կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 15:47
Քաղաքական

Ժողովուրդն ուզում է տրամաբանված քայլեր. Արմեն Ռուստամյան

Ժողովուրդն ուզում է տրամաբանված քայլեր. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրիլի 18-20-ը Աղվերանում գումարված` ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է, որ ՀՅԴ-ն մաս չի կազմելու կոալիցիային և գործելու է ընդդիմության դաշտում:

 

Արմեն Ռուստամյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն պատճառներին, թե ինչու ՀՅԴ-ն հրաժարվեց կոալիցիային մաս կազմել: Նրա խոսքով` Դաշնակցությունն իշխանություններից չի ստացել ամբողջական երաշխիք, որ ընդունելի է իրենց ներկայացրած առաջարկությունների փաթեթը` բաղկացած հայտնի 7 կետից:

 

«Իշխանություններն այդ դուռը բաց են թողել` ասելով, որ դեռ կանդրադառնան այդ յոթ կետերին: Եթե մեր առաջարկություններն ընդունվեին, մենք պատրաստ էինք ստանձնել ամբողջական պատասխանատվություն, որպեսզի հստակ ժամականացույցով իրականացվեին այդ յոթ կետերը: Կոալիցիային մաս կազմելը մեզ համար ինքանպատակ չէ, չէ՞ որ 2009-ին մենք կոալիցիայից դուրս եկանք իշխանությունների կողմից այդ յոթ կետերի խախտման պատճառով: Եվ մեր հարաբերությունը նոր կառավարության հետ պայմանավորված կլինի նրանով, թե որքանով է կառավարությունը իրականացնում այդ յոթ կետերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ այդ պարագայում Դաշնակցությունը պատրաստ է ներդնել իր ներուժը` համակարգային փոփոխություններ իրականացնելու համար:

 

Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականը պահանջելուն, նա նշեց, որ Դաշնակցությունը պետք է համոզված լինի, որ մարդկանց փոփոխությունից հետո կլինի այնպիսի փոփոխություն, որ նույն բանը չկրկնվի: «Մենք դա ասում ենք դառը փորձից, որպեսզի իշխանափոխության արդյունքներից չօգտվեն նրանք, ովքեր արեցին այդ փոփոխությունը, որպեսզի երաշխիք լինի, որ անձանց փոխելուց հետո նույնը չի կրկնվի»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` մարտավարական առումով տեղին է ոչ թե միայն «դեմ» խոսելը, այլև տրամաբանական քայլերի տեսլական ունենալը, քանի որ ժողովուրդն ուզում է տտրամաբանված քայլեր, որն ավելի մեծ շանսեր է ապահովում իշխանափոխության համար: