կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-30 13:45
Հասարակություն

Google Maps-ն է անգամ շտապել Մոնթե Մելքոնյանի «հարցում», այնինչ քաղաքապետարանը դեռ ձգձգում է

Google Maps-ն է անգամ շտապել Մոնթե Մելքոնյանի «հարցում», այնինչ քաղաքապետարանը դեռ ձգձգում է

«Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպությունը և «Փողոցների և այլ օբյեկտների անվանում և վերանվանում» ՖԲ նախաձեռնության  անդամ  Տիգրան Մարտիրոսյանը մայիսի կեսերին  դիմում-առաջարկ էին ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ  նորակառույց փողոցը՝ Լենինգրադյան-Իսակով անցումային մասում, անվանակոչվի  հայ ազգի հերոս Մոնթե Մելքոնյանի անունով:

 

«Փողոցն առայժմ անուն չունի, և իմ մտքով անցավ` ինչո՞ւ այն չանվանակոչել  մեր հերոսներից մեկի անունով : Ընկերներիցս մեկի` Արմեն Մխիթարյանի հետ համատեղ դիմում գրեցինք` Տարոն Մարգարյանին ուղղված: Առհասարակ, շատ փողոցներ կան Հայաստանում, որ արժե անվանակոչել մեր հերոսների  անուններով»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ «Ֆեյսբուք»-ում ստեղծվել է նախաձեռնություն` «Փողոցների և այլ օբյեկտների անվանում և վերանվանում» անունով, որը  հայ անվանի գիտնականների, արվեստի և մշակութային գործիչների, ազգային հերոսների, ազատամարտիկների, մտավորականների և այլ արժանի մարդկանց հիշատակը վառ պահելու և արժեւորելու նպատակով խնդիր է դրել Հայաստանի տարբեր վայրերում նրանց անվամբ փողոցների կամ այլ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների  անվանակոչման գործընթաց սկսել:

 

Տիգրան Մարտիոսյանը նշեց, որ իր դիմումին քաղաքապետարանը պատասխանել է: Մասնավորապես` քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Ա. Վարդանյանը պատասխանել է, որ Հայաստանի ազգային հերոս, Արցախի ազգային հերոս, Արցախյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանի անվամբ Երևան քաղաքում պողոտա անվանակոչելու վերաբերյալ առաջարկը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն, կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը, և արդյունքների մասին քաղաքապետարանը լրացուցիչ կտեղեկացնի:

 

Տիգրան Մարտիրոսյանի խոսքով` մայիս ամսվա` ավագանու նիստի օրակարգն արդեն կազմված էր, այդ հարցը չհասցրեց ներառվել օրակարգում, սակայն անցան հունիս, հուլիս ամիսները, և հարցը կրկին չներառվեց ավագանու նիստում, օգոստոսը արձակուրդային ամիս էր, իսկ սեպտեմբերի` ավագանու օրակարգում կրկին այդ հարցը ներառված չէ:

 

«Ես չգիտեմ, թե ինչո՞ւ այդ հարցը մինչ օրս չի ներառվել ավագանու օրակարգում: Զարմանալի է, թե ինչո՞ւ են այդ հարցը ձգձգում ու չեն դնում քննարկման»,- ասում է Տիգրան Մարտիրոսյանը:

 

Հետաքրքրական է, որ  Google Maps հավելվածում փողոցը նշված է Մոնթե Մելքոնյանի անունով: