Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր մեղավոր է ճանաչել «Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով հինգ մեղադրյալներին:
Հանցագործության կատարողը` Ռուստամ Մահմուդովը, և կազմակերպիչը` Լոմ-Ալի Գայտուկաևը, դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նրանց հանցակիցները` Ջեբրայիլ Մահմուդովը, նրա եղբայր Իբրահիմը, ինչպես նաև իրավապահ համակարգի նախկին աշխատակից Սերգեյ Հաջիկուրբանովը, համապատասխանաբար, դատապարտվել են 14, 12 և 20 տարվա ազատազրկման:
Ե'վ Պոլիտկովսկայայի երեխաները, և' փաստաբանը, և' «Նովայա գազետայի» անձնակազմը պնդում են, որ դեռ վաղ է գործը փակված համարել, քանի որ սպանության պատվիրատուն ազատության մեջ է:
«Բազմաթիվ հարցեր են մնում պատվիրատուի մասով: Մենք պատրաստ ենք համագործակցել, այդ թվում` նաև դատապարտվածների հետ` հետաքննությունը շարունակելու համար»,- interfax.ru-ի հաղորդմամբ` ասել է Պոլիտկովսկայայի որդի Իլյան:
«Մենք դատավճռով բավարարված կլինենք միայն այն ժամանակ, երբ պատժվեն բոլոր մեղավորները և առաջին հերթին` պատվիրատուն»,- ասել է փաստաբան Աննա Ստավիցկայան:
«Նովայա գազետա» թերթի հիմնադիր Աննա Պոլիտկովսկայան հայտնի էր իր սուր հրապարակումներով, որոնցում հաճախ քննադատում էր ռուսաստանյան իշխանություններին, հատկապես` Կրեմլի քաղաքականությունը Չեչնիայում:
Պոլիտկովսկայան սպանվել էր իրենց շենքի վերելակում 2006թ. հոկտեմբերի 7-ին` նախագահ Պուտինի ծննդյան օրը: