Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱրտՖեստ» փառատոնի շրջանակներում հերթական ներկայացումը Վ. Կրասնագորովի «Դաժան դաս» գործի հիման վրա բեմականացումն էր: Բեմադրության հեղինակը Գոհար Ղազարյանն էր, իսկ դերասանները` ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դրամատիկական թատրոնի ուսանողները:
Ներկայացումը պատմում էր այն մասին, թե ինչպես, տեղի տալով նյարդերին եւ զգացմունքներին, հանկարծ քո տեսակետները ժխտող արարքներ կարող ես գործել, կամ էլ` հակառակը, մասնագիտական պարտականությունները հաշվի չառնելով` տրվել զգացմունքներին:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Հրաչյա Ղազարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումը թեմատիկայի առումով հետաքրքիր էր եւ շատ կարեւոր:
«Դա արդեն լավ գրավական է ուսանողների համար, որ նրանք մտածում են, թե ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ, եթե այսպես շարունակվի: Դերասանական խաղն ավելի խոհեմ էր, քան մնացած ներկայացումներում, այսինքն` գաղափարը նրանց հուզել է: Հետաքրքիր էր նրանց կապը հանդիսատեսի հետ, կարծես թե կոչ կար աչքերի մեջ` հիշեք, տեսեք, մտածեք, թե ինչ պիտի անենք վաղը»,- ասաց Ղազարյանը:
Իսկ կինոռեժիսոր Նարինե Մալյանը` Հենրիկ Մալյանի դուստրը, այնքան էլ համաձայն չէր Ղազարյանի հետ, նրա կարծիքով` ներկայացումն այնքան էլ ստացված չէր: Ըստ Մալյանի` զգացվում էր, որ ռեժիսորի կողմից լուրջ մոտեցում չկար, տեքստի հետ աշխատանք արված չէր, եւ դերասանները սխալ տեղում էին շեշտը դնում:
«Միգուցե թարգմանած գործ էր, դրանից է, բայց չէ՞ որ այս դեպքում ռեժիսորը պետք է աշխատեր: Ծուլանալ ու կիսատ թողնել գործը` այդ միտումն եմ տեսնում: Մեսիջը շատ կարեւոր էր. ուզում եմ հավատալ, որ ռեժիսորը լուրջ էր մոտեցել գործին: Ուզում եմ համեմատել մեր կուրսային աշխատանքների հետ եւ այդ դեպքում կարող եմ նշել, որ մեր ժամանակների կուրսային աշխատանքները գլուխգործոցներ էին: Այն ժամանակ լուրջ, մանրամասն աշխատանք էր տարվում դերասանի եւ նկարչի հետ»,- ասաց Մալյանը եւ հավելեց, որ, այնուամենայնիվ, ներկայացումն իր ասելիքն ուներ: