կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 16:40
Քաղաքական

Թալեաթի արձանը Վարշավայում...

Թալեաթի արձանը Վարշավայում...

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում, երբ քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Միկոյանի արձանի տեղադրման մասին հարց ուղղեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին:

 

Նա նշեց, որ վերջին շրջանում Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցը քննարկումների առիթ է տվել: Ի՞նչ են ուզում ասել` Միկոյանի արձանը տեղադրելով, եթե համացանցում լայնորեն շրջանառվում է այն փաստաթուղթը, ըստ որի՝ Միկոյանը զեկուցել է Խորհրդային միության ղեկավարությանը, որ 500 գնդակահարվողները Հայաստանում քիչ են, պետք է 1000 հոգու գնդակահարել:

 

«Հիմա դուք այդ մարդու արձանը ուզում եք տեղադրել Երևանի կենտրոնում, ի՞նչ նկատի ունեք: Իհարկե, ես հասկանում եմ, որ Մարտի 1-ը տեղի է ունեցել հենց գործող իշխանավորության շրջանում, և էստեղ ուղղակի համեմատություններն ուրիշ տեղ են տանում: Ես կհասկանայի, եթե նախաձեռնեին Մարտի 1-ի զոհերի արձանը, ովքեր, ի դեպ, գնդակահարվել են հենց քաղաքապետարանի հարևանությամբ, բայց, չգիտես` ինչու, ոչ թե գնդակահարվողների արձաններ են տեղադրվում Հայաստանում ավելի շատ, այլ գնդակահարողների, կամ գուցե ինչ-որ բան ես ճիշտ չեմ հասկանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Կամո Արեյանը նշեց, որ Երևան քաղաքի ՏԻՄ մասին օրենքով, ավագանու գործունեության կանոնակարգով, մայրաքաղաքում արձանների տեղադրման, փողոցների անվանակոչության հարցը վերապահված է Երևանի ավագանուն: Ըստ  փոխքաղաքապետի` արձանի տեղադրման վերաբերյալ ստացվել է առաջարկություն՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու մասին, ավագանին քննարկել, տվել է իր համաձայնությունը: «Ինչ մնում է պատմագիտական-քննական-քաղաքական այն հարցերին, որ վերաբերում է տվյալ անձի անցյալին, մենք հակված ենք, որ դա պատմաբանների, հավաստի աղբյուրների հիման վրա կայացրած եզրակացություն կարող է լինել, այնուամենայնիվ, որպես պետական գործիչ, ավագանին տվել է իր համաձայնությունը: Հանրության մեջ, բնականաբար, պատմության մասնագետների մեջ կան իրարամերժ, տարակարծիք մեկնաբանություններ: Այնուամենայնիվ, ավագանին տվել է իր համաձայնությունը»,- ասաց նա:

 

Պատգամավորը հակադարձեց. «Ասում եք, թե առանց պատմական ենթատեքստերի, առանց պատմաբանների եզրակացությունների հնարավոր չէ պարզել Միկոյանի գործունեությունը, բայց հետո ասում եք, որ Միկոյանը պետական գործիչ է, ի՞նչ գիտեք պետական գործիչ է, դուք պատմաբա՞ն եք: Որպեսզի իմանաք` պետական գործիչ է, թե պետական դահիճ, պետք է այդ հարցին պատասխանեն պատմաբանները»:

 

Փաշինյանը ևս մեկ անգամ հարցրեց, թե քաղաքապետարանը ի՞նչ ուղերձ է հղում երևանցիներին` Երևանում Միկոյանի արձանը տեղադրելով, և ո՞վ է ֆինանսավորելու արձանի տեղադրումը, ե՞րբ է տեղադրվելու այդ արձանը: Նա նաև հավելեց, որ Միկոյանի անունը կապվում է Կատինում 22 լեհ սպաների սպանության հետ, ուրեմն ինչպիսի՞ն կլինի Կամո Արեյանի արձագանքը, եթե Վարշավայում ուզենան դնել Թալեաթի արձանը:

 

Կամո Արեյանը պատասխանեց. «Թալեաթի արձանը և տեղադրումը ինձ չեն հետաքրքրում, ո'չ ակնահաճո է, ո'չ էլ ականջահաճո: Արձաններ տեղադրելիս ուղերձներ չեն հղում: Դրական եզրակացություն տվել է քաղաքապետարանը, կարծիքները միանշանակ ու միաբեւեռ չեն` Միկոյանի անձի ու գործունեության առումով»: Նա հավելեց, որ տեղյակ չէ, թե երբ կտեղադրվի արձանը, նշեց, որ պարզ չէ նաև ֆինանսավորման աղբյուրը, միայն պարզ է, որ քաղաքապետարանը տվել է դրական եզրակացություն: Կամո Արեյանի խոսքով` Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է մի քաղաքացիական նախաձեռնության:

 

Ի դեպ, դժվարանալով պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին, Կամո Արեյանը հորդորեց Փաշինյանին` չշեղվել բյուջեի թեմայից: