Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
-Ի՞նչ ես դառնալու:
-Գյուղապետ:
10-ամյա Նալբանդյան Վալոդն ապրում է Լոռու մարզի Օձուն գյուղում: Վալոդիկը սովորում է Օձունի միջնակարգ 2-րդ դպրոցում` 4-րդ դասարանում: Հաճախում է նկարչության դասերի` ընկեր Սվետայի մոտ` ինչպես նշեց:
«Օձունը շատ եմ սիրում, հա, քաղաքում երևի ավելի հետաքրքիր ա, բայց քաղաքում էլ բնություն չկա, բնության մեջ վազվզելու ազատությունը չկա: Գյուղում լավ ա, գյուղում ընկերությունը ընկերություն ա»,- մեծի նման ասում է Վալոդիկը:
Նա նկարել շատ է սիրում, տան պատերը պատված են նրա նկարներով, ասում է, որ մեծանա, նկարները ցուցադրելու է նախ` Օձունում, հետո նոր միայն` Երևանում:
2011-ին Օձունում բնակչության թիվը կազմում էր 5310 մարդ, սակայն վերջին տարիներին ծնելիության մակարդակն իջել է, գյուղից հեռացողների թիվը` ավելացել: Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինչպես հանրապետության մյուս մարզերում, մյուս գյուղերում, նույն վիճակն էլ Օձունում է: Նա տեղեկացրեց, որ վերջին տարիներին կառավարության կողմից տրամադրված սերմնացուի, պարարտանյութի և վառելիքի շնորհիվ 20-30 տոկոսով ավելացել են մշակվող հողերը:
«Ծնելիության աճը պակասել է, նախկինում 4-5 երեխա էին ունենում, հիմա առավելագույնը 2-ն են ունենում, բայց մեղադրելու էլ չէ: Գյուղից գնացողների թիվն է ավելացել, ամուսնությունների թիվը` պակասել: Արտագաղթի ամենամեծ պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: Ուրախալի է այն փաստը, որ վերջին տարիներին ավելացել է ուսանողների թիվը, բայց, մյուս կողմից, գնում, Ալավերդիում, Երևանում կրթություն են ստանում ու մնում առանց աշխատանքի»,- ասում է Տիտանյանը:
Նա տեղեկացրեց, որ Օձունում կա մեկ մշակույթի կենտրոն և մեկ արվեստի տուն: Մշակույթի կենտրոնում գործում են խմբակներ` նկարչության, երգ ու պարի, սպորտի, որոնք, Տիտանյանի հավաստմամբ, երիտասարդությանը փողոցից կտրում են: Արվեստի տանն էլ փողային, լարային գործիքներ են սովորեցում նվագել, իսկ գործիքները, համայնքի ղեկավարի տեղեկացմամբ, պարբերաբար թարմացվում են, բայց, մեկ է, էլի թարմացման կարիք կա:
«Մեր հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է, սակայն դա էլ թույլ է զարգացած, քանի որ մեր հողերը` անասնապահական և հողագործության առումով, հեռու են և հարմար չեն մշակման համար: Արդեն 4 տարի է` մեկ հարկակարկտային կայան ունենք, բայց ևս մեկի կարիքն ունենք: Չէի ասի` մարդկանց կենսամակարդակն իջել է, ուղղակի մենք ուզում ենք, որ ամեն ինչ արագ լինի, բայց չպետք է մոռանանք, որ անցումային շրջան ենք ապրել, և դրանից դուրս գալու համար ժամանակ է պետք»,- ասում է Տիտանյանը:
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանն էլ, իր հերթին, նշեց, որ Օձունում կյանքը, եթե անգամ դժվար է, բայց խաղաղ է անցնում: Ըստ նրա` գյուղացիներն ավանդապաշտ են, բոլորն էլ Առաքելական եկեղեցու հավատքը խորապես ունեն իրենց մեջ:
«Ուրախ եմ, որ այս բարեպաշտ ժողովրդին եմ ծառայում: Աստված ինչքան ինձ կյանք կտա, կծառայեմ այս գյուղում: 4 երեխա ունեմ, Աստծո հաջողությամբ, հուսով եմ, էլի կունենամ: Մեր ազգը պարտավոր է շատ երեխաներ ունենալ: Տեսնում ենք` մեր հարևաններ երկրների բնակչության ծնելիության մակարդակն աճում է, իսկ մերը ցածր է: Կուզեի մեզ մոտ, ինչպես նախկինում, 7 որդով սեղան նստեին: Այստեղ մենք ամուսնությունից առաջ հանդիպում-զրուցում ենք զույգերի հետ, հոգեպես պատրաստում, խորհուրդ տալիս` երեքից ավելի երեխա ունենալ»,- ասում է տեր Վրթանեսը:
Տեր հայրը նշում է, թե այնպես չէ, որ կտրուկ աճել է գյուղից գնացողների թիվը, նրանք, ովքեր սիրում են գյուղը, գյուղական կյանքը, մնում են գյուղում` անկախ ամեն ինչից:
Օձունի բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, որ գյուղի առաջնային խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, որից էլ ծայր է առնում սոցիալական վատ պայմանների վատթարացումը:
Մանրամասները` տեսանյութում:
Կարինե Հարությունյան