կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 10:55
Իրավական

ՄԻՊ-ի հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ն ասել է, թե դա առևտրային գաղտնիք է

ՄԻՊ-ի հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ն ասել է, թե դա առևտրային գաղտնիք է

Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2013թ. բյուջեի կատարման քննարկումները, և հաշվետվություն ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

 

Նա նշեց, որ կարողացել են համեստ խնայողություններ կատարել, և դրանք գնացել են պահուստային ֆոնդ: Անդրեասյանի խոսքով` նախորդ տարվա խնայողություններով 2 մլն 700 հազար դրամի համակարգիչներ են ձեռք բերել, կարողացել են տեխնիկապես վերազինվել:

 

Ըստ նրա` հաշվետու տարում 4609 փաստացի դիմում-բողոք է եղել: Օմբուդսմենի խոսքով`  թվում է՝ դիմումների թիվը նվազել է, բայց իրականում հակառակն է՝ դիմումների աճ է եղել, պարզապես քաղաքացիներն արդեն գիտակցում են, որ նմանատիպ դիմումները կարելի է միավորել, ուստի արդեն կոլեկտիվ դիմումներ են լինում: Հաշվետու տարում դիմումների իրական թիվը 6805 է:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով մարդու իրավունքների պաշտպանին, նշեց, որ արդեն երկրորդ տարին է՝ հետևողականորեն անդրադառնում է համակարգային խնդիրներից մեկին՝ ձեռնարկատիրական իրավունքի խաթարմանը կամ խոչընդոտմանը: Նա նշեց, որ 2012-2013 թթ. պաշտոնապես փակվել են 3 000-ից ավելի մանրածախ օբյեկտներ՝ խանութ, կրպակ, շուկաներ, ընթացիկ տարում փակվել են 1600-ը:

 

«Իհարկե, կարծիքներ կան, որ դրանք փակվում են, բացվում էլ են, պատճառները գիտեմ, կասեմ, բայց արդյո՞ք Դուք գիտեք այս գործընթացի բուն էությունը: Մոտ 15 000-ից ավելի աշխատողներ են աշխատանքից զրկվում: Արդյոք դիմե՞լ են Ձեզ, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը՝ հետաքրքրվելով՝ կարող են ՄԻՊ գրասենյակից այդ պրոցեսին արձագանքել և կառավարությանն առաջարկել իրենց գործունեությամբ զբաղվել:

 

Անդրեասյանը պատասխանեց, որ սոցիալ-տնտեսական, իրավական խնդրով խորհրդական ունեն, բացի այդ` ՄԻՊ զեկույցում, որ ներկայում ԱԺ քննարկմանն է դրված և առաջիկա լիագումար նիստում կքննարկվի, մանրամասն ներկայացված են այդ խնդիրները: «Առանձին բաժին ենք դրան հատկացրել, նաև երկու գլուխների տակ՝ ՊԵԿ գործունեության և ՏՄՊՊՀ գործունեությանը վերաբերող գլուխները: Մենք ոչ միայն դիմումներին ենք հետևում, այլև ընդհանուր ուսումնասիրություններ ենք կատարում, մեզ անգամ մեղադրում են, որ տրադիցիոն շրջանակներից դուրս ենք գալիս, մենք դրան համաձայն չենք, անում ենք Սահմանադրությամբ մեզ վերապահվածը: Եթե համեմատություն անեմ՝ երեք տարի առաջ մեզ դիմում էր երևի տարեկան մեկ ընկերություն, այժմ դրանց թիվը տասնյակներ է: Մենք սեփական նախաձեռնությամբ էլ ենք ուսումնասիրություններ անում»,- ասաց նա:

 

ՄԻՊ-ը մեջբերեց մի փոքրիկ էպիզոդ ընթացիկ գրագրությունից: Լոլիկի ներկրման և արտադրության շուկայում խնդիրներին հետևել փորձելով՝ դիմել են ՊԵԿ, որն իրենց հարցմանն ի պատասխան, երբ ցուցակ են խնդրել, պատասխանել է, որ առևտրային գաղտնիք է: «Սա մեզ համար տարօրինակ է, որովհետև ինձ հասու է պետական գաղտնիքի նույնիսկ ամենագաղտնիացված տեղեկատվությունը, սա ուղղակի ավանդույթների պակաս է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրում են և կներկայացնեն, ըստ շուկաների, խոչընդոտներն ու հակամրցակցային խնդիրները:

 

Մելքումյանը հույս հայտնեց, որ այս ոլորտում ՄԻՊ իրավասությունները կընդլայնվեն, քանի որ բիզնես միջավայրից կախված են նաև մյուս էությունները, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ օգնություն է ՄԻՊ-ն ակնկալում իրենցից: ԲՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս հարցում նորովի համագործակցելու խնդիր ունեն:

 

Անդրեասյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են այն թերացումները, որ կան կատարման բլոկում, ոչ թե` օրենսդրական: