Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Շատ լավն ա իմ կյեղը, մատաղ իմ կյեղին»,- ոսկեպարցի Մարգո Ավետիքյանը գյուղ մտնող ծանոթ-անծանոթին այսպես է դիմավորում: Որ իր գյուղն անփոխարինելի է, վերջերս գլխի ընկավ: Մարգո տատիկի բոլոր երեք տղաներն էլ Ռուսաստանում են: Մորն էլ են տարել՝ մշտական բնակության, չի դիմացել, փախել է: «Պառավ կնիկ եմ, ես ստի եմ կենըմ»,- Մարգո Ավտիքյանը փախուստն առանձնապես չի հիմնավորում:
Ոսկեպարցի տատիկը գյուղամեջում ում տեսնում՝ նույն հարցն է բարձրացնում` գյուղի հեռարձակող կայանը կա'մ թող վերականգնեն, կա'մ իր տան կտուրին մի «տարելկա» դնեն: Մի խոսքով՝ «էն տարելկիցն եմ ուզըմ»: Գյուղամեջում հավաքված երիտասարդները ժպիտով են վերաբերվում խնդրանքին: Տատիկի տղաները Ռուսաստանում լավ էլ գործի են՝ թող առնեն:
Դաշնության Վորոնեժ, Բելգորոդ , Ստարի Օսկոլ քաղաքներում մոտ 600 ոսկեպարցի է ապրում: Ոսկեպարցիներն այս թիվն անընդհատ մեծացնում են: «Աշխատանք չկա, ստիպված են գնում »,- ասում է Եղիշ Մաղսուդյանը ՝ նոր գնած «Պաջերո»-ի ղեկին նստած: Մեքենան Ստարի Օսկոլում աշխատած փողով գնեց: Մտքինը մեքենան վաճառելն ու նորից մեկնելն է` էստեղ գործ չկա, ջահելների համար զբաղմունք չկա, նույնիսկ զրույցի թեման են դժվարությամբ գտնում «Թեման հըմի դուք եք, կգնաք, մի ուրիշը կգա, եմա կդառնա »,- կողքից հեգնում է Եղիշի ընկերը՝ Գրիգոր Ալավերդյանը:
Սահմանամերձ Ոսկեպարը լքվել ու ծերանում է:Ա յսօր Բելգորոդի շրջանում ավելի շատ ոսկեպարցի է ապրում: «Իսկ պատերազմի տարիներին բոլորն էին էստեղ, ոչ ոք չհեռացավ»,- հիշում է Ոսկեպարի միջնակարգ դպրոցի դասվար Սուլթան Բադալյանը: Դպրոցը այդ տարիներին մի քանի հարյուր աշակերտ ուներ, այժմ 84 ն են: Պատերազմական ամենածանր օրերին էլ դպրոցը գործել է: Դասվար Բադալյանը չի մոռանում, թե ինչպես էին փորձում ցրել փոքրիկների վախը. «Կրակոցը որ շատ էր լինում, բարձր երգում էինք, որ էրեխեքը չվախենա.. Էդպես աշխատել ենք»:
Երեք որդիների մայրը միշտ էլ իր ու երեք որդիների ապագան Ոսկեպարում է փնտրել, բայց տղաներից երկուսն արդեն գյուղում չեն: Երկուսն էլ հայրենի սահմանի թեժ կռիվներին են մասնակցել: Մեծ որդին թնդանոթաձիգ էր: Հեռացավ , որովհետև հող մշակելով «չի ապրվում», ոռոգման ջուր չկա, գյուղտեխնիկա չկա, Ոսկեպարի դեղձի ու խաղողի դրախտային այգիները հիմա խոտհարքի են վերածվել: «Կռվին մինչև վերջ մասնակցել են, գործ չի եղել, գնացել են»,- ասում է Սուլթան Բադալյանը: Ոսկեպարում մնացել է միայն փոքր տղան: Մայրն ուզում է` նա ավագներին չհետևի, հեռանալու միտք չունենա, թոռները Սերգեյն ու Սյուզին, մեծանան այստեղ՝ խաղաղության մեջ ու չհեռանան: Տիկին Սուլթանի կարծիքով` գյուղը նախևառաջ հայ-ադրբեջանական հակամարտությունն է դատարկում: Մարդիկ չեն հավատում, որ մի օր այստեղ խաղաղություն է հաստատվելու: Հրադադարի խախտումները պարբերական են, ամեն կրակոցի հետ հիշում են` հակառակորդը քթի տակ է, շնչես՝ կզգա: Անկանոն կրակահերթերը խորացնում են անվստահությունը հարևան Ադրբեջանի հանդեպ. «Ինչպես վստահ լինենք , որ Ադրբեջանն իր սև դեմքը ցույց չի տա, հիմա նենց բաներ են անում, չենք կարա վստահ լինենք»: Թշնամանքի վերջին օրինակը գերեվարված, ապա հայկական կողմին վերադարձված Մամիկոն Խոջոյանի չարչարված մարմինն է: Տավուշցի ծերունուն խոշտանգումներն, ի վերջո, գերեզման տարան: Ոսկեպարցի ուսուցչուհին հիշում է, թե ինչպես էին «այն տարիներին» ողջ գյուղով խնամում ադրբեջանցի գերիներին. «Մեր գրասենյակում պահում էինք, հերթով տանում հաց տալիս»: Գյուղը ադրբեջանցի շատ գերիներ է տեսել: Իսկ ոսկեպարցի Սաշիկ Եգանյանը ադրբեջանական գերությունից այդպես էլ չվերադարձավ: Չգիտեն` ողջ է , թե… Ընտանիքը` կինը, աղջիկներն ու տղաները սպասեցին, սպասեցին ու, ընտանիքի հորը երբևէ տեսնելու հույսը կորցրած, իրենք էլ մեկնեցին Ռուսաստան:
Սուլթան Բադալյանը հեռացածների վերադարձին չի սպասում, քանի դեռ խաղաղ կյանք չկա: Իսկ դրան այստեղ ամենաշատն են սպասում. « Ոչ ոք, ոչ մի մայր` ադրբեջանցի, թե հայ, չի ուզենա իրա էրեխուն մի բան լինի, ժողովուրդը երբեք պատերազմ չի ուզենա»:
Գյուղի աղբյուր մոտ Ոսկեպարի 36 տարվա գրադարանավարուհին է` Համասփյուռ Բադալյանը: Տունն է մատնացույց անում` հինգ անգամ գնդակոծվել է, հիմա նորից վերակառուցել են `«էրեխեքս, Ռուսաստանից»: Մայրը հանգիստ է, որ իր տան ջահելները հեռու են կրակի այս գծից. «Անցած լինի, մեր ջահելները չտենան»:
Ոսկեպարը պատերազմի աշխարհագրության ամենաթեժ կետն էր: Հրադադարն էլ այստեղ չի լռեցրել կրակոցները: Բայց գյուղը գեղեցիկ, մաքուր ու փայփայված տեսք ունի: Ռուսաստանի ոսկեպարցիներն են օգնում հարազատներին էլ, գյուղին էլ: Աչքաթող են արել միայն դեպի Ղազախ տանող ճանապարհը: Այն, սակայն, դեռևս անանցանելի չի դարձել:
Կ.Մելքոնյան