Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Աղվերանում ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպել էր ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման երկօրյա աշխատաժողով: Այսօր ամփոփվեցին աշխատաժողովի արդյունքները: Աշխատաժողովին, ի դեպ, մասնակցում էին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և միջպետական բուհերի ներկայացուցիչներ: Նրանք բաժանվել էին խմբերի և քննարկման արդունքում եկել ընդհանուր հայտարարի, թե ինչ փոփոխություններ է պետք անել վարկանիշավորման մեթոդաբանության հարցում:
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տարիների փորձը ցույց է տալիս, որ վարկանիշավորման արդյունքների հրապարակումից հետո բուհերի մոտ որոշակի հարցեր են առաջանում՝ մեթոդաբանության հետ կապված:
«Աշխարհում գոյություն ունի վարկանիշավորման երկու տեսակ՝ ինստիտուցիոնալ և մասնագիտական: Մենք իրականացնում ենք ինստիտուցիոնալ վարկանիշավորում, քանի որ ՀՀ բուհերի քանակը քիչ է, և հնարավորություն չկա մասնագիտական վարկանիշավորման, քանի որ, օրինակ, «Իրավագիտություն» մասագիտությունն ունի ընդամենը մի քանի բուհ, ուստի արդյունքներն անընդհատ կկրկնվեն: Հետևաբար, վարկանիշավորում պետք է անել մեծ խմբերում, որպեսզի ունենանք որոշակի համեմատելի և կոնկրետ արդյունքներ»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց նաև, որ ԿՏԱԿ-ն ուսումնասիրել է աշխարհում իրականացվող վարկանիշավորման բոլոր մեթոդաբանությունները և փորձել վերցնել լավագույնը` բնականաբար, հաշվի առնելով նաև մեր կրթական համակարգի առանձնահատկությունները, որպեսզի այն համահունչ լինի պետական քաղաքականությանը:
ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը նշեց, որ երեք տարի է՝ բուհերի վարկանիշավորման աղյուսակը գլխավորում է ԵՊՀ-ն, սակայն այնպես չէ, որ ԵՊՀ-ն վարկանիշավորման բոլոր չափանիշներով է առաջին տեղում. բուհն առաջին հորիզոնականն է զբացեղնում չափորոշիչների ընդհանուր համադրմամբ:
«Վարկանիշավորման մեթոդաբանության հետ կապված` կան որոշակի հարցեր, որոնք մինչ այս մեր բուհում էլ է քննարկվել. հանձնաժողով ունենք, որը բուհի ռեկտորն է ղեկավարում, որը զբաղվում է այս հարցով, և առանձին գրությամբ ԿԳ նախարարին ենք դիմել, որ որոշակի հարցեր վերանայվեն կամ հանվեն։ Իսկ նման ֆորմատի քննարկումները բերելու են ավելի արդյունավետ և կառուցողական աշխատանքի: Սա կարևոր գործընթաց եմ համարում, քանի որ ցանկացած նմանատիպ նախաձեռնություն խթանում է բուհերի մրցակցությունը: Վարկանիշավորման համակարգը բավականաչափ զգոնացնում է բուհերին, որպեսզի էլ ավելի լավ կազմակերպեն կրթական պրոցեսը»,- ասաց Սարգսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ իրենց խումբը, օրինակ, առաջարկելու է մեթոդաբանության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` առաջին հայտով ընդունվածների թվի հարաբերությունը տվյալ տարում առկա ուսուցմամբ ընդունվածների ընդհանուր թվի համեմատ հաշվարկային մեխանիզմը հանել որպես չափորոշիչ: Ըստ Սարգսյանի` կենտրոնացված ընդունելության համակարգում դա կիրառելի չէ, քանի որ որոշակի բուհեր կան, որոնք կենտրոնացված ընդունելության հետ կապ չունեն և առանձին են կազմակերպում իրենց դիմորդների ընդունելությունը:
«Եվրասիա» միջազգային համալսարանի կարիերիայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանն էլ նշեց, որ բավական վիճահարույց խնդիր է խոշոր բուհերն ու մասնավոր սեկտորը բերել վարկանիշավորման մեկ հարթության վրա: Ըստ նրա, սակայն, կան բանաձևեր, որոնք արհեստականորեն բուհերին բերում են նույն հարթություն: «Բայց թե որքանո՞վ է դա արդարացված և որքանո՞վ է կարելի այդկերպ համեմատության մեջ դնել պետական և մասնավոր բուհերը, չեմ կարող ասել։ Լավ կլինի, որ յուրաքանչյուր բուհի անհատական վերաբերմունք ցուցաբերեն, քանի որ նորաստեղծ բուհին արդեն իսկ անվանի բուհի հետ համեմատելը կարող է թյուրիմացություն առաջացնել»,- ասաց Շահբազյանը:
Նա նշեց նաև, որ վարկանիշավորման մեթոդաբանության մեջ տարանջատում են հիմնական և համատեղությամբ դասախոսական կազմը, որպես չափանիշ` հաշվի են առնում բուհի հետազոտական աշխատանքներում ներգրավված` միայն հիմնական աշխատողներին, ինչը արդարացված չէ, քանի որ համատեղությամբ աշխատողները կարող են ընդգրկված լինել այլ բուհերի գիտահետազոտական աշխատանքներում։
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Հուսիկ Գևորգյանն էլ նշեց, որ երկու օրերին էլ բուռն քննարկում է ընթացել, և դժվարությամբ են ընդհանուր հայտարարի եկել: «Տարբեր բուհեր, տարբեր կարծիքներ, բախումներ… Բնական է, որ որոշումները չպետք է միաձայն անցնեին»,- ասաց նա:
Գևորգյանը նշեց նաև, որ նախկինում բուհերին էին ուղարկում վարկանիշավորման աղյուսակ, և պետք էր այն լրացնել: Աղյուսակը լրացնելիս, ըստ նրա, առաջանում էին բազմաթիվ հարցեր, որոնք պարզաբանումներ էին պահանջում` ըստ բովանդակության և խորության աստիճանի:
«Օրինակ` վարկանիշավորման աղյուսակում չափորոշիչ է դիտարկվում նաև այն, թե բուհի դասախոսներն ինչքանով են ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվում, բայց նույն պահանջը չկա ուսանողների նկատմամբ, և մենք առաջարկում ենք, որ սա էլ հաշվի առնեն: Վարկանիշավորման համակարգը պետք է ունենա լուրջ ինդիկատորներ, և հաջորդ տարի, երբ նոր վարկանիշավորման համակարգ կունենանք, բուհերի մոտ հարցեր չեն առաջանա, թե ինչո՞ւ են իրենք այս կամ այն հորիզոնականը զբաղեցրել: Բացի այդ` քննարկման ընթացքում բոլորս էլ հասկանում ենք` որ բուհն ինչ առավելություն ունի: Օրինակ` ԵՊՀ-ն ունի 20 մասնագիտական խորհուրդ, իսկ մյուսը` 2, պարզ է, չէ՞, որ այդ կետով ԵՊՀ-ն պետք է ավելի բարձր ցուցանիշ ունենա», -ասաց Գևորգյանը` հավելելով, որ երբեմն սեփական բուհում աշխատելով, չշփվելով ու չհամեմատվելով այլ բուհերի հետ, թվում է, թե իրենք ամենաուժեղն են, իսկ երբ ընդհանուր հարթակ է առաջանում, հասկանում ես` որտեղ ես կաղում: Վարկանիշավորումը, ըստ նրա, թույլ է տալիս իմանալ` որոնք են բուհի առավելությունները և թույլ կողմերը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն էլ, ամփոփելով քննարկումների արդյունքները, նշեց, որ իրենք ուզում են ունենալ վարկանիշավորման այնպիսի մեթոդաբանություն, որին, առաջին հերթին, վստահում են բուհերը, հետո միայն մնացած շահառուները:
Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հաստատմանը: