կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 17:43
Քաղաքական

Ուզում եք դառնալ Ադրբեջա՞ն, բայց առանց նավթի. Արմեն Ռուստամյան

Ուզում եք դառնալ Ադրբեջա՞ն, բայց առանց նավթի. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՅԴ-ի կողմից ներկայացված օրինագիծը հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ լինեն, չունենան ուղղվածություն և չլուծեն այն խնդիրները, որոնք կուտակվել են անկախության տարիների ընթացքում, ուրեմն դրանք անիմաստ են:

 

«Ընտրությունների արդյունքում հաղթողը ստանում է ամեն ինչ, ով չի հաղթում, չի ստանում ոչինչ, սա նույնպես ժողովրդավարություն չէ»,- ասաց նա:

 

Ռուստամյանի խոսքով` Հայաստանում չի կարող ստեղծվել նորմալ կուսակցական համակարգ, եթե իրականացվում է ընդդիմությանը դուրս մղելու քաղաքականություն: «Կողքի Ադրբեջանում հարյուր տոկոս մեծամասնական ընտրակարգ է, ընդդիմություն այնտեղ չկա, ինչ է, ուզում եք դառնալ Ադրբեջա՞ն, բայց առանց նավթի»,- ասաց պատգամավորը:

 

Նրա խոսքով` մեծամասնական ընտրակարգով` որ թեկնածուն շատ կաշառք է տալիս, նա էլ շատ է ձայն հավաքում: «Բացառություններ կարող են լինել, իհարկե, բայց միլիոնից ավելի դոլար են ծախսում` ընտրվելու համար: Եթե այդպես է, ուրեմն թող միանգամից աճուրդ հայտարարեն ու չփչացնեն ընտրողին` ով շատ գումար կառաջարկի, նա էլ կդառնա պատգամավոր, ու այդ գումարը կծառայի տվյալ ընտրատարածքի շահերին: Շատ լավ, արդար ձև է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Ինչ վերաբերում է այն հակափաստարկին, թե կուսակցությունները միշտ նույնն են լինելու, ապա, ըստ պատգամավորի, ամբողջ աշխարհում քաղաքական համակարգը ձևավորվում է կուսակցությունների միջոցով: «Էդ ո՞ր անկուսակցական անհատներն են խորհրդարանում հարցեր լուծում, եթե չմիավորվեն: Այո, կուսակցությունները երկարատև պատասխանատվություն են ստանձնում պատմության մեջ: Դաշնակցությունը 124 տարեկան է, բայց ես, այդքան ժամանակ կուսակցության անդամ չլինելով, պատասխանատու եմ այդ տարիների համար: Իսկ մեծամասնականով ընտրված պատգամավորը ինչի՞ համար է պատասխան տալիս: Երբ ընտրողը գալիս է պատգամավորի մոտ, նա ասում է` այսքան փողդ տվել եմ, գնա, ի՞նչ ես ուզում, և այսքանով ավարտվում է հարաբերությունը պատգամավորի և ընտրողի միջև»,- ասաց Արմեն Ռուստամյանը: