կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 13:15
Քաղաքական

Տեսչական ստուգումների կասեցման ժամկետը երկարաձգվում է

Տեսչական ստուգումների կասեցման ժամկետը երկարաձգվում է

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես հերթական հանձնարարական, նշեց, որ տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումների կասեցման ժամանակահատվածը երկարաձգում է մինչ տարեվերջ: Հանձնարարվեց գործադիրի հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:

«ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների, սահմանափակվել են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները: Հաշվի առնելով ՀՀ-ում տեսչական բարեփոխումների շրջանակում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսվարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում են կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով` ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսը զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից: Ըստ վարչապետի` ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա։ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին։