կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-07 16:20
Մշակույթ

Շոստակովիչի քոթեջը տեսնելու համար անհրաժեշտ էր «հաղթահարել» «Բալա, բալա»-ի ելևէջները

Շոստակովիչի քոթեջը տեսնելու համար անհրաժեշտ էր «հաղթահարել» «Բալա, բալա»-ի ելևէջները

1960-ականներին Կոմպոզիտորների միության նախագահն Էդվարդ Միրզոյանն էր: Ժամանակակիցները փաստում են` այդ ժամանակաշրջանում Վրաստանն ու Ադրբեջանը ցանկություն ունեին, որպեսզի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը կառուցվի հենց իրենց երկրում, բայց Միրզոյանը ոչ միայն ցանկություն ուներ, այլև միանգամից գործի անցավ: Ասում են` Միրզոյանն անձամբ էր վերահսկում շինարարությունը, ամեն քար դրվում էր նրա իմացությամբ:

 

Մեկ-երկու տարի առաջ Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն էինք գնացել: Տուրիստներին, որոնք անվանի մարդիկ էին` դրսից եկած երաժիշտներ, ցանկանում էինք ցույց տալ Դիլիջանի ստեղծագործական տունը, նաև այն քոթեջը, որտեղ ժամանակին Շոստակովիչն էր իջևանել: Ստեղծագործական տունը տեսան, նկարվեցին, «աղեկ է» ասացին ու հայդե` Շոստակովիչի քոթեջ, որտեղ մեզ չէին սպասում:

 

Երբ ավտոբուսը կանգ առավ Շոստակովիչի իջևանած քոթեջի մոտ, մեզ դիմավորեց սպիտակ «Նիվա»-ն` միջից հնչող «Բալա, բալա»-ով, որն այնքան բարձր էր միացված, որ ստիպված եղանք դուռը մի քանի րոպե անպատասխան թակելուց հետո ուղղակի ներս մտնել: Ու մինչ այդ ընթացքում մեր հարգարժան հյուրերը ֆոտոխցիկներն էին հանում ու իրենց տեսքի բերում, որ Շոստակովիչի քոթեջ մտնեն, նկարեն ու նկարվեն, մենք հասցրինք «երանելի» քոթեջը տեսնել, վախենալ ու  հյուրերին արագ տեղեկացնել, որ քոթեջները շփոթել ենք, իսկ Շոստակովիչի իջևանած քոթեջը, ցավոք, այսօր տեսնել չենք կարող /ինչ-որ սուտ պատճառ հնարեցինք, որը չեմ հիշում/:

 

Ներսում, ոնց տղաներն ասացին, «փարթի» էր. երկու փորիկավոր տղաներ անհայտ պատկանելության աղջիկների հետ «տժժում» էին: Սենյակում դաշնամուր կար դրված, որի վրա էլ, ասում են, նվագել էր Շոստակովիչը, և որի հետ էլ ուզում էին մեր հյուրերը նկարվել: Դաշնամուրը որպես սեղան էր ծառայում, որի վրա միայն ամանորյա չարազն էր պակասում: Մի խոսքով` իսկը նկարվելու տեսարան…

 

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ, բարեբախտաբար, նման տեսարանների չենք հանդիպի, ամեն ինչ վերահսկողության տակ է: Նա տեղեկացրեց, որ հիմա իրենք բանակցություններ են վարում մեծահարուստների հետ, որպեսզի Դիլիջանի ստեղծագործական տունը վերանորոգվի, ջեռուցման հարցը լուծվի:

 

«Կոմպոզիտոների միությունը ՀԿ է, և մենք պետք է ինքներս այդ ֆինանսական հարցերը լուծենք: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա Դիլիջանում հոգաբարձուների խորհուրդ ձևավորել: Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան ներդրումներ անել, որպեսզի մեր ունեցած ժառանգությունը կարողանանք իր նպատակին ծառայեցնել: Այս պահին արդեն ակտիվ աշխատանքներ ենք սկսել` Դիլիջանը մաքրվում է, ավելորդ ճյուղերն ենք կտրում, ծառերը մշակում, քոթեջները կարգի բերում: Մենք մեր հնարավորության չափով փոփոխություններ ենք անում, տեսքի բերում, իսկ հիմնանորոգում անելու համար գումար է պետք»,- ասաց Սաթյանը:

 

Նրա կարծիքով` եթե ուզում ենք Դիլիջանը վերականգնել և համաշխարհային երաժշտական կենտրոն սարքել, պետք է առաջին հերթին քոթեջները կարգի բերել: Քոթեջներն այժմ էլ շահագործվում են, բայց խիստ հսկողության ներքո են:

 

«Երբ միության նախագահ դարձա, հրավիրեցի Դիլիջանի ստեղծագործական տան տնօրենին, աշխատակիցներից մի քանիսին և հարցրի, թե մինչ այս ի՞նչ է տեղի ունեցել, իսկ նրանք գլխահակ լռեցին: Ես հանել եմ աշխատանքից տնօրենին, հաշվապահին ու մի քանի աշխատակիցների: Չեմ ուզում` մեր երեխաները, հյուրերը, որոնք կայցելեն Դիլիջան, նման ախմախ իրավիճակում հայտնվեն, քանի որ դա հասարակաց տուն չէ, ստեղծագործական միություն է, որը ոչ միայն պետք է պահպանենք, այլ նաև վերակառուցենք»,- ասաց Սաթյանը:

 

Նա նշեց նաև, որ շատերն են ուզում, որ Դիլիջանը վաճառեն իրենց, սակայն իրենք չեն պատրաստվում նման քայլի դիմել:

 

«Ասում են` տվեք մեզ, և մենք դրա վրա միլիոններ կծախսենք, կհիմնանորոգենք: Երբ վերջերս մեկը նման առաջարկություն արեց, ես հարցրի նրան` լավ, իսկ կոմպոզիտորները ո՞նց են գնալու հանգստանալու, ասաց` զեղչեր կանենք` օրական 20 դոլար կվճարեն: Բայց չէ՞ որ կոմպոզիտորները հնարավորություն չունեն` 50-60 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Երբ կարողանամ ոչ միայն միության շենքի հետ կապված հարցերը կարգավորել, այլ նաեւ կոմպոզիտորներին ֆինանսական աջակցություն տալ, այ, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասաց Սաթյանը:

 

Կարինե Հարությունյան