կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-20 15:08
Քաղաքական

Կարևորը ոչ թե Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախարարների հանդիպումն է, այլ այն, որ հանդիպել են Նախիջևանում

Կարևորը ոչ թե Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախարարների հանդիպումն է, այլ այն, որ հանդիպել են Նախիջևանում

Կարևոր է ոչ թե Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումն ու քննարկածը, այլ այն, որ նրանք հանդիպել են Նախիջևանում. Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն` անդրադառնալով Նախիջևանում տեղի ունեցած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իրակլի Ալասանիայի և Իսմեթ Յըլմազի եռակողմ հանդիպմանը:

 

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում երեք երկրների նախարարները որոշել են հավաքները պարբերական դարձնել՝ տարին երկու անգամ, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ 3 երկրները համատեղ ռազմական ուսումնավարժանքներ կանցկացնեն:

 

Շաքարյանցի կարծիքով` դեռ որևէ մտավախություն պետք չէ ունենալ, քանի որ մեր մտավախությունները տեսլական բնույթ կկրեն:

 

«Հենց իրենց պայմանավորվածությունները սկսեն իրականություն դառնալ և քիչ, թե շատ հաճախակի դառնան նրանց հանդիպումները` այդ ժամանակ մենք, իրոք, հիմք կունենանք մտածել, որ երեք հարևան պետությունները վտանգում են մեր անվտանգությունը: Իսկ այն փաստը, որ նախարարները հանդիպել են Նախիջևանի տարածքում` պետք է որպես քաղաքական ակնարկ ընկալվի, ընդ որում` ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև` Ռուսաստանի և Իրանի: Հենց հիմա Իրանում հնչում են մեղադրանքներ, որ արմատական ահաբեկիչներին օժանդակող երկրներից մեկն էլ Ադրբեջանն է»,-ասաց Շաքարյանցը:

 

Ըստ նրա, եթե մոտ ապագայում երեք պետությունների հանդիպումները հաճախակի բնույթ կրեն և ռազմական ինչ-որ միասնություն ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերեն` այդ ժամանակ պետք է մտահոգվեն նաև Ռուսաստանն ու Իրանը` Հայաստանի հետ մեկտեղ:

 

«Եթե Թուրքիայի, Ադրբեջանի ևՎրաստանի միասնությունը կդառնա իրական և դուռ կծեծծի Հայաստանի անվտանգության համակարգին` ինձ չի թվում, որ մենք պետք է մտածենք` արտատարածաշրջանային ուժերին դիմել: Այդ ժամանակ մեր իշխանությւոնները հիմք կունենան Ռուսաստանին ու Իրանին առաջարկել համատեղ ջանքերով` եթե ոչ խանգարել, միջամտել թուրք-ադրբեջանա-վրացական միասնությանը, այլ ստեղծել սեփական միասնությունը: Միգուցե նրանց միասնությունն իրենից մեծ բան չներկայացնի էլ, բայց այսպես ասած` բալանսը չխախտելու համար պետք է մենք էլ եռակողմ միասնություն ստեղծենք»,-ասաց Շաքարյանցը: