կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-03 15:05
Իրավական

Որքանո՞վ է այսօր ազատ հայաստանյան մամուլը. կարծիքներ

Որքանո՞վ է այսօր ազատ հայաստանյան մամուլը. կարծիքներ

Այսօր մամուլի ազատության օրն է. հարմար առիթ՝ ևս մեկ անգամ քննարկելու այն հարցը` արդյոք այսօր հայաստանյան մամուլն ազա՞տ է, թե՞ ոչ:

Վերջին ուսումնասիրությունների համաձայն` մամուլի ազատության տեսանկյունից 180 երկրների շարքում Հայաստանը 78-րդն է: Մեր երկիրն այդ ցուցանիշով առաջատարն է Հարավային Կովկասում: Իսկ թե որքանո՞վ է ազատ մամուլն այսօր մեր երկրում, հարցի պատասխանը կարող ենք ստանալ՝ առաջին հերթին ուսումնասիրելով և համեմատելով վերջին տարիներին լրատվամիջոցների կամ լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերը:

 

Իրավաբաններ Արա Ղազարյանի և Աշոտ Վարելջյանի հեղինակած «Վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը լրատվամիջոցների դեմ» վիճակագրության համաձայն` 2010 թվականի մայիսից մինչև 2013 թվականի հոկտեմբեր ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել են 73 հայցեր, որոնցից ներկայումս ընթացքի մեջ է 14 գործ, իսկ մնացած 59-ը ավարտվել են: Ընթացքի մեջ գտնվող 14 գործից 10-ով դեռ դատական ակտ չի կայացվել, իսկ 4-ով կայացվել է առնվազն մեկ դատական ակտ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով հիշյալ վիճակագրությանը՝ Վարելջյանը նշեց, որ լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերի քանակը վերջին տարիներին նվազել է, ինչպես նաև նվազել է վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանված տուգանքների չափը: Իրավաբանը հակված է այն կարծիքին, որ մամուլն այսօր մեր երկրում ազատ է:

Վարելջյանի խոսքով` վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից հետո ոլորտը որոշակիորեն կարգավորվել է, իսկ դատարաններն էլ նմանատիպ գործեր քննելիս ավելի պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում` ավելի մանրկրկիտ են մոտենում հարցերին և ավելի հիմնավորված վճիռներ կայացնում:


Լրատվամիջոցներին պաշտպանելու տեսանկյունից բավականաչափ փորձ ունեցող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, հակված է կարծելու, որ մեր երկրում այսօր մամուլը լիարժեք անկախ և ազատ գործելու հնարավորություն չունի, քանի որ տնտեսապես զարգանալու խնդիր ունի:

«Ազատ մամուլը կարող է գործել տնտեսապես զարգացած երկրներում: Մի պետությունում, որտեղ կիսաօլիգարխիկ համակարգ է, մամուլը ստիպված է լինում հովանավորներ փնտրել, որոնք հիմանակնում պետության ներկայացուցիչներ են լինում, և նման պարագայում լրատվամիջոցը ստիպված է լինում հրապարակել այն, ինչ իրեն պատվիրում են»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:

 

Անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմանը և դրա հետևանքներին` Բաղդասարյանը նշեց, որ դա ճիշտ քայլ էր, սակայն փոփոխությունից հետո ստեղծված զսպման մեխանիզմները թույլ են: Ըստ նրա` պետք է վարչական պատասխանտվություն կիրառվի զրպարտության և վիրավորանքի համար: Իսկ ԶԼՄ-ների հետ իրավական խնդիրները լուծելու համար փաստաբանն առաջարկում է Անգլիայի օրինակը` ստեղծել արբիտրաժային դատարաններ. մի վայր, որտեղ կգործեն, օրինակ, մամուլի ներկայացուցիչներից կազմված դատավորներ, ովքեր արագ կկարողանան քննել քաղաքացու դիմումն ու որոշում կայացնել: Ըստ նրա` նման կերպ լրատվամիջոցները կամ քաղաքացիները ստիպված չեն լինի ավելորդ քաշքշուկների մեջ ընկնել` փաստաբան վարձել և այլն:

 

Մեր երկրում գործող մամուլի ազատության ներկայիս իրավիճակի մասին զրուցեցինք նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնի «ԶԼՄ օրենսդրություն» առարկայի դասախոս, լրագրող Գոհար Մուրադյանի հետ: Վերջինիս կարծիքով այսօր մեր երկրում մամուլի ազատությունը խնամքով ճնշվում է:

 

«Իհարկե, նախորդ տարիների հմեմատ որոշակի առջընթաց կա, բայց եթե փորձենք գանահատականներ տալ, իսկապես մամուլն այսօր ազատ չէ»,-ասաց նա:

Դասախոսի կարծիքով մամուլի ազատությունն ավելի ճնշվեց Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո: «Եթե հաշվի առնենք մեր ԶԼՄ-ների ֆինանսական կացությունը և այն համեմատենք  վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատասխանատվության չափին,  ստացվում է, որ մեր ԶԼՄ-ներն իսկապես ծանր դրության մեջ են հայտնվում»:

Սակայն, ըստ նրա, եթե լրագրողները լինեն միահամուռ և հասկանան, որ իրենք ձգտում են մամուլի և խոսքի ազատության, կկարողանան ձերբազատվել մամուլը ճնշող ճիրաններից:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ