Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կասկած չկա, որ Երեւանում Հայաստան-ԵՄ ասոցացման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությունը շատ լավ են լսել ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից շատ ավելի հեռու` ընդհուպ մինչեւ Բրյուսել ու նույնիսկ Բրյուսելից էլ այն կողմ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով Օլանդի այն հայտարարությանը, թե Հայաստանը գտնվում է աշխարհագրական-քաղաքական առանձնահատուկ պայմաններում, եւ Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համար պետք է գտնել այլ լուծումներ' համապատասխան ձեւաչափ:
Ֆրանսիայի նախագահը, ըստ դեսպանի, Ֆրանսիայի քաղաքականության գերագույն հանձնակատարն ու պատասխանատուն է, եւ յուրաքանչյուր անգամ, երբ նա արտահայտում է այդպիսի հարաբերությունների վերաբերյալ որեւէ միտք, դա անում է' ելնելով սեփական պատկերացումներից ու հարցերի հանդեպ սեփական տեսլականից: Այսինքն' նման հայտարարություններ անելիս Ֆրանսիայի նախագահն ավելի հեռանկարային մոտեցում է տալիս իր պատկերացումներին' այդ ամենում չանտեսելով նաեւ պատմական խորությունն ու իրողությունները:
«Այդ հայտարարությամբ նախագահը փորձում է ցույց տալ այն ուղղությունը, որով երեւի թե կարելի է, որ առաջ ընթանան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Բնականաբար, հաշվի առնելով, որ այն ամենից հետո, երբ արդեն նմանատիպ կարծիք արտահայտվեց, եւ այն արդեն ընկալվեց համապատասխան վայրերում, համապատասխան քաղաքական այրերի կողմից, ենթադրաբար, լսածից հետո պետք է համապատասխան անալիտիկ մոտեցումներ ցուցաբերվեն: Եվ ես ամենեւին չեմ կասկածում, որ այդ հստակ արված ուղերձները լսվել, ընդ որում` շատ լավ են լսվել այն մարմիններում, որոնք անմիջականորեն ներգրավված են կամ կոչված են իրականացնելու Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությունը»,- նշեց Անրի Ռենոն:
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ տեղի են ունեցել որոշակի անհատական մեկնաբանություններ' ի պատասխան Օլանդի' Երեւանում հնչեցրած ուղերձի, բայց վաղ է այցից ու հայտարարությունից ընդամենը 2 շաբաթ անց ակնկալել, որ արված ուղերձներին կհաջորդեն ինստիտուցիոնալ բնույթի քայլեր կամ նախաքայլեր:
«Եվ ես չեմ ուզում կասկածել, որ նման հարցերն իրենց արտահայտությունը կգտնեն ԵՄ-Հայաստան Արեւելյան գործընկերության աշխատանքների ժամանակացույցում»,- նշեց Անրի Ռենոն' հավելելով, որ անձամբ ինքը կարծում է, որ Հայաստանի եվրաասոցացման համար համապատասխան ընդունելի տարբերակ գտնելու առումով պետք չէ ժամանակ կորցնել, այլ հարկավոր է անմիջապես աշխատել Օլանդի ուղերձի ուղղությամբ:
Ըստ դեսպանի` կարելի է եւ պետք է գտնել այնպիսի բանաձեւ, որը հնարավորություն կտա Հայաստանին Եվրոպայի հետ ասոցացվելու: Նա նշեց, որ Ֆրանսիան հարգում է Հայաստանի' սեպտեմբերի 3-ին կայացրած ինքնիշխան որոշումը ՄՄ-ին մաս կազմելու մասին, եւ Հայաստան-ԵՄ ասոցացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելիս անպայման պետք է հաշվի առնվեն այն հեռանկարները, որ Հայաստանը հանդիսանալու է ՄՄ անդամ: Ընդ որում, ըստ դեսպանի, դա չի հակասում ԵՄ գլխավոր կարգախոսին' «Միավորում' հաշվի առնելով զանազանությունները»: Իսկ Օլանդն իր խոսքում հստակ հայտարարեց, որ Հայաստանն իր աշխարհագրական ու քաղաքական իրավիճակով առանձնահատուկ է, ու պետք է հաշվի առնել դա, եւ շարունակել աշխատանքները, որ Հայաստանը ասոցացվի ԵՄ-ին: