կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 15:26
Քաղաքական

ՀՀՇ-ն յոթ երգ գիտի, յոթն էլ` ՀՅԴ-ի մասին

ՀՀՇ-ն յոթ երգ գիտի, յոթն էլ` ՀՅԴ-ի մասին

Նոյեմբերի 2-ին, հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդես է եկել  ՀՅԴ հասցեին ուղղված զրպարտչական և բացահայտ ստահոդ հայտարարություններով:

 

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդում է, որ Դաշնակցությանն ուղղված մերկապարանոց մեղադրանքները պատասխանի արժանի չէին լինի, եթե պրն Մանուկյանը չաղճատեր իրականությունը և դեպքերի իրական ընթացքը:

 

«Մասնավորապես` պրն Մանուկյանը պնդում է, որ իրենք առաջ են քաշել ընտրությունների արդար անցկացումն ապահովող չորս պայման, որին ՀՅԴ-ն չի միացել և իբրև թե  չի աջակցում: Այդ պայմաններն են.

 

1.    քվեարկողների մատերի թանաքանշում, որը կկանխի կրկնակի քվեարկությունը,

2.    ընտրությունների ընթացքի մոնիտորինգ,

3.    նկարահանումներ,

4.    մասնակցության ցուցակների հրապարակում:

 

Ի տարբերություն ՀԱԿ առաջնորդի, որը միայն վերջին հանրահավաքին է անդրադարձել ընտրությունների կազմակերպման որակին, ՀՅԴ-ն (և «Ժառանգությունը») դեռևս մայիս ամսին ներկայացրել են ընտրական օրենսդրության այլընտրանքային տարբերակ, որը շուրջ 20 դրույթ էր պարունակում, որոնք ընտրությունների կազմակերպումն ավելի արդար, ազատ և թափանցիկ կդարձնեին: Հիշենք առաջարկներից մի քանիսը.

 

1.    Սահմանել 100% համամասնական ընտրակարգ:


2.    Փոխել ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը:


3.    Բազմակի քվեարկությունների և լցոնումների բացառման նպատակով.

3.1.    քվեարկության մատյանների (քվեարկածների ստորագրություններով) հրապարակում (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները),

3.2.    քվեարկության կազմակերպման և հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում,

3.3.   քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր ընտրողի անձնագրի սկանավորման և արխիվացման իրականացում,

 

4.    Քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի զարգացման նպատակով.

4.1.    ներդնել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք հաշվարկում և հնարավորություն են տալիս ցանկացած պահի իմանալ քվետուփում առկա ծրարների (քվեարկության մասնակիցների) թիվը,

4.2.    Փոփոխել քվեածրարների հաշվարկման կարգն ու հերթականությունը:

 

5.    Նախընտրական քարոզչության սահմանման, հասանելիության և հավասարության ապահովման նպատակով.

5.1.     օրենքով ամրագրել, որ ՀՌԱՀ-ը պետք է հրապարակի իր մոնիտորինգի և վերահսկողության մեթոդիկան (ԵԱՀԿ-ի նման, թե ինչպես է գնահատում անկողմնակալությունը),

5.2.    սահմանել նախընտրական քարոզչություն հասկացությունը,

5.3.    սահմանել, որ նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստառադիոընկերությունների գովազդի մեկ րոպեի սակագինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստառադիոընկերության վերջին 6 ամսվա ընթացքում տեղ գտած եւ տվյալ եթերաժամի համար նախատեսված առևտրային գովազդի մեկ րոպեի միջին արժեքը:

 

6.    Թաքնված ընտրակաշառքների բացառման նպատակով օրենսդրորեն կարգավորել «բարեգործական» հիմնադրամների և կուսակցությունների գործունեությունը նախընտրական և ընտրական փուլերում:

 

7.    Վարչական ռեսուրսի օգտագործման բացառման նպատակով օրենսդրորեն արգելել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից պետական գույքի, ինչպես նաև պետական դիրքի  օգտագործումը քարոզչական հնարավորությունների ընդլայնման համար:

 

Համեմատելով վերը նշված կետերը, կարող ենք նշել, որ ՀԱԿ առաջ քաշած պահանջները, ավելի ամբողջական ու համակարգված, վաղուց բարձրաձայնվել էին ՀՅԴ-իկողմից, թերևս բացառությամբ մատերի թանաքոտման, որը Դաշնակցությունն առաջարկել էր փոխարինել ավելի քաղաքակիրթ՝ անձնագրերի սկանավորման տարբերակով: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ ՀՀՇ առաջնորդը կա՛մ տեղյակ չէ նախընտրական գործընթացներից և քաղաքական ուժերի դիրքորոշումներից, կա՛մ նենգափոխում է դրանք:

 

Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն և նրա դուստր ձեռնարկություն ՀԱԿ-ը, փորձում են մոլորեցնել հայ հասարակությանը,  իրենց ներկայացնելով որպես միակ «իրական» ընդդիմություն, կամ քաղաքական ուժ, որն ընդունակ է համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին, իսկ «համաքաղաքացիական մոբիլիզացիա» ասելով` նկատի ունեն միայն իրենց կուրորեն հետևելը»,- ասված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: