կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 16:25
Աշխարհ

Կալիֆոռնիացի ավելի քան 600 դպրոցականներ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կալիֆոռնիացի ավելի քան 600 դպրոցականներ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Հարավային Կալիֆոռնիայից ավելի քան 600 հայ դպրոցականներ հավաքվել էին Մոնթեբելոյում Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ՝ պատվելու իրենց նախնիների հիշատակը և նշելու Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցըտեղեկացնում է Asbarez-ը:

 

Ներկա են եղել դպրոցականներ և ծնողներ Արի Կիրակոս Մինասյան հայկական դպրոցից, Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան դպրոցից, հայկական Մեսրոպյան դպրոցից, Շառլոթ և Էլիզ Մերդինյան հայկական ավետարանական դպրոցից, Հայ քույրերի ակադեմիայից և Սուրբ Նահատակաց Ֆերահյան հայկական դպրոցից:

 

Միջոցառումը տեղի է ունեցել հայկական Մեսրոպյան վարժարանի տնօրեն Դավիթ Ղուկասյանի նախաձեռնությամբ, որն էլ, հայկական դպրոցների տնօրենների անունից, բացման խոսքում ողջունել է բոլոր ներկաներին:

 

Մոնթեբելոյի քաղաքապետ Ջեք Հաճինյանը նույնպես ներկա է եղել միջոցառմանը: Մոնթեբելոյի խորհրդի անդամ Վիվիան Ռոմերոյի հետ նրանք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի՝ Հայոց ցեղասպանության ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման պահանջներին:

 

Բոլոր աշակերտները երգել են «Սուրբերու աչքերը» երգը, որին հետևել է Պաոլա Քասաբյանի  «Ես հիշում եմ» ներկայացումը:

 

«Ձեզանից յուրաքանչյուրը կենդանի հուշարձան է, ձեզանից յուրաքանչյուրը շարունակելու է հայ ժողովրդի պայքարը հանուն արդարության»,- աշակերտներին ուղղված իր ելույթում ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդաժողովի գործադիր տնօրեն Գևորգ Իսկաջյանը:

 

Աղոթքը վարել են Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան առաջնորդարանից հայր Նարեկ Փահլեւանյանը, Արևմտյան թեմից հայր Սարգիս Պետոյանը և Հայ Կաթոլիկե եկեղեցուց վերապատվելի Հենդրիկ Շահնազարյանը:

 

Մարդիկ հեռացել են միջացառումիցտեղի հայկական դպրոցների և համայնքների միասնությամբ և հիշատակի արարողությամբ ոգեշնչված: