Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում փակ, գաղտնի քվեարկությամբ ՍԴ նոր անդամ է ընտրվել Արայիկ Թունյանը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, Արայիկ Թունյանին կողմ են քվեարկել 65 պատգամավոր, դեմ` 3-ը:
Արայիկ Թունյանը մինչ այդ նշեց, որ գիտակցում է ՍԴ անդամի ծանր ու պատասխանատու աշխատանքը և որ շատ բան ունի անելու: Նրա խոսքով` ՍԴ-ն շատ կարևոր դեր է խաղում երկրի օրենսդրական կյանքում:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց ՍԴ անդամի թեկնածուին. «ՍԴ հեղինակությունը, եթե չասեմ` ամենավակաբեկված է, ապա չի վայելում հասարակության վստահությունը: Նախ` կուտակային կենսաթոշակի հետ կապված, ի՞նչ պետք է անեք Դուք ՍԴ որոշման հետ կապված իրավիճակը շտկելու համար»:
Արայիկ Թունյանը պատասխանեց, որ, իրավական ակտերի հետ կապված, լինում են երկու տեսակի հակասություններ` ակնհայտ և ենթադրյալ: Նա նշեց, որ, որպես իրավաբան, անիմաստ է համարում քննարկել ՍԴ որոշումը, իսկ ինչ վերաբերում է ՍԴ հեղինակությանը, ապա, իր կարծիքով, ՍԴ-ն նոր կայացած կառույց է և մեծ աշխատանք է կատարել, և ՍԴ-ն ունի բարձր հեղինակություն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց ՍԴ անդամի թեկնածուին. «Բոլոր նախագահական ընտրությունները վիճարկվել են ՍԴ-ում, ինչպե՞ս եք ընդունում ՍԴ-ի այդ որոշումները: ՍԴ հեղինակությունը ինչպիսի՞ն է` Ձեր կարծիքով: Եվ կուտակային կենսաթոշակի հարցը. ՍԴ-ն պարտադիրը հանեց՞, թե՞ ոչ»:
Արայիկ Թունյանը նշեց, որ կոնկրետ պատասխան կարող է տալ, երբ կծանոթանա ամբողջ նյութին: «Քաղաքական հարցերով ես չեմ զբաղվում, չեմ հետաքրքվում: Եթե ՍԴ-ն որոշում է կայացրել, ուրեմն առաջնորդվել է Սահմանադրությամբ և օրենքներով: ՍԴ աշխատանքը շատ դժվար աշխատանք է»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը այդ պատասխանից զայրացավ` նշելով. «Ես Ձեզ առաջին անգամ եմ տեսնում, ինձ տասը րոպեում համոզեցիք, որ Ձեր թեկնածությանը չի կարելի քվեարկել, բարեկա'մս: ՍԴ-ն միշտ է խփել պետության ողնաշարին: Ձեր պահվածքով շատացնելու եք այն մարդկանց թիվը, ովքեր պարել են իշխանությունների նվագի տակ: Մենք դեմ կքվեարկենք, որ այդտեղից ելույթ չունենաք:»
«Ձեր իրավունքն է, որևէ խնդիր չեմ տեսնում»,- պատասխանեց Արայիկ Թունյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու ՍԴ նոր անդամի քվեարկությանը, որովհետև կարծում է, որ Արայիկ Թունյանը համալրելու է այն միաձույլ անդամների խումբը, որոնք վախենում են սեփական կարծիք ունենալուց: «Բոլոր հարցերին նույն պատասխանն եք տալիս, թե չեք ցանկանում քաղաքականությանը մասնակցել: Անգամ մտքում վախենում եք ունենալ սեփական տեսակետ, ցանկացած անշառ հարցի չկարողացաք տալ պատասխան»,- ասաց պատգամավորը:
Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Մարդկանց ճանաչելու համար երկար տարիներ են պետք»:
Իսկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ Սահմանադրական իրավունքի ոլորտն այն ոլորտն է, որն ամենաշատն է մոտ կանգնած քաղաքականությանը, իսկ օրենքների մեծ մասը քաղաքական համաձայնություններ են, որոնք ամրագրվում են իրավաբանորեն: «Հիմա Դուք ասում եք, որ չեք հետաքրքվելու քաղաքականությամբ: Սահմանադրական դատարանի ոլորտն առանց քաղաքականությամբ հետաքրքվելու չի կարող լինել: Ուրեմն ինչպե՞ս եք Ձեր գործունեության մեջ զուգակցելու քաղաքականությունն ու սահմանադրական իրավունքը»,- հարցրեց նա:
Արայիկ Թունյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրությունն ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, սակայն ոչ` սահմանադրական իրավունքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը` շատ դրական է զբաղվել սահմանադրական իրավունքով` առանց քաղաքականության միջամտության: Նա նշեց, որ, որպես քաղաքացի, իհարկե, հետաքրքվում է քաղաքականությամբ, սակայն, որպես ՍԴ անդամ, դատարանները պետք է հեռու մնան քաղաքականությունից, որ կարողանան օբյեկտիվ որոշումներ կայացնել: