կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-19 09:44
Սպորտ

Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը Նանկին է մեկնում լավագույն վեցյակ մտնելու նպատակով

Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը Նանկին է մեկնում լավագույն վեցյակ մտնելու նպատակով

Օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում ընթանալու են ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերը, որի ծրագրում տեղ գտած մարզաձևերից 8-ում պատրաստվում են մասնակցել նաև Հայաստանի 14 պատանի մարզիկներ: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը ներկայացնում է նրանցից  մեկին՝ 63 կգ քաշային ծանորդուհի Սոնա Պողոսյանին:

Հայաստանի ծանրամարտի աղջիկների հավաքականը Լեհաստանի Ցեխանով քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավեց երրորդ տեղը և արժանացավ ամառային օլիմպիական պատանեկան խաղերի մեկ ուղեգրի:

 ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը նանկինյան ստուգատես մեկնելու պատիվն ընձեռեց քասախցի` 16-ամյա Սոնա Պողոսյանին (63 կգ): Նրա անձնական մարզիչն է Արման Ղազարյանը, հավաքականինը` աշխարհի նախկին չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Մասնագետները նշում են, որ չափազանց հաճելի է Սոնայի մարզումները ղեկավարելը: Նա շուտ է ընկալում ու վստահորեն կատարում առաջադրանքները: Սակայն ընդհանուր պատրաստականությունում շտկելու որոշ խնդիրներ դեռևս կան: Մասնավորապես` արագության ու կամային հատկանիշները պետք է բարելավել: Սոնան լավ գիտի, որ նանկինյան խաղերի ծրագրում ընդգրկված է աղջիկների հինգ քաշային կարգ, յուրաքանչյուրում հայտավորված է 10 մարզուհի: Նրանց մի մասի հետ հայ ծանրորդուհին ծանոթացել է 2013 թ. Տաշքենդում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում:

 

Ամենուրեք գովասանքով են խոսում Սոնայի մասին: Նշում են նրա մեղմ, հանգիստ բնավորությունը, կիրթ վարվեցողությունը, ընթերցասիրությունը (հատկապես՝ հայ պոեզիան): Իսկ նրա աշխատասիրությունն ու համառությունը հույս են ներշնչում, որ օլիմպիական խաղերում մեր պատվիրակը կիրականացնի լավագույն վեցնյակ մտնելու իր նպատակը: