կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 15:16
Մշակույթ

Ռուբեն Գինեյը, հանդիսատեսի ձեռքը բռնած, անցել է շուրջ 80 000 կմ ճանապարհ

Ռուբեն Գինեյը, հանդիսատեսի ձեռքը բռնած, անցել է շուրջ 80 000 կմ ճանապարհ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր տեղի կունենա Ռուբեն Գինեյի «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն առաջադրվել է կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Այն համատեղ նկարահանել են Մեքսիկան, ԱՄՆ-ը և Արգենտինան:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը Չինաստանի թանգարաններից մեկում տեսել է հայկական և պարթևական մետաղադրամներ, որից հետո էլ փորձել է իր զգացածը փոխանցել հանդիսատեսին` ներկայացնելով նաև մեր պատմությունը:

 

«Շատ երկրներ այսօր փորձում են իրենց և Չինաստանի պատմության հետ առնչություն գտնել, քանի որ Չինաստանի դերը տարեցտարի ավելանում է: Հայաստանն այս առումով վերջին տեղերում չէ: Նկարահանումները տևել են երեք տարի, և այդ ընթացքում 80 000 կմ ճանապարհ ենք անցել, անգամ կորուստներ ենք ունեցել` նկարահանող խմբի անդամներից մեկը մահացավ համաճարակից: Ուզում էի` բռնել հանդիսատեսի ձեռքն ու տանել այն ճանապարհով, որոնցով մենք են անցել»,- ասաց Գինեյը:

 

Նրա հավաստմամբ` եթե գրքով կամ տեքստով ներկայացվեին մեր պատմության այն մանրամասները, որոնք ներկայացված են իր ֆիլմում, շատերն ուշադրություն չէին էլ դարձնի:

 

Ի դեպ, ռեժիսորը նշեց նաև, որ ֆիլմի հնչյունային ռեժիսորը, ով նույնպես այս օրերին Հայաստանում է, ցանկանում է Հայաստանում մնալ և դուդուկ նվագել սովորել: «Նա մի փոքր կարողանում է նվագել, բայց ցանկանում է լավ տիրապետել գործիքին: Ֆիլմի սկզբում հնչում է դուդուկ` նրա կատարմամբ: Մեքսիկայում քչերը գիտեն դուդուկի մասին, և նա պատրաստվում է գործիքն այնտեղ հանրաճանաչ դարձնել»,- ասաց ռեժիսորը: