կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 14:14
Հասարակություն

ԳԹԿ-ն իր առաքելությունը լավ կատարեց` Հայաստանում պակասեց հայերի թիվը

ԳԹԿ-ն իր առաքելությունը լավ կատարեց` Հայաստանում պակասեց հայերի թիվը

Տարեկան 4 անգամ 4 հատորից բաղկացած շտեմարան են հրատարակում ու 2500-3000 դրամով վաճառում, պարզ է, չէ՞, որ դա գնում է մեկի գրպանը, ծառայում կոնկրետ մեկի շահերին. այսօր լրագրողներին ասաց վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը:

 

Նրա հավաստմամբ` այս տարի «Հայոց լեզու» առարկայի քննությունները համեմատաբար հանգիստ են անցել, իսկ քննական թեստերում սխալ չի հայտնաբերվել: Բայց, այնուամենայնիվ, թեստ կազմողները դեռ շարունակում են նենգ հարցեր կազմել` խճճելով դիմորդին:

 

«Աղաղակում են, թե` բռավո, հասանք նրան, որ միջինը 14 բալը դարձավ: Ախր, սիրելինե'րս, դա ամոթ է, ինչո՞ւ պետք է լավ սովորող երեխան 20 բալ չստանա: ԳԹԿ-ի ներկայացուցիչները հասան իրեն նպատակին` Հայաստանում զգալիորեն պակասեց հայերի թիվը»,-ասաց տիկին Ստեփանյանը:

 

Հայոց լեզվի դասախոս Սուսաննա Աբազյանն էլ, իր հերթին, կոչ արեց աշակերտներին` գալիք տարվա շտեմարանները չգնել, քանի որ դրանք նույնն են լինելու, ուղղակի որոշ հարցեր բացակայելու են: Աբազյանի կարծիքով` պետք է շտեմարաններն ընդհանրապես չվաճառեն, հարցերը պետք է տեղադրվեն ԳԹԿ-ի կամ ԿԳ նախարարության կայքերում, իսկ մարզերի դիմորդների համար հրատարակվի որոշ խմբաքանակ, բայց` պետպատվերով:

 

«Ինչո՞ւ են քննություններն այս կարգի իրադարձություն սարքում, ինչո՞ւ են այդքան ծախսեր անում և թեստերն Անգլիայում տպում: Քննությունը պետք է ուղղակի երեխայի գիտելիքները ստուգի, ոչ թե դառնա հանրային քննարկման առարկա»,- ասաց տիկին Աբազյանը: