Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները փակել են ավտոոճանապարհը: Նրանք բողոքի ակցիա են իրականացնում`պահանջելով վճարել իրենց աշխատավարձը:
Այս պահին 19 հայկական կապալառու կազմակերպությունների աշխատակիցները փակել են Ուջան գյուղի մոտակայքի ճանապարհը: Նրանք նշում են, որ իրենց աշխատավարձը չի վճարվել դեռ անցյալ տարվա օգոստոսից, իսկ արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից դադարեցվել են ճանապարհաշինարարական աշխատանքները:
Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում են նաև, որ գրավոր դիմումով ու առաջարկներով դիմել են կառավարություն, սակայն իրենց հայտնել են, որ գլխավոր կապալառուն իսպանական ընկերությունն է, և իրենց հարցերը պետք է նրանց հետ պարզաբանել:
«Ժակշին» ՍՊԸ-ի հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը նշում է, որ իրենք դիմել են և’ վարչապետին, և’ փոխվարչապետ Ավինյանին, և’ տրանսպոտի նախարարին, և’ իսպանական կազմակերպությանը: «Մենք ոչ մեկից սպառիչ պատասխան չենք ստացել: Իսպանական կազմակերպությունն ասում է` պիտի դիմեք կառավարությանը, կառավարությունն էլ ասում է, որ ինքը գումար չունի»,- պարզաբանում է նա` հավելելով, որ խոսքը 2 միլիարդ 200 միլիոն դրամի մասին է:
Խոսելով արդեն իրենց ակնկալիքների մասին` ցուցարարը բացատրում է. «Մենք ցանկանում ենք, որ տրանսպորտի նախարարությունը, աշխատանքները վերահսկող կազմակերպությունը`«Սաֆեջ»-ը, փոխվարչապետ Ավինյանը ընդհանուր սեղանի շուրջը նստեն ու հասկանան` ով է վճարելու մեր աշխատավարձը»:
«Միրադա» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Նորամիրյանն էլ հավաստիացնում է` նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնելու են պարբերաբար` մինչև իրենց խնդիրները չլուծվեն: «Հիմա մենք կանգնել ենք սնանկության առաջ: Հանդիպումներ ենք ունեցել բոլորի հետ, բայց քայլ ու լուծում չկա: Մենք ունենք հարկերի հետ կապված խնդիր, այսքան մարդ ունի աշխատանքի խնդիր: Մեզ ասել են, որ կլուծեն, բայց մինչ օրս ոչ մի բան չեն արել: Խնդրել ենք, որ գոնե շահութահարկերը թեթևացնեն կան հետաձգեն, բայց դա էլ չեն անում: Բազմիցս գրավոր ենք դիմել, բայց այդ նամակներին ոչ մի լիարժեք պատասխան չի տրվել»,- մանրամասնում է նա`ավելացնելով, որ նմանատիպ բողոքի ակցիա են իրականացրել նաև դեկտեմբերի 27-ին:
Հավելենք, որ, ըստ կառավարության, ծագած խնդիրները կապված են աշխատանքի որակի ու դրանց ժամկետների հետ: Փոխվարչապետ Ավինյանի խոսքով`այժմ բանակացություններ են ընթանում իսպանական ընկերության հետ: «Այս հարցով որոշումները պետք է բխեն հանրային շահերից` նույնիսկ վերջնական ծրագրի վերականգնման, անգամ` դրա վերանայման դեպքում: Ենթակապալառուներին վճարումների հարցը գտնվում է «Կորսամ - Կորվիամ» իսպանական ընկերության հետ պայմանագրային բազայի հարթությունում»,- շեշտել է նա` ավելացնելով, որ կառավարությունը կարող է աջակցել որոշ հարցերում, բայց չի կարող վճարել ընկերության փոխարեն, քանի որ հասարակական միջոցներն օգտագործել մի քանի ընկերությունների հարցերի լուծման համար անհնար է: «ՀՀ իշխանությունները ուշադրություն կդարձնեն իսպանական կապալառուի անբարեխղճությանը` անկախ այն բանից, թե նրանց հետ համաձայնությո՞ւն ձեռք կբերվի, թե՞ գործը կհասնի մինչև արբիտրաժ»,- վստահեցրել է փոխվարչապետը:
Ի դեպ, ճանապարհն այն պահին բաց է: Բանակցություններ են ընթանում ոստիկանների հետ: Դեռ հասկանալի չէ` ճանապարհը կրկին կփակվի՞, թե՞ ոչ: