կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 14:15
Հասարակություն

Ապատեղեկատվությունը վնասում է առողջությանը

Ապատեղեկատվությունը վնասում է առողջությանը

Ինտերնետային կայքերում այսօր կարելի է գտնել ցանկացած նյութ` յուրաքանչյուր բնագավառի մասին: Քիչ չեն նաև բժշկական և առողջության մասին նյութերը, որոնք երբեմն պարունակում են ոչ ճիշտ տեղեկատվություն: Սովորական ընթերցողները հաճախ դառնում են այդ ապատեղեկատվության զոհը:

 

«Մի քանի ամիս առաջ կայքերից մեկում մի դիետայի մասին կարդացի և ուրախացա, որ կարճ ժամանակահատվածում կարող եմ շատ կիլոգրամներ կորցնել և վերջապես ունենալ խոստացված արդյունքը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարիամը:

 

Հաճախ ինտերնետում հայտնված նմանատիպ նյութերը ունենում են հակառակ ազդեցությունը, ինչպես եղավ Մարիամի դեպքում: Նա  դիետայի ամբողջ ընթացքում կորցրեց ինը կիլոգրամ, փոխարենը ձեռք բերեց նոր առողջական խնդիրներ: «Հինգ շաբաթ հետո ես սկսեցի թուլանալ, արյանս ճնշումն ընկավ և քթիցս հաճախակի սկսեց արյուն գալ: Դիմեցի բժշկի և իմացա, որ այդ ամենի միակ պատճառը սխալ և վտանգավոր դիետան է»,- պատմեց Մարիամը:

 

Կայքերում հիմնականում կարելի է սխալներ հանդիպել հատկապես այն նյութերում, որոնք հրապարակված են ոչ բժշկական հաստատությունների պաշտոնական էջերում և ոչ բժիշկ-մասնագետների կողմից: «Անկեղծ ասած` ես շատ քիչ եմ ուշադրություն դարձնում հղումներին, երբ հետաքրքիր նյութեր եմ կարդում, մոռանում եմ ինֆորմացիան տրամադրած աղբյուրի մասին»,- փաստում է Մարիամը:

 

Շատ կայքեր, երբ հրապարակում են նյութեր, որոնք ոտքից գլուխ ապատեղեկատվություն են, հաճախ մոռանում են մասնագիտական էթիկայի և հատկապես` մարդկային վերաբերմունքի մասին և ընկնում սենսացիայի ու բազմաթիվ լայքերի հետևից:

 

«Այս խնդիրը համացանցի ամենակարևոր բացթողումներից է, որը չի կարգավորվում: Լավագույն դեպքում պետք է կապնվել տվյալ կայքի հետ և պահանջել, որ հեռացնեն այդ անգրագետ նյութը»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «ԶԼՄ օրենսդրություն» առարկայի դասախոս, բանասիրական գիտություների թեկնածու Վարդուհի Պետրոսյանը:

 

Մեր հերոսուհին, սակայն, չի դիմել ոչ ոքի: «Չեմ էլ մտածել որևէ մեկին դիմելու մասին, որովհետև կարծում եմ, որ իրական մեղավորը հենց ես եմ: Չպետք է ինտերնետում հայտնված տեղեկատվությունը ճշմարտություն համարել»,- ասում է Մարիամը:

 

Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը հորդորում է հետևել այն բժշկական ցուցումներին, որոնք արվում են վստահելի կայքերի և մասնագետների կողմից: «Ինչ վերաբերում է դիետային, պետք է ասեմ, որ ցանկացած գովազդ արագ նիհարելու մասին, սխալ է: Չի կարելի կարճ ժամանակահատվածում շատ կիլոգրամներ կորցնել և չվնասել առողջությանը»,- ասում է բժիշկ-դիետոլոգը:

 

Վարդանուշ Պետրոսյանի հավաստմամբ` չկա նաև նիհարեցնող թեյ կամ սուրճ, դրանք բոլորը գովազդի տարբերակներ են: «Գիրությունը և ճարպակալումը հիվանդություններ են, և ճիշտ նիհարելու համար պարտադիր պետք է դիմել բժշկի` դիետոլոգի, հոգեբանի»,- ասում է նա:

 

Ըստ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` այսօր օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ պատասխանատվություն կայքում նյութ տեղադրողների, կայքի պատասխանատուների կամ լրագրողների համար: «Նախ` կայքերը պետք է բաժանել երկու տեսակի` կայքեր, որոնք մասնագիտական են, կայքեր, որոնք ուղղակի ունեն առողջապահությանը վերաբերող առանձին բաժին, հետո արդեն կայքի վրա դնել օրենքով որևէ պարտավորություն»,- ասում է պատգամավորը:

 

Քաղաքացիական օրենսգրքում կա հետևյալ դրույթը, որ քաղաքացու կյանքին, առողջությանը, գույքին կամ իրավաբանական անձի գույքի, ապրանքների, ծառայությունների կառուցվածքային բաղադրամասերի կամ այլ թերությունների, ինչպես նաև ապրանքի, աշխատանքի, ծառայության մասին ոչ ճիշտ, ոչ բավականաչափ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, ապրանքը վաճառողի կամ արտադրողի, աշխատանքը կատարողի կամ ծառայությունը մատուցողի կողմից` անկախ նրանց մեղքից և տուժողի հետ պայամանգրային հարաբերության մեջ գտնվելու հանգամանքից:

 

Դրույթին անդրադառնալիս Հովհաննիսյանը հավելում է. «Խնդիրն այն է` արդյո՞ք այդ նյութերը կարող ենք դիտարկել որպես ծառայություն, թե` ոչ: Եթե մենք կարողանանք այդ բժշկական նյութերը դիտարկել որպես ծառայություն, որը վնասել է քաղաքացու առողջությանը, անկասկած, պատասխանատվություն կլիներ: Բայց նման դեպքերը ավելի շատ բարոյականության և էթիկայի խնդիր են»:

 

Էմմա Հովսեփյան