Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին զանգը նույնն է մեր իրականության մեջ վերջին տարիների ընթացքում, դա հուզմունք է, սցենար է, քեֆ է, գուցե առաջին սիգարետն է, երբեմն սխալ բան է, բայց դա էլ է լինում, առաջին համբույրն է, առաջին խոստովանությունն է սիրած աղջկան, ում 10 տարի հետեւել ես, բայց ռիսկ չես արել դիմել, հույզեր, վտանգավորություն. «Վերջին զանգ»-ի խորհրդի մասին իր դիտարկումներն այսօր ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մեր հարցին' իր վերջին զանգի միջոցառումների ժամանակ նախարարը շա՞տ է խմել, պատասխանեց` սովորել է երկու դպրոցում' սկզբում' ռուսական, հետո տեղափոխվել է հայկական դպրոց, եւ այդ տեսակետից էլ բախտը բերել է, որովհետեւ երկու վերջին զանգ է ունեցել, երկու ավարտական երեկո, երկու քեֆ, երկու բաճկոն առնելու առիթ եւ այլն:
«Երեկ անգամ, երբ իմ ալբոմն էի թերթում` լուսանկարների, գտա մի շարք հետաքրքիր լուսանկարներ: Անգամ որոշել եմ մեկը տեղադրել համացանցում' խնդրանքով' գտնել ինձ այդ նկարում: Լրիվ ուրիշ մարդ եմ' շատ մազերով, նախանձելի շատ...»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը շատ զարմացավ, երբ հարցրեցինք' իսկ ուսուցիչներից որեւիցե մեկի կողմից դաստիարակչական ապտակ ստացե՞լ է եւ ինչի՞ համար: Ասաց, որ ինքը շատ լավ է սովորել. «Գլուխ գովեմ' շատ լավ եմ սովորել, նաև չարաճճի եմ եղել այն առումով, որ լավ եմ սովորել ու լեզուս երկար է եղել: Մինչեւ այսօր ոչինչ չի փոխվել»:
Աշոտյանը խոստովանեց' իրեն երբեք չեն մաղթել նախարար դառնալ. «Երբե'ք, անգամ ամենամղձավանջային երազում նման բան պատկերացնել հնարավոր չէր...»:
Վերջում, լրագրողների խնդրանքով, կրթության եւ գիտության նախարարն անդրադարձավ դրամահավաքության խնդրին` նշելով, թե բոլորն էլ հավաքում են դրամ, որ դրամահավաքությունը «Վերջին զանգ»-ի առիթով ավանդական է դարձել 1960-70-ական թվականներից, ու հարցրեց' կա՞ մարդ, որ այդ առիթով գումար չի հավաքել: Այնուհետեւ ասաց, որ իրեն անգամ ծնողներ են մոտեցել ու ասել' որ չփորձեն արգելել իրենց երեխաների համար այդ օրը տոն դարձնելու համար գումար հավաքելն ու քեֆ անելը:
«Այլանդակությունն այլ հարթության մեջ է: Այլանդակությունն այնտեղ է, որտեղ դրամահավաքությունը դառնում է կաշառքի բուն, որտեղ հավաքված գումարը ծառայում է անճաշակ, տարիքին ոչ հարիր դրսեւորումների համար, կներեք, ռաբիսության համար: Այլանդակությունն այնտեղ է, որտեղ ուսուցիչը, տնօրենն է պարտադրում գումար հավաքելու ծավալն ու փաստը: Իսկ մնացածը եղել է, կա եւ կլինի»,- ասաց նախարարը:
Նշելով, որ ամեն ինչը պետք է լինի հարիր ու չափի մեջ, նա նշեց, որ «Վերջին զանգը» չպետք է դառնա սթրեսի առիթ, նաեւ հիշեց իր «Վերջին զանգը»` հեռավոր 1992 թվականը, ու անկեղծացավ' իր ծնողների համար էլ այն ժամանակ 20 հազար դրամ հավաքելը շատ դժվար էր, տարբեր ծնողներ տարբեր ձեւերով էին այդ գումարը հավաքում, բայց ոչ ոք նրանց այդ գումարը հավաքել չէր պարտադրում: