կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-07 10:43
Տարածաշրջան

Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ՝ Նախիջևանում. Էրդողան

Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ՝ Նախիջևանում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Քեչիյորենի մետրոպոլիտենի բացման ժամանակ՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող ահաբեկչություններին:

Ըստ «Անադոլու» գործակալության՝ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչական բոլոր կազմակերպությունները նույնն են, այդ թվում՝ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը գլխավորած և Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող Գյուլենական շարժումը:

Էրդողանն իր ելույթում կարևորել է  ահաբեկչության դեմ պայքարը՝ նշելով, որ իրենց շատ լավ հայտնի է երկրի ներսում կատարվող ահաբեկչական գործողությունների և Սիրիայում ու Իրաքում ընթացող գործընթացների միջև կապը:

«Եթե մենք այդ սպառնալիքներն այնտեղ չկանխենք, մեր սեփական տանը խաղաղ ու երջանիկ ապրելու հնարավորություն չենք ունենա: Մենք ստիպված ենք մեր երկրին ուղղված սպառնալիքները արմատախիլ անել հենց իրենց ծագման օջախում: Թուրքիայի անվտանգությունն սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ՝ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ՝ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ՝ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ՝ Նախիջևանում, ոչ թե Արթվինում, այլ՝ Բաթումիում, ոչ թե Թրակիայում, այլ՝ Բալկաններում: Հիշենք սա», - ասել է Էրդողանը: