայիս կառավարությունը. Խորեն Նազարյան

Կառավարության ծրագրի` արդարադատությանը վերաբերող գլխում բացակայում են այն հստակ մեխանիզմները, որոնք երաշխավորելու են մարդու հիմնական և առանցքային իրավունքների անխոչընդոտ իրականացումը գործադիր իշխանության կողմից. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Խորեն Նազարյանը:

- Կառավարության ծրագրում նշված է, որ օրենքի առջև մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը կառավարության քաղաքական կամքն է: Արդյո՞ք բավարար է կառավարության քաղաքական կամքն ամբողջ իրավական համակարգի արդար և անխափան ընթացքն ապահովելու համար:

- Կառավարության քաղաքական կամքը բոլոր ժամանակներում միշտ շատ կարևոր է, որպեսզի կարողանան իրավական հստակ մեխանիզմներ ներդնելու միջոցով ապահովել օրենքի առջև բոլորի հավասարությունը և արդարադատության անխափան ընթացքը: Սակայն քաղաքական կամքը, որպես հիմնական առանցքային դրույթ, ներկայացնել կառավարության ծրագրով և ամեն ինչ պայմանավորել միայն այսօրվա կառավարության քաղաքական կամքով ու նրա տված խոստումով, թե` ամեն ինչ լինելու է արդար, իրավական համակարգը գործելու է անխափան, առանց որևէ խոչընդոտի, իրավականորեն ճիշտ չէ: Կառավարության ծրագիրը պարտադիր պետք է ներառի իրավական գործընթացների բարելավման, իրավական համակարգի բարեփոխման և իրավական ակտերի ավելի արդարացի օրինական կազմման հստակ մեխանիզմներ, որը չի տեղավորվում կառավարության` միայն «քաղաքական կամք» հասկացության մեջ:

Երկրորդ` քաղաքական կամք ասելով և կառավարության հստակ ծրագրում ամրագրված դրույթները նայելով,` կարելի է եզրակացնել, որ այսօրվա կառավարությունը մերժում է սրանից առաջ իրավական համակարգում և հիմնականում արդարադատության ոլորտում տեղի ունեցած բոլոր գործընթացները և դատական ակտերի օրինականությունը, կարելի է ասել, դնում է կասկածի տակ:  Սա, իրականում, սխալ մոտեցում է, որովհետև կառավարությունն ասում է, որ, այսօրվանից սկսած, այլևս բացառվելու են դատարաններին հրահանգ տալը, դատավորների և այլ անձանց անձնական ու խմբային շահերով դատական ակտեր կայացնելը: Չի կարելի ամբողջ դատական համակարգը դատել այդ նույն մեղադրանքով, քանի որ եթե առկա են հստակ, որոշակի դեպքեր, որոնք իրականացվել են որոշ խմբերի շահերով, ու դրանք անօրինական դատական ակտեր են, ապա այդ մեղադրանքը պետք է քննվի Քրեական օրենսգրքով նախատեսված հստակ կարգով: Եթե նախկինում ամեն ինչ եղել է հրահանգավորված, կամ, ըստ կառավարության, իրականացվել է «հեռախոսային արդարադատություն», իսկ հիմա կամք է ցուցաբերվում այդպիսի հակաօրինական քայլերից զերծ մնալու համար, ապա այս քայլերը  քրեորեն պատժելի են, և միայն կառավարության ծրագրում նախատեսելը` դրանք այլևս չեն լինելու, ու դրանց լույսի ներքո դատել և պախարակել նախկինում կայացված դատական բոլոր ակտերը և, ընդհանրապես, արդարադատության համակարգը, սխալ է: Նման յուրաքանչյուր դեպքի մասով կարելի է քրեական գործ հարուցել, և արդեն Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը սահմանում են հստակ մեխանիզմներ, որոնք նմանատիպ դեպքերը բացահայտելու և պատժելու հստակ միտում ունեն: Նշված չէ` որո՞նք են այն համակարգային բարեփոխումները, որոնք կբացառեն նման մոտեցումները: Առանց մանրամասնելու և առանց որևէ գործիքակազմ նախատեսելու, միայն թողնելով քաղաքական կամքի վրա,  նախ` ոչ ոք չի կարող երաշխավորել` արդյո՞ք  արդեն հաջորդ իշխանությունը կունենա քաղաքական կամք, կամ «քաղաքական կամք» կոչվածի չափորոշիչները որո՞նք են, առհասարակ, և երրորդ`արդյո՞ք կառավարությունը երբևէ չի սայթաքի և քաղաքական կամքի շրջանակներից դուրս չի գա:

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն է: Սահմանադրությամբ հստակ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Կառավարությունն իր ծրագրի մեջ նշում է`«վերահսկողություն սահմանել դատական իշխանության վրա»: Սա իշխանությունների տարանջատման սկզբունքների խախտում է, քանի որ եթե գործադիրն իր ողջ քաղաքական կամքով փորձի վերահսկել դատական իշխանության կողմից կայացված ակտերի օրինականությունը, ապա դա կհանգեցնի գործադիրի կողմից դատական իշխանության վրա արդեն նոր միջամտությունների, որոնց դեմ, ի դեպ, կառավարությունը իր ծրագրում նախատեսել է պայքարել: Ստացվում է, որ դատարանների և դատավորների մասնագիտական գործունեության ընթացքում կայացված ակտերի վրա «չափից շատ» վերահսկողությունը կարող է հանգեցնել նրան, ինչի դեմ պայքարում է ներկայիս կառավարությունը:

- Ի՞նչ ոլորտային խնդիրներ չեն մատնանշվել կառավարության ծրագրի համապատասխան գլխում:

- Կառավարության ծրագրի համապատասխան գլխում, օրինակ, բացակայում են այն հստակ մեխանիզմները, որոնք երաշխավորելու են մարդու հիմնական և առանցքային իրավունքների անխոչընդոտ իրականացումը գործադիր իշխանության կողմից: Ծրագրում հստակ նշված են տեսլականներ, բարի կամք, այնպիսի մի իրողություն, որին ցանկանում ենք հասնել իրավական պետություն կառուցելու համար: Հարցն այն է`իրականում ի՞նչ մեխանիզմներով է երաշխավորվելու, օրինակ, մարդու ինչպես հիմնական, այնպես էլ ածանցյալ իրավունքների անխոչընդոտ իրականացումը:

Շատ է խոսվել քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության ու դրանից բխող`դատապարտյալ անձանց վերասոցիալականացման խնդրի մասին: Այս հիմնարկներում ասում էին, որ պետք է գոնե մինչդատական վարույթում կալանքը չնույնացնել պատժի հետ, կալանքը որպես խափանման միջոց չօգտագործել, որը ժամանակին դատական համակարգը գրեթե բոլոր գործերով կիրառում էր: Կառավարության ծրագրում ամեն դեպքում նշված չէ, թե մինչդատական վարույթի վերաբերյալ ինչ նոր մոտեցումներ կամ բարեփոխումներ են նախատեսվում, որը շատ կարևոր խնդիր է ՔԿՀ-ների բեռնաթափումն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, նշված չեն այն բարեփոխումների մեխանիզմները, որոնք երաշխավորելու են հանցանքի համար համարժեք պատժի սահմանումը և կիրառումը: Արդյո՞ք տվյալ պատժի համար նախատեսված` նվազագույնից առավելագույն պատժի չափը ընտրվելու է միմիայն դատավորի սուբյեկտիվ ներքին համոզմամբ և որոշմամբ, թե՞ դրանց համար առաջադրվելու են մեխանիզմներ:

Բացեր ունենք նաև փաստաբանական գործունեության անխափան գործընթացը ապահովելու, ինչպես նաև նոտարական գործունեության ոլորտը վերափոխելու հետ կապված: Նոտարական գործունեությունը շատ մեծ ու խնդրահարույց ոլորտ է, որովհետև նոտարների վրա վերահսկողություն գրեթե գոյություն չունի: Գոյություն ունեն նոտարական գործունեության ստանդարտներ գնային չափանիշի վերաբերյալ: Ենթադրենք` ինչ-որ նոտարական գործարքի համար տվյալ ստանդարտում նշված է, որ նոտարը կարող է գանձել 10.000-ից մինչև 20.000 ՀՀ դրամ նոտարական վավերացման գումար: Թե ո՞ր դեպքում կգանձվի 10.000 կամ 20.000 դրամ, համակարգային մեխանիզմ գոյություն չունի:

Կարևոր խնդիր է նաև տուժողների ու նրանց շահերի պաշտպանության համակարգի զարգացումը:

Կարծում եմ` լավ կլիներ կառավարության ծրագրում անդրադարձ կատարվեր նաև հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Գրեթե մշտապես իրավագիտակցության մակարդակի բարձրացումն անուղղակիորեն թողնված է եղել հասարակական կազմակերպությունների աշխատանքին: Այս կազմակերպությունները, ըստ ամենայնի, չեն կարող հասարակության մեջ իրականացնել իրավագիտակցության մակարդակի բարձրացման միջոցառումներ: Հավելեմ, որ իրավագիտակցության մակարդակի բարձրացումը նախ և առաջ սկսվում է կրթական ոլորտից: Անհատն արդեն իր իրավագիտակցության սահմաններում պիտի իմանա, որ կաշառք տալը, ստանալը կամ միջնորդավորված հանցավոր գործողություն իրականացնելը օրենքով արգելված են:  Միայն օրենքով պատիժ նախատեսելն ու ՔԿՀ-ները հանցագործություններ կատարած անձանցով  ծանրաբեռնելը  չեն նպաստում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Այստեղից մեկ այլ խնդիր է առաջանում`այս հիմնարկներում գտնվող անձանց վերասոցիալականացման խնդիրը: Արդյո՞ք պատժի նպատակները ՔԿՀ-ներում  հասու լինում են տվյալ անձին, որն ազատվելուց հետո կարողանում է ինտեգրվել հասարակության մեջ, թե՞ ոչ:

Կառավարության ծրագրի` արդարադատությանը վերաբերող գլխում, որպես հիմնական սկզբունք, նշված է օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սակայն աչքաթող է արված իրավունքի գերակայության սկզբունքը: Իրավունքի գերակայությունը իրավական պետության էությունն է: Առանց իրավունքի գերակայության` չկա օրենքի առաջ բոլորի հավասարություն և այլ սկզբունքներ: Պետական մարմինները սահմանափակված են մարդու և քաղաքացու իրավունքների ու շահերի և ազատությունների անմիջական կիրառմամբ: Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Իրավական պետություն ասելով` հասկանում ենք իրավունքի գերակայություն, իսկ իրավունքի գերակայության սկզբունք ասելով` հասկանում ենք, որ իշխանությունները կարող են անել այն, ինչը թույլատրված է օրենքով: Կառավարության ծրագրով քաղաքացիների համար տրվում են հստակ սահմանափակումներ, իրավունքներ և ազատություններ, բայց թե պետությունն ի՞նչ պետք է անի, նշված չէ: Միայն նշելով, որ պետք է բարելավել արդարադատության համակարգը, չենք կարող հասնել այն արդյունքին, որի կարիքն այս ոլորտն իսկապես ունի: