կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 17:24
Քաղաքական

Հաղորդում` հանցագործության մասին. Որոտանի վաճառք

Հաղորդում` հանցագործության մասին. Որոտանի վաճառք

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ներկայացնելու է չորս խախտում, որոնք հիմնավորում են Որոտանի հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն և հակաօրինական լինելը:

 

Նա նշեց, որ Որոտանի հիդրոկասկադի վաճառքով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ՝ ուղեկցված ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ և հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ:

 

Հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն դոլարով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը, համեստ հաշվարկներով, տասն անգամ ավելի է: Սրան գումարած՝ երեք ՀԷԿ-երի, դրանք սպասարկող դերիվացիոն թունելների և այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության` խայտառակ մասշտաբներով կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է:

 

Արամ Մանուկյանը մատնանշեց նաև ջրամբարների օտարման անօրինականությունը: Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն: «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները իմպերատիվ ձևով

ա. պետական սեփականություն են,

բ. մասնավորեցման ենթակա չեն:

 

Ըստ Արամ Մանուկյանի` սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության կոպտագույն խախտումն արձանագրելու համար:

 

Պատգամավորը շեշտում է, որ առկա է նաև Իրանի հետ կապված խնդիրը. հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է, որ գործ ունենք նաև քաղաքական գործարքի հետ: Կառավարությունը շրջանցել է Ազգային ժողովը: «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: 

 

«Ես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում Որոտանի հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին և հետևողական եմ լինելու այս գործի պատշաճ քննության հարցում»,- ասաց Արամ Մանուկյանը: