կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-04 13:11
Քաղաքական

Հերոսաբար ու միասնաբար

Հերոսաբար ու միասնաբար

Ստրասբուրգից` ԵԽԽՎ ամառային նստաշրջանից վերադարձած հայ խորհրդարանականները, խորհրդավոր լռությունից հետո, երեկ վերջապես հրապարակայնորեն մեկնաբանեցին իրենց որդեգրած լռության քաղաքականությունը եվրոպական այս կառույցում:

 

Պարզվում է՝ հայ խորհրդարանականները որոշել էին հարևան երկրի նախագահի նախահարձակ ելույթի ու մեղադրանքների դիմաց իմաստնաբար լռել՝ ելնելով այն համոզմունքից, որ եթե հարց տային Ալիևին, նա կարող էր օգտվել այդ հանգամանքից և ուզածն ասել, մինչդեռ մեր խորհրդարանականները դրան պատասխանելու հնարավորություն չէին ունենալու: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նույնիսկ վստահ է, որ հարց տալու դեպքում Ալիևը կօգտվեր դրանից՝ իր ուզած պատասխանը հնչեցնելու համար:

 

Այն տպավորությունն է ստեղծվում, թե Ալիևն իր ուզած հարցերի մասին խոսել չէր կարող և սպասում էր հայ խորհրդարանականների միամիտ հարցերին, բայց նրանք, ահա, հերոսաբար ու միասնաբար լռեցին: Ժողովրդական ասացվածքը պնդում է, թե լռությունը ոսկի է: Անշուշտ, ոսկի է: Բայց եթե լռությունը դառնում է երկրի դիվանագիտության ամենասիրած մեթոդը, ինչպես հավաստվեց նաև Աստանայում Հայաստանի նախագահի շփոթահար լռությամբ, այդ դեպքում թերևս արժե լրջորեն խորհել ոսկու և լռության համարժեքության մասին:

 

Բ. Գասպարյան