կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-11 13:52
Հասարակություն

«Այս վարկերի տակից ո՞նց ենք դուրս գալու»

«Այս վարկերի տակից ո՞նց ենք դուրս գալու»

ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված` ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը վավերացնելու մասին հարցը, համաձայն որի` սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվում է շուրջ 14 միլիոն դոլար:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե սոցիալական հարցերի նախարարության վերցրած բոլոր վարկերը միասին որքա՞ն են կազմում:

 

«Դուք ասացիք, որ վարկի միջոցների մի մասն ուղղվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին, եթե այդ օրենքը չընդունվեր, այդ մասը հանվելո՞ւ էր, և ի՞նչ էր լինելու այդ գումարի ճակատագիրը»,- հետաքրքրվեց պատգամավորը:

 

Նախարարը նշեց, որ այս համաձայնագրով նախատեսված վարկը երկրորդն է: Իսկ ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, նախարարն ընդգծեց, որ կենսաթոշակային համակարգի արդիականացման համար նախատեսված վարկը չի առնչվում պարտադիր կուտակային օրենքին, այլ վերաբերում է ընդհանուր պարտադիր կուտակային օրենքին, այնպես որ, ըստ նախարարի, պարտադիր կուտակային օրենքի ընդունել-չընդունելը չէր կարող որևէ դերակատարում ունենալ:

 

Արամ Մանուկյանին այլ հարց էլ էր մտահոգում. «Ձեզ չի՞ մտահոգում, որ վարկերն անընդհատ ավելանում են, ո՞վ է մուծելու, տարեկան որքա՞ն տոկոսներ ենք տալու: Պետական պարտքը հինգ միլիարդի սահմանին է մոտենում, մենք ունենք մտահոգություն… Չէ՞ որ անընդհատ վարկեր ենք վերցնում, բայց մուծելու մեխանիզմներ չենք ստեղծում, չկան աշխատատեղեր, արտահանում, կա արտագաղթ և այլն: Այս վարկերի տակից ո՞նց ենք դուրս գալու»:

 

Արտեմ Ասատրյանը նշեց, որ արտաքին պարտքը մտահոգում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու` անկախ այն բանից` կառավարության անդամ է, թե` ոչ: Նախախարի խոսքով` կառավարությունն ուշադրությամբ քննարկել է այդ վարկային համաձայնագիրը, դա վերաբերելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր արժանի են սոցիալական պաշտպանության ոլորտում որակյալ ծառայություններ ստանալու: Ծրագրի արդյունավետությունը նախարարը գնահատեց «նպատակային և տեղին»: