կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 15:57
Քաղաքական

ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել. Ռոբերտ Նազարյան

ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել. Ռոբերտ Նազարյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ստանալով բոլոր լիցենզավորված կազմակերպությունների պաշտոնական հայտերը, ի մի է բերել այդ ամենը և որոշել, թե որքան պետք է լինի էլեկտրաէներգիայի գինն առաջիկայում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այս պահին, ավելի ճշգրտված տվյալներով, այդ գինը կազմում է կիլովատտի դիմաց 3,85 դրամ:

 

Նշենք, որ երեկ Ռոբերտ Նազարյանը էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հանդիպել էր ԲՀԿ խմբակցության հետ, առավոտյան «Ժառանգություն» խմբակցության հետ, իսկ կեսօրին` ՀՅԴ խմբակցության:

 

Նա նշեց, որ, որպես պետական կառույց, ՀԾԿՀ-ն պարտավոր է հանդիպել ԱԺ խմբակցությունների հետ, խոսել այդ խնդրի մասին և պատասխանել հետաքրքրող հարցերին:

 

«Որևէ մի մարդ ուրախ կլինի՞, որ սակագին է բարձրանում: Մենք, որպես հանձնաժողով, ունենք օրենքով ամրագրված գործառույթներ, որով պետք է ապահովենք լիցենզավորված կազմակերպությունների ֆինանսական կայունությունը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

 

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի այն հիմնավորմանը, թե էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է, ինչի արդյունքում առաջացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարց, Ռոբերտ նազարյանը պատասխանեց. «ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տարածել, որ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է, նման բան չկա, հակառակը` յոթ տոկոսով ավելացել է սպառումը»:

 

Նա նշեց, որ գազի մատակարարման համակարգում գործում է ընկերություն, որը սահմանից գազը բերում հասցնում է սպառողին, և նա կարող է հայտ ներկայացնել, թե որքան պետք է կազմի գազի գինը: Իսկ էլեկտրաէներգետիկական շուկայում գործում են 11 խոշոր ընկերություններ, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում: Դրանք բոլորը ներկայացրել են իրենց հայտը, հանձնաժողովն էլ ամփոփել է այդ հայտերը: «Սակագները կարող են վերանայվել ինչպես հայտերի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնության դեպքում»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

 

Նրա խոսքով` սպառողի մասին էլ են մտածել, և այդ ընկերությունների կողմից ներկայացրած ծախսային մասն ուսումնասիրելով` կարելի է տեսնել, որ այն տարբերվում է այն մեծություններից, որոնք հանձնաժողովը համարել է չհիմնավորված ու մերժել է:

 

«Մենք որևէ մեկի շահերից չենք հանդես գալիս, մենք դեռ վաղուց պետք է սկսեինք այդ գործընթացը, պարզապես պետք է վերլուծեինք այդ հայտերը: Եթե մենք այդ ընկերությունների շահերը պաշտպանեինք, ապա այդ ընկերությունները տարեկան կտրվածքով չէին ունենա 16 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս»,- ասաց Նազարյանը եւ նշեց, որ հանձնաժողովը չի կարող կանխատեսումներ անել երկու-երեք տարվա համար, այլ միայն` մեկ: