կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-10 16:15
Առանց Կատեգորիա

Լույսը տեսնելու համար հայացքդ պետք է վեր բարձրացնես. Վիգեն Ստեփանյան

Լույսը տեսնելու համար հայացքդ պետք է վեր բարձրացնես. Վիգեն Ստեփանյան

Մարդու տեսակ կա, որ մինչ մթնելը կարող ես նստել ու զրուցել հետը, ու այդ ամբողջ ընթացքում եթե նույնիսկ խոսեք դառը բաներից, բայց, մեկ է, երբ ասում ես «հաջողություն» ու բաժանվում, մի տեսակ թեթեւացած ես քեզ զգում: Ու դա նրանից չէ, որ դարդերով կիսվել-հանգստացել ես, ուղղակի դիմացինի էներգիան «բուժիչ» է, խոսքը, եթե անգամ` սուր` հոգատարությունից ելնելով ասված:  Yerkir.am-ի զրուցակիցն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

 

-Պարո'ն Ստեփանյան, թատրոններից ինչո՞ւ է բացակայում թատերական մթնոլորտը:

-Այն, ինչի համար ես թատրոնը սիրեցի, հիմա դրանից բան չի մնացել: Պոլիտեխնիկի կրթություն ունեի, բայց, ամեն ինչ մոռանալով, գնացի նորից սովորելու, որ դառնամ թատրոնի մարդ ու կարծես թե դարձա` չնայած հիմա սկսել եմ կասկածել դրանում, քանի որ շատ բան է փոխվել: Ի վերջո, մարդ ինչ-որ արժեքներ է ունենում, որը սիրում, հարգում է եւ ուզում է, որ դրանք անփոփոխ մնան, իսկ հիմա այդ ամենն այնքան է ձեւափոխվել, որ ինձ դժվար է գնահատական տալ: Երեւույթներ կան, եթե ես փորձեմ հասկանալ, միգուցե անձնական ողբերգություն ապրեմ: Դժվար է դառնալ 60-ն անց մարդ, ինչ-որ բաներ անել ու գիտակցել, որ այդ ամենը սին է, ոչ մեկին պետք չէ: Եկել են ուրիշ կարգեր, ուրիշ մարդիկ ու օրենքներ, բարոյական ուրիշ գնահատականներ ու չափանիշներ. հիմա կարելի է անել ամեն ինչ, անցնել ամեն ինչի վրայով, անտեսել, չհարգել դիմացինին: Հոռետես չեմ, բայց չեմ էլ ուզում ստել. հիմա մի շրջանում եմ, որ, չնայած բազմաթիվ առաջարկներ կան, բայց ոչինչ չեմ ուզում անել: Ինքդ քեզ պետք է հավատաս, գործ սկսելուց առաջ ոգեւորվես, իսկ ինձ մոտ ինձ անհասկանալի իրավիճակ է: Ի վերջո, արժեքներն ունեն չափանիշ, գնացուցակ, փողը չեն հնարել, որ մարդիկ իրենց գրպաններում պահեն, բայց հիմա փողը դարձել է այն չափորոշիչը, որով մարդիկ առաջնորդվում են: Թատրոնն այսօր դարձել է էժան` ամբողջ էությամբ: Թատրոնը, գոնե իմ երիտասարդ օրերին, եղել է յուրահատուկ, թելադրողների զբաղմունք, այն տարել է իր հետեւից, կրթել ու սովորեցրել, իսկ հիմա թատրոնը հարմարվում է` գոյատեւելու համար: Եթե վաղը մեկը ցանկանա «Իմ տատիկի թումբանը» պիեսը բեմադրել, որը ոչ մի արժեք չունի, միեւնույն է, կարվի` մարդն իր տատիկին սիրում է, թումբանը կարոտել է, ուրեմն` կարելի է բեմադրել: Դերասանը, որ վարձատրվում է այսօրվա հաստիքով, չի կարող լավ ապրել: Եթե չի գնահատվում որեւէ բան, ուրեմն` կարեւոր էլ չէ: Թույլ տալ այն, ինչ այսօր են թույլ տալիս անել, իմ ժամանակվա թատրոնում ոչ մեկի մտքով չէր անցնի:

 

-Ասացիք` թատրոնը մի տեսակ էժանացել է, մեր կյանքն էլ չի՞ էժանացել:

-Մի կողմից` կյանքը տարօրինակ կերպով թանկացել է, բայց, մյուս կողմից, այո, մանրացել, խուրդվել է` նախաճաշ, գործ, օրվա փող, ճաշ, հեռուստացույցի մոտ ախմախ ինչ-որ բան դիտել ու քուն: Իրադարձությունները, դեպքերը պակասել են մեր կյանքում: Իսկ երբ ոչինչ չի կատարվում, մարդը գնալով ավելի անտարբեր է դառնում` «Որոտան» ՀԷԿ-ը, արտգործնախարարության շենքը վաճառեցին, ոչինչ, մեկ է, դա ինձ չի վերաբերում: Իսկ ի՞նչն է մեզ վերաբերում, ինչո՞ւ է մեզ համար միեւնույն, ի՞նչ է կատարվում: Անտարբերությունը գնալով զարգանում է` երեխայիս մոտ այսինչ բանը չստացվեց, դե, ոչինչ, մյուս անգամ կստացվի: Իներցիայով ենք ապրում:

 

-Շատ չե՞նք ստանդարտների մեջ ապրում, ինքներս մեզ համար գծած քառակուսում ձգտում էլ չունենք դուրս գալու:

-Այո, շտամպների մեջ ենք ու չենք ուզում դուրս գալ, քանի որ հետաքրքիր չէ` դրսում ինչ կա, սովորել ենք այդ վիճակին: Նայիր` ո՞նց են հագնվում քո տարեկիցները, երիտասարդները: Մեր ժամանակվա երիտասարդներից յուրաքանչյուրն իր գույնն ուներ: Ջինսն իրադարձությունն էր, բոլորն էին խոսում էդ մասին` Վիգենը ջինս է առել, տեսե՞լ եք: Ես հիմա մարդկանց իրարից չեմ տարբերում, սեւագույն մի ամբոխի ենք վերածվել: Մի անգամ «Նաիրի» կինոթատրոնի կողքով քայլում էի, ինձ թվաց` հոգեհանգստի թափոր է` լրիվ սեւ էին, պարզվեց` կինոսեանսը նոր էր ավարտվել: Զարմանալու բան է կատարվում քաղաքում:

 

-Զարմանալո՞ւ, թե՞ վախենալու:

-Այո, նաեւ վախենալու, քանի որ մենք համոզված ենք, որ անտարբերությունը լավ է: Մի ժամանակ ես շատ լուրջ անհանգստացել էի, որ ես մեծացա` պարտավոր էի ինչ-որ բան թողնել: Բայց այն, ինչ կարողացա անել, կարողացա անել մաքսիմում իմ ընտանիքում, պահանջը, ցանկությունը չկար, գուցե նաեւ ուսանողներիս ինչ-որ բան կարողացա փոխանցել: Ի վերջո, ուրիշ Երեւան չի լինելու, եւ ուրիշ ազգի չեմ դառնալու, չեմ էլ ուզում դառնալ: Ես որտե՞ղ հպարտանամ, որ հայ եմ կամ հպարտանալուց ի՞նչ ասեմ` «հոգնեցինք» Մաշտոցներից, Սեւակներից, բայց ցավն էն է, որ հիմա նրանց էլ չգիտեն, է:

 

-Ասում եք` անհասկանալի շրջանում եք գտնվում: Երկրում էլ էդ նույն վիճակը չէ՞:

-Դե, ամեն մարդ սկսում է իրենից: Ինքս ինձ չեմ կարող խաբել, ես չեմ տեսնում` հանուն ինչի՞ անեմ ինչ-որ բան, եւ այդ անելիքն ո՞ւմ է պետք: Գիտե՞ս` կատակասերների ելույթները չեմ նայում: Ոչ թե նրա համար, որ կատակել չեմ սիրում, ոչ, սիրում եմ, եւ Երեւանում ՈՒՀԱ բացելու առաջին մարդկանցից մեկն եմ եղել: Վերջերս մի կատակերգական հաղորդում կար, եւ ես ուզում էի ժպտալ, շատ էի ուզում ծիծաղել, բայց իմ մտային կարողությունները չբավարարեցին, որ ծիծաղեմ: Տղերքն անում են, ինչ կարող են, ես որեւէ մեկին ինչ-որ բան ասել չեմ կարող, բայց այն, ինչ կատարվում էր դահլիճում, դա ինձ սարսափեցրեց` մարդիկ անկեղծ կոտորվում էին: Մտածում էի` միգուցե ես չե՞մ հասկանում: Երկու համալսարան եմ ավարտել, սիրում եմ կարդալ` մեր տանը մոտ 3000 հատոր գիրք կա, բայց «արա, ո՞նց ես», «քեզ ինչ, արա» ասելու վրա «շնորհք չունեմ», որ ծիծաղեմ:

 

-Սոս Սարգսյանն էլ էր վերջում դառնացած: Ասում էր` ինձ բեմի էներգիան է պահում, ամեն ներկայացումից առաջ մտածում էի` սա վերջինն է լինելու, բայց բեմ դուրս գալուց հետո դառնում էր հերթականը:

-Իհարկե, բեմն ունի այդ էներգիան, ես` որպես դերասան, վաղուց բեմ դուրս չեմ եկել: Բեմի էներգիան հզոր է, բայց այդ էներգիան գնալով մարում է: Երբ քեզ ասում են, որ դու էժան արժես, սկսում ես չհարգել ինքդ քեզ, քանի որ չես ուզում էժան գործ անել:

 

-Չբավարարվածության մթնոլորտ կա, անգամ նրանք, ովքեր հնարավորություն ունեն ինչ-որ բան անելու, էլի դժգոհ են:

-Ոչ թե չբավարարվածություն է, այլ չպահանջություն: Եթե ես հասնում եմ ինչ-որ բարձունքի` գործ ունեմ, տուն, մեքենա էլ գնեցի, երեխեքն էլ մեծանում են, հերիք է: Մի հաղորդում կա` «Արդյոք ովքե՞ր են», որի ժամանակ Չելսիի կիսապաշտպանին ավելի շատ են ճանաչում, քան Իսահակյանին: Բայց ես ուրիշ Իսահակյան իմ երկրի պատմության մեջ չունեմ, է: Նա այն մարդն էր, որի անունով կոչել են փողոցներ, դպրոցներ, Իսահակյանը նա էր, ումով ես հպարտանում եմ: Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան` նրանց անունները տասը տարի հետո իմանալո՞ւ են: Ախր, ուրիշները չենք ունենալու, հո միայն Պանթեոնում հանգրվանելով չէ՞: Արժեքները խախտվել են, եւ դա տագնապալի է: Մշակույթը միայն սիմֆոնիկ նվագախումբը, այսինչ այսինչյանն ու չգիտեմ որ փառատոնը չէ, ուտելն էլ է մշակույթ, հագնվելը, հայերեն խոսելը: Ինչո՞ւ ենք մենք այսքան անխիղճ աղավաղում մեր մայրենին: Մեր օրերում ինչքան ախմախ ես ապրում, այնքան ավելի հեշտ ես ապրում, եւ հակառակը` որքան շատ բան ես հասկանում, այնքան շատ ես քեզ հետ վիճում:

 

-Փողի մարդիկ ավելացել են, ստանդարտների մեջ ապրողներս կանք ու կանք, սեւ, համատարր զանգված ենք դարձել: Լավ, բա հետո՞:

-Կգա օրը, որ փորը կկշտանա, բայց սարսափելի կլինի, քանի որ հոգին սոված է լինելու, հոգին, կես կգ միս առնելով, չես կշտացնի: Մեր լավագույն մասնագետները դրսում են ոչ թե նրա համար, որ այստեղ սոված կոտորվում են, այլ չեն ուզում էժան վարձատրվել, չեն ուզում էժան պիտակը լինի ճակատին: Իսկ դերասանի գործը տեղայնացված է, դժվար թե մեկը բարձրանա փարիզյան բեմ եւ ասի` մենք ենք, մեր սարերը: Խախտվել է ամեն ինչ: Անգամ սիրելը մշակույթ է: Ինչպե՞ս կարող ես ասել` ախչի, հլը երկու հատ կոֆե դիր: Եթե ես սիրում եմ մի կնոջ, նա ինձ համար կարեւոր է: Ցավոք, այսօր ամուսինները փորձում են իրար հետ քիչ շփվել կամ գրեթե չշփվել: Կին է, ուրեմն ճաշ է պատրաստում, ամուսինը փող է տուն բերում, երեխաները մեծանում են, վերջ: Ինչո՞ւ ենք ասում` այս երկիրը երկիր չի: Հրաշալի երկիր է, եկեք մտածենք` ո՞նց անենք, որ սովորենք մերը սիրել ու գնահատել:

 

-Դառնացած եք ու մի քիչ հիասթափված, բայց, մեկ է, այստեղ եք, ու էդ նրանից չէ, որ գնալու հնարավորություն չունեք:

-Ես երբեք դրսում ապրելու ցանկություն չեմ ունեցել: 16 տարի ապրել եմ դրսում, այսինքն` աշխատել եմ, բայց յուրաքանչյուր առիթի դեպքում գալիս էի Երեւան, կարոտս առնում: Ես երեւանցի եմ եւ չեմ թաքցնում այդ փաստը: Հիմա մեզ մոտ սոցիալական խնդրի առջեւ են շատերը կանգնած` երեխան մեծացավ, հազար ու մի հարց է առաջանում, եւ հայրը ստիպված լքում է հայրենիքը` միայն թե ընտանիքը պահի:

 

-Հայրենասիրությունը չեն սովորեցնում, օրինակ են ծառայում, լավ, իսկ եթե չկան օրինակ ծառայողները, միգուցե հիմա սովորեցնե՞լ է պետք:

-Շատ լավ եմ հիշում, թե հայրս երեխա ժամանակ ոնց էր ձեռքս բռնում, եւ միասին զբոսնում էինք, երբ քայլում էինք, ասենք, Թումանյան փողոցով, պատմում էր, թե ով է Թումանյանը, ինչ է արել մեզ համար, որ փողոցը նրա անունով է կոչվում: Ես այդ անունները, մեր մեծերին սիրեցի իմ ընտանիքում: Իսկ եթե հայրս գար տուն ու ասեր մորս` «Էս ի՞նչ հաց ես դրել», մայրս էլ` «Ինչ ծախում են, էն էլ առել եմ», ու հայրս պատասխաներ` «Արա, դե երկիրը երկիր չի», վերջ, այս ամենը չի կարող փոքր երեխայի վրա չանդրադառնալ, իսկ իմ մեջ մնացել է, որ հայրս միշտ հպարտ էր եղել իր երկրով: Հիմա մարդիկ հաճույք են ստանում վատաբանելուց, չարախոսելուց, ըմբոշխնում են` ինչ լավ է, որ Շուշան Պետրոսյանը չգիտեմ ինչ եղավ, վատ է, որ ԱԺ մտավ: Այ մարդ, Շուշան Պետրոսյանի անձնական հարցերը թողեք իրեն: Ինչո՞ւ են ուզում անպայման մարդուն ցավեցնել: Ես եթե մեկին բան ունեմ ասելու, եթե վիրավորված եմ, կկռվեմ էլ հետը, բայց երբ երկուսով կլինենք` դեմ առ դեմ:

 

-Լույսը կա` չե՞նք տեսնում, թե՞ դեռ ճանապարհ ունենք անցնելու` մինչեւ լույսը տեսնել կարողանալը:

-Լույս միշտ կա: Լույսը տեսնելու համար հայացքդ պետք է վեր բարձրացնես: Պետք է ուզենաս տեսնել այն: Այս ամենի մեջ սիրո բացակայություն կա:

 

Կարինե Հարությունյան