կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-30 18:01
Տնտեսական

Նախատեսվում է կառուցել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը, հողմակայաններ, արևային էլեկտրակայան, ՀԷԿ-եր…

Նախատեսվում է կառուցել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը, հողմակայաններ, արևային էլեկտրակայան, ՀԷԿ-եր…

Կառավարությունը վաղվա նիստում կհաստատի ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

 

Ներկայումս, նշվում է կառավարության ներկայացրած հիմնավորումներում, էներգետիկական համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ' կապված անվտանգության  մակարդակի և տարբեր բնույթի ռիսկերի նվազեցման, էներգետիկ ծառայությունների որակի բարձրացման հետ: Այդ նպատակով անհրաժեշտ են ծրագրեր, որոնք ուղղված կլինեն էներգետիկ անվտանգության բնագավառում առկա խնդիրների համակարգված լուծմանը:

 

Բերենք հայեցակարգով նախատեսվող ծրագրերից ու միջոցառումներից առավել ուշագրավները: Նախատեսվում է ՀԱԷԿ-ի գործող ատոմային էներգաբլոկի աշխատանքային ռեսուրսի երկարացում 10 տարով: Այս դրույթի կատարման ժամկետը նշվում է 2015 թվականը:

 

Նախատեսվում է էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացում և էներգետիկ համակարգի (Որոտան ՀԷԿՀ և Սևան-Հրազդան ՀԷԿՀ) հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով' ծրագրի մշակում: Սա շարունակական գործընթաց է:

 

Մեկ այլ կետով նախատեսվում է Հայկական ԱԷԿ-ի մինչև 1000 ՄՎտ հզորության նոր էներգաբլոկի կառուցում: Այս ուղղությամբ' 2026 թվականին նոր ԱԷԿ-ի շահագործման հանձնվելու համար, պետք է 2015 թվական Կազմել ծրագիր՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընթացի կազմակերպման նպատակով:

 

Հայեցակարգով նախատեսվում է փոքր ՀԷԿ-երի (մինչև 145 ՄՎտ ընդհանուր հզորությամբ) կառուցում' լրացուցիչ շուրջ 500 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն ի լրումն ներկայիս մոտ 740 մլն կՎտ.ժ-ի, և նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երում միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնոլոգիաների կիրառման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում:

 

Հայեցակարգայն առանձին-առաձին կետերով նախատեսվում են  Լոռի բերդ ՀԷԿ-ի (60 ՄՎտ հզորությամբ) կառուցում' շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն' օրվա կարգավորվող ջրամբարով և Շնող ՀԷԿ-ի (75-ից մինչև 100 ՄՎտ հզորությամբ) կառուցում' շուրջ 300-ից մինչև 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն: Ինչպես նաեւ պետք է մինչև 2020 թվականը Մեղրի ՀԷԿ-ը (100-130 ՄՎտ հզորությամբ) կառուցվի' եւ դրանով տարեկան շուրջ 800 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրվի:

 

Հայեցակարգով նախատեսվում է մասնավոր ներդրումների ներգրավմամբ մինչև 200 ՄՎտ հզորությամբ հողմակայանների կառուցում, որի արդյունքում պետք է հավելյալ  շուրջ 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա արտադրվի:  Նախատեսվում է նաև երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման նպատակով հետազոտություններ կատարել և երկրաջերմային էլեկտրակայան կառուցել: Հայեցակարգում նշվում է արևային էներգիայի օգտագործման մասին' էլեկտրաէներգիա  ստանալու նպատակով: Այս առումով պետք է կառուցվի արևային ֆոտովոլտայիկ մինչև 30 ՄՎտ հզորության էլեկտրակայան:

 

2014-2016 թվականներին պետք է կառուցվի նաեւ Երևանի ՋԷԿ-ում 250-450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկը: Հայեցակարգի երկու այլ կետերով էլ ենթադրվում է  Իրան - Հայաստան    400 կՎ երկշղթա օդային գծի և Հայաստան- Վրաստան 400 կՎ միջհամակարգային նոր գծերի կառուցում' տարածաշրջանային ինտեգրացման գործընթացի ապահովմամբ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հրազդան-5 էներգաբլոկի տարածքում նախատեսվում է նոր 400կՎ լարման ենթակայան կառուցել, ինչը հնարավորություն կտա կապել Իրան-Հայաստան 400կՎ լարման և Հայաստան-Վրաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման գծերը:

 

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում նպատակադրվում է ապահովել էներգիայի սպառման արդյունավետությունն ու էներգախնայողությունը, երկաթուղային տրանսպորտի տնտեսության արդիականացումն ու էներգախնայող ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը' 2014-2020 թթ.:  ախատեսվում է վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործում և էներգախնայողություն' ջրածնային շարժիչներով ավտոտրանսպորտի զարգացման հնարավորությունների հետազոտման միջոցով' ջրածնի ստացման ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ապագայում ստեղծվող էլեկտրաէներգետիկ հզորությունների օգտագործմամբ:  

 

Ուշագրավ է, որ իր էլեկտրատրանսպորտի մի զգալի մասը  մի քանի տարի առաջ քանդած երկրում նախատեսվում է նաև էլեկտրատրանսպորտի զարգացում' մասնավորապես' արտանետումների կրճատման նպատակով Երևանին մոտ գտնվող քաղաքների հետ  տրոլեբուսային կապի ստեղծում:

 

Բազմաթիվ այլ դրույթներ ևս ունի հայեցակարգը, ինչպես, օրինակ' Էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստում, տարբեր ու տարաբնույթ օրենսդրա-իրավական ակտերի մշակում ու ընդունում, ծրագրերի մշակում եւ իրականացում...