կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 17:25
Հասարակություն

Օրբելու անվան համալսարանի լիցենզիայի կասեցումը քաղաքական հիմքե՞ր ունի

Օրբելու անվան համալսարանի լիցենզիայի կասեցումը քաղաքական հիմքե՞ր ունի

Ապրիլի 10-ից, ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանի համաձայն, դադարեցվել է Լևոն Օրբելու անվան համալսարանի բարձրագույն կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը: Բուհը հիմնադրվել էր 2001-ին, իսկ 2009-ին ԿԳ նախարարության լիցենզավորման բաժինը կասեցրեց բուհի երկու ֆակուլտետների գործունեությունը /օտար լեզու և գրականություն, դիզայներական/:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը նշեց, որ բուհի լիցենզիան կասեցվել է, քանի որ խախտված են եղել կառավարության որոշմամբ հաստատված` «Բակալավրի կրթական ծրագրի լիցենզավորման կարգի» 7-8 պահանջներից 5-ը:

 

«Օրինակ` օրենքի համաձայն` պրոֆեսորադասախոսական անձնակազմի 50 տոկոսը պետք է լինեն տվյալ ուսումնական հաստատության հիմնական հաստիքային աշխատողները, և 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ կոչում: Սակայն պարզվել է, որ պրոֆեսորադասախոսական կազմ բուհն ընդհանրապես չունի, և այնտեղ արձանագրված է, որ 2013թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ` բոլոր աշխատակիցներն ազատված են աշխատանքից, իսկ, որպես պատճառ, աշխատանքային գրքույկներում նշված է` դասաժամերի ավարտելը: Թերի են նաև աշխատանքային պայմանագրերը, և համատեղությամբ աշխատողների պայմանագրերում գործունեության ժամկետներ նշված չեն»,- ասաց Մովսիսյանը:

 

Եթե հաստատությունը չունի սեփական մարզադահլիճը, այն կարող է այլ կազմակերպություններից վարձակալել: Սակայն, Մովսիսյանի հավաստմամբ, Օրբելու անվան բուհը մարզադահլիճից օգտվելու համար Աբովյանի կրթահամալիրի հետ կնքած պայմանագիր ունի, որն օրենսդրությամբ հաստատված չէ, այսինքն` նոտարով վավերացված չէ և չունի դրան համապատասխան` անշարժ գույքի սեփականության վկայական:

 

«Բացի սրանից, ուսումնական պլանները չեն համապատասխանում պետական կրթական չափորոշիչների պահանջներին: 2007-2008թթ. ՀՀ-ում գործում է կրեդիտային համակարգ, իսկ նրանք ամբողջովին չեն անցել կրեդիտային համակարգին, այսինքն` չափորոշիչների պայմանը կատարված չէ: Ներքին կարգերը նույնպես խախտված են` ընդունելության, տեղափոխման, հեռացման կարգերը չեն համապատասխանում նախարարության կողմից հաստատված կարգերին»,- ասաց Մովսիսյանը` հավելելով, որ բուհը շարունակել է ընդունելություն կատարել դեռ 2009-ին նախարարության կողմից կասեցված երկու ֆակուլտետներում:

 

Նա տեղեկացրեց նաև, որ բուհերում լիցենզավորման պահանջներին չհամապատասխանելու երեք չափանիշ կա` նախազգուշացում, տուգանք և դադարեցում, և Օրբելու անվան բուհի դեպքում խախտումներն այնքան շատ են եղել, որ նախարարը որոշել է դադարեցնել լիզենցիայի գործողությունը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում բուհի ռեկտոր Վարդան Զոհրաբյանը նշեց, որ բուհը շարունակելու է գործել, քանի որ այնքան ճիշտ չէ, որ իրենց` տարիների տքնաջան աշխատանքը մեկ որոշմամբ ջուրը գցվի: Ռեկտորը համարում է, որ ԿԳ նախարարի որոշումը քաղաքական հիմք ունի, քանի որ հակառակ դեպքում իրենց նախազգուշացում կտային, ոչ թե լիցենզիայի գործողությունը կկասեցնեին:

 

«Քաղաքական պլան է նախարարի վրա դրված, և այս խմորը դեռ շատ ջուր կուզի: Իի՞նչ անենք, որ մենք էլ ՀՀԿ-ական չենք: Եթե ես հարկ եմ վճարում, ինչպե՞ս կարող եմ աշխատողներիս չգրանցել, հարկայինը վաղուց ինձ տուգանած կլիներ այդ դեպքում: Ես աշխատատեղ եմ ստեղծել, երեխաներին կտրել փողոցից, իսկ իրենք բո՞ւհ են փակում: Մեզ մոտ 10-ից 6-ը լավ է սովորում, էլի լավ է, թե չէ` Երևանում սովորո՞ւմ են, սուրճ են խմում ողջ օրը»,- ասաց բուհի ռեկտորը:

 

Նրա հավաստմամբ` բուհի դասախոսների մի մասը նաև Երևանից են, որոնց ճանապարհածախսն էլ է ինքը փակում: Ի դեպ, Զոհրաբյանը հավաստիացնում է, որ բուհում վարձերն անփոփոխ են արդեն 8 տարի:

 

«Էհ, տարիներ առաջ մեր շենքը ձեռքներիցս առան, տվեցին Արթուր Բաղդասարյանին, հիմա մենք էլ մանկապարտեզի շենքում էինք տեղավորվել: Վերանորոգել էինք, հարմար պայմաններ ստեղծել, նոր գույք գնել. պետական բուհերում իշաոտնուկի վրա են նստում, մեզ մոտ` փափուկ աթոռների: 79 000 կտոր գրականություն ունեմ: 147 ուսանող ունենք, ի՞նչ են անելու նրանք: Ասում են` կտեղափոխվեն Երևան. այ խելոք, եթե մարդը Երևանում սովորելու հնարավորություն ունենար, սկզբից էլ Երևանում կսովորեր: Միայն ամսական ճանապարհածախսը 26 000 դրամ է անում»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ որոշ բուհեր հիմա հերթ են կանգնել, որ իրենց ուսանողներին «փախցնեն»:

 

«Բա եղա՞վ` մեկի դուռը փակեն, 10-ինը բացեն: Պետությունը ոչ մի կերպ չի աջակցում քեզ` բավական չէ, մի բան էլ զրկում է ունեցածիցդ: Մենք մի հաշմանդամ ուսանող ունենք, բուհն էլ դեռ հարմարեցված չէ հաշմանդամությւոն ունեցող անձանց համար, ինչ անենք, էդ երեխան չպե՞տք է սովորի: Գգրկած երկրորդ հարկ եմ բարձրացնում: Էս տարիքիս այսքան պայքարել եմ` էլի կպայքարեմ»,- ասաց ռեկտորը:

 

Ի դեպ, օրենքի համաձայն` բուհը կարող է գործել միայն մեկ տարի անց, եթե այդ ընթացքում բավարարի լիցենզավորման բոլոր պահանջներին: Իսկ Արմեն Աշոտյանի հավաստմամբ` բուհի բոլոր այն ուսանողների համար, ովքեր կցանկանան շարունակել ուսումը ցանկացած գործող բուհում` պետական կամ ոչ պետական, ԿԳ նախարարությունը կստեղծի համապատասխան պայմաններ:

 

Կարինե Հարությունյան