կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-23 13:02
Արցախ

«Արցախի բոլոր հաջողությունների հիմքը մեր ժողովրդի աշխատասիրությունն է, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը»

«Արցախի բոլոր հաջողությունների հիմքը մեր ժողովրդի աշխատասիրությունն է, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը»

Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:

 

Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը եւ 2015 թվականի մեր կարեւորագույն անելիքներին ու աշխատանքներին: Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Նախագահը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար:

 

Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ չնայած համաշխարհային հարթությունում մի շարք բացասական տնտեսական երեւույթների եւ աշխարհաքաղաքական մրցակցության ազդեցությանը` Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան, կառավարությունը կատարել է ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները` իրականացնելով աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, պարգեւավճարների եւ սոցիալական այլ վճարների չափերի բարձրացում:

 

Բակո Սահակյանը մեր բոլոր հաջողությունների հիմքը համարել է մեր ժողովրդի աշխատասիրությունը, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Ձեռքբերումների հետ մեկտեղ երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ չլուծված խնդիրներին եւ անելիքներին:

 

Նախագահն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն են պահանջում աշխատանքների ճիշտ կազմակերպմանն առնչվող հարցերը, միջնաժամկետ եւ երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակումն ու իրականացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, տեղերում նախաձեռնողականության ցածր մակարդակը:

 

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք: