կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 20:36
Հասարակություն

Ռումինիայում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռումինիայում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ:

 

Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում:

 

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ` ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Պատգամավորների պալատի անդամ, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

 

Հայոց Ցեղասպանության հիշատակի առիթով ուղերձ է հղել Ռումինիայի Սիբիու մարզի պրեֆեկտ` Օվիդիու-Իոան Սիտերլին, որում, մասնավորապես, ասվում է. «Միշտ էլ դժվար կլինի ցեղասպանության կապակցությամբ պատեհ խոսքեր գտնել: Մենք գլուխ ենք խոնարհում «Մեծ չարիքին» զոհ գնացածների տառապանքների առջև: Նրանց հիշատակը փոխանցում ենք գալիք սերունդներին, որպեսզի դատապարտված չլինենք պատմության սև էջերի կրկնությանը»:

 

Հայոց Ցեղասպանությունը դատապարտել է Ռումինիայի գնչուական համայնքը: Գնչուների սոցիալական միջամտության և հետազոտությունների կենտրոնի հաղորդագրությունում ասվում է. «Միասին, Թուրքիայում, հիշատակում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը, մանրակրկիտ մշակված մի նախագիծ, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում 1.5 մլն. հայերի կոտորածին` ուղղված վերացնելու նրանց քաղաքակրթությունը և «թուրքացնելու» Անատոլիան: Ի նշան զոհերի և նրանց սերունդների նկատմամբ հարգանքի, գնչուները կոչ են անում բոլորին միանալ իրենց և վերջակետ դնել 100-ամյա ժխտմանը»:

 

Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց Ցեղասպանությանը: Հաղորդման ժամանակ անհերքելի փաստերով հիմնավորելով երիտթուրքական կառավարության գործած ոճիրը և քննադատելով ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` մասնակիցները բովանդակությունից զուրկ և անբավարար համարեցին վարչապետ Էրդողանի տարածած ուղերձը: Հաղորդման ժամանակ հատվածներ ցուցադրվեցին «Ստրունգա» վավերագրական ֆիլմից, որը պատմում է 1923 թ. Ռումինիայի կառավարության կողմից Ստրունգա բնակակավայրում 400 հայ որբերին ապաստան տալու մասին:

 

Նույն երեկոյան Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում է հեռարձակել TVR1 հանրային հեռուստատեսության Կլուժ քաղաքի տեղական ալիքով: Ռումինական հայտնի Adevarul օրաթերթն իր adevarul.ro էլեկտրոնային տարբերակի վրա ապրիլի 24-ին զետեղել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ ծավալուն հարցազրույց «Հայաստանի դեսպան. Եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց և արնածոր վերք» վերնագրով:

 

Ապրիլի 24-ի երեկոյան հիշատակի ցույց տեղի ունեցավ Բուխարեստի Հեղափոխության հրապարակում, որտեղ ներկաներին իրենց խոսքը ուղղեցին սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և գրող Վարդան Առաքելյանը: Նույն առավոտյան Բուխարեստի սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին Բուխարեստում պապական պատվիրակ մոնսենյոր Ֆրանչիսկո-Խավիեր Լոզանոն, Ռումինիայի ուղղափառ, կաթոլիկ, ղպտի և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչներ:

 

Արարողության ավարտին ծաղկեպսակներ զետեղվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Բոլոր միջոցառումների հայ համայնքի կողքին էին նաև քրդական համայնքի ներկայացուցիչները:

 

Եղեռնի 99-րդ տարելիցը նշվել է նաև Ռումինիայի հայաբնակ մյուս քաղաքներում: